Երևան +13°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:30 29-05-2023

Բանա՞կ, թե՞ ոստիկանություն. Նիկոլ Փաշինյանի մենթավարության բաստիոնը

Հայաստանի վարչպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջին տարիներին կտրուկ ավելացրել է ոստիկանությանը հատկացվող պետական միջոցները, հստակ ուշադրություն է դարձնում ոստիկանությանը վերազինմանը, ոստիկանության ներսում նոր կառույցների ստեղծմանը և այլն։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հարապետության 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվել է 76.2 միլիարդ դրամ, մինչդեռ 2022 թվականին այն կազմում էր 66.6 միլիարդ դրամ:

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Փաշինյանի կողմից ոստիկանության նկատմամբ նման առանձնահատուկ վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմից, ինչպես նաև դրան հաջորդած տարիներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, և վերջինս ամեն կերպ փորձում է սիրաշահել իր կառույցների ներկայացուցիչներին՝ սեփական իշխանությունն անսասան պահելու համար։

Հատկապես հետպատերազմական իրողությունների և Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերաբար Հայաստանի տարածքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների պարագայում տրամաբանական կլիներ, որ կառավարությունը առավագույն միջոցներն ուղղեր պաշտպանական ոլորտի ծախսերին։ Չնայած նախորդ տարվա բյուջեի համեմատ պաշտպանական ոլորտի ծախսերը 2023 թվականին ավելացվել են 162 միլիարդ դրամով, այնուամենայնիվ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին տիրող իրավիճակը՝ կարող ենք պնդել, որ հատկացված միջոցները չեն համապատասխանում առկա կարիքներին։

Իսկ ինչո՞ւ է նման իրավիճակում երկրի իշխանությունը առավել կարևորում ոստիկանության վերազինումը, քան զինված ուժերի մարտունակությանը, ինչո՞ւ երկրաչափական պրոգրեսիայով բարձրացնում է ոչ թե սահմանապահ զինվորականի, այլ ոստիկանների ու պարեկների աշխատավարձը։ Հաշվի առնելով նման իրողությունները՝ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև փորձագիտական և վերլուծական շրջանակների մոտ մտահոգություն է առաջանում, որ Փաշինյանի կառավարությունն ավելի շատ վտանգ է տեսնում երկրի ներսից, քան արտաքին թշնամիներից։ Այլապես որևէ այլ պարագայում որևէ մեկը չի կարող հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչով է պայմանավորված հետպատերազմական երկրում ոստիկանական ծախսերի նման շեշտակի աճը։

Նիկոլ Փաշինյանը դեռևս ապրիլի 17-ին երբ մասնակցում էր ոստիկանության հիմնադրման 105-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, ծավալուն ելույթով հանդես եկավ, որում, ըստ էության, ինքնախոստովանություն կատարեց, որ սեփական իշխանության պահպանման գործում ոստիկանությունը կարևորագույն դեր ունի։ Նրա խոսքով՝ «ոստիկանությունն այն կառույցն է, որը պետականության ողնաշարն է, և պետականության ողնաշարը պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի»։ Հայստանի ներկայիս վարչապետը, որը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դատապարտում էր ոստիկանության կողմից ուժի կիրառումը, այդ օրը մասնավորապես հայտարարեց. «Ոստիկանությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ ոչ թե ինքնանպատակ, այլ ըստ անհրաժեշտության ուժ կիրառելու, ուժ գործադրելու»:

Վերջինս հիշյալ ելույթի ժամանակ նաև խոստովանեց, որ ոստիկանության համակարգում երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը փաստում է այն իրողությունը, որ երրորդ հանրապետության պատմության մեջ որևէ իշխանություն այնքան կառչած չի եղել ոստիկանությունից և ուժային համակարգից, որքան Փաշինյանի՝ սկզբում թավշյա, իսկ այնուհետև պողպատյա մանդատով օժտված իշխանությունը։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Փաշինյանը ոստիկանության արժեքը լավագույնս գիտակցեց 44-օրյա պատերազմին հաջորդած, ինչպես նաև 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած բողոքի գործողությունների ժամանակ, երբ ոստիկաններն ու ուժային մյուս կառույցները ամուր պահեցին իր իշխանությունը։

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ նախազգուշացնում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության բաստիոն Հայաստանը վերածում է ոստիկանապետության, իսկ վերջինից ազատվելը գրեթե անհնար է լինելու։ Ասվածը փաստում են նաև պարեկային ծառայության աշխատողների անհամեմատ բարձր աշխատավարձերը՝ ինչպես հասարակ քաղաքացիներից, այնպես էլ սահմանապահ զինծառայողներից (վերջիններիս միջին աշխատավարձը չի գերազանցում 200 հազար դրամը)։ Ոստիկանությունից News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ներկայացրել էին պարեկների աշխատավարձերի չափը.

«Ավագ պարեկ, ոստիկանության մայոր կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 511.283 դրամ,

Պարեկ՝
– Ոստիկանության կապիտան կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 495.692 դրամ,

– Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 449.778 դրամ,

– Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա ստաժով՝ 415.047 դրամ,

Կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ ենթասպա կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 371.507 դրամ»:

Հիշեցնենք նաև, որ պարեկ դառնալու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, բավարար են որոշ դասընթացների մասնակցությունը և որակավորման քննությունների հանձնումը, որոնք մի շարք մասնագետներ կասկածելի են համարում:

Ամենից շատ դիտված