Երևան +19°
copy image url
Մշակույթ 11 ամիս առաջ - 21:18 22-05-2023

Այդ երեկո ես նվաճեցի Փարիզը․ այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«Ֆրանսիայում պոետները չեն մեռնում»,- այս խոսքերով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավերժացրեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հիշատակը՝ արտահայտելով ֆրանսիացի ժողովրդի երախտագիտությունը ազգությամբ հայ համաշխարհային մեծությանը։

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից) նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Բայց Ազնավուրի կյանքի ուղին հարթ չի եղել։ Իր «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքում շանսոնիեն պատմում է իր ելույթի և այդ ընթացքում ունեցած վախերի մասին։



«Լույսերը կուրացրին աչքերս, թույլ, քաղաքավարի ծափերը բոլորովին չսրտապնդեցին։ Մոտեցա միկրոֆոնին․ հասակովս չէր։ Փորձեցի ուղղել, զգացի, որ ձեռքերս խոնավ են։ Մարմինս վառվում է։ Սրտխառնուք եմ զգում․․․ Դրա ժամանա՞կն է հիմա։ Քրտնում եմ, խեղդվում։ Ուզում եմ լաց լինել, գրողի ծոցն ուղարկել ամեն ինչ ու փախչել։

Դե՛, բաց արա բերանդ, հիմարի՛ մեկը, հիմա՛ր։ Ի՞նչ ես պապանձվել, բա՛ց արա բերանդ, երգի՛ր։

Դահլիճը չեմ տեսնում։ Տեսնում եմ հսկայական մի մութ փոս միայն, ու ավելի շատ զգում եմ, քան լսում, հանդիսատեսի շնչառությունը։ Լավ գիտեմ, որ մթության մեջ դարանակալ, սառը, բայց ուշադիր հայացքով «ողջ Փարիզը» ինձ է հետևում, պատրաստ՝ ոչնչացնելու կամ երկինք բարձրացնելու։ Նա այստեղ է եկել ներկա լինելու կուռքի կործանմանը կամ նոր աստղի ծննդյանը։



Այս վիճակում կատարեցի չորս երգ։ Հինգերորդ երգն էլ ավարտվեց։ Տպավորությունը այնպիսին է, կարծես դատարկության մեջ եմ երգում։ Ոչինչ չեմ հասկանում։ Այնինչ երգացանկս անթերի է՝ կազմված այնպիսի երգերից, որոնք հետագայում հաղթական ընդունելություն պիտի գտնեն։ Նվագախումբն ու գործիքավորումը հիանալի են։ Բեմադրությունը՝ նոր, մտահղացումներով հարուստ, լուսավորությունը՝ անսովոր։ Այսքանից հետո ոչինչ չի ստացվում։ Էլ ի՞նչ են ուզում ինձանից։

Վեցերորդ երգն էլ վերջացավ։ Մտածեցի, որ ամեն ինչ կորած է։ Դեմքս ողողված է քրտինքի խոշոր կաթիլներով։ Շապիկս ճմրթված է, ամբողջովին թաց։ Բայց դեռ կա յոթերորդ, վերջին երգս՝ ողջ հույսս։

Երգի ավարտի հետ մեջքով կանգնած եմ դեպի դահլիճը։ Լույսերն աստիճանաբար հանգչում են, բեմի խորքում վարագույր է բացվում, որտեղից լուսարձակների լույսը ընկնելով դահլիճ՝ հանդիսատեսների վրա, շլացնում է նրանց՝ յուրաքանչյուրի վրա թողնելով այն տպավորությունը, թե հենց ինքն է արտիստը։ Իսկ ես օրորվում եմ լույսերի տակ, մինչ դանդաղ իջնում է նախաբեմի հաստ վարագույրը։



Մի վայրկյան լռություն տիրեց։ Հուսախաբ մտածեցի․ «Այս անգամ արդեն իսկապես վերջ։ Մահ»։

Հանկարծ ականջիս հասավ բազկաթոռների յուրահատուկ աղմուկը․ «Գնում են»,- անցավ մտքովս ու սիրտս սոսկալի ծակեց․․․ Վարագույրը բարձրացավ։ Ու ես տեսա նրան՝ պրեմիերաների այդ ահավոր հանդիսատեսին՝ լուռ կանգնած իմ դեմ․․․ Ու նոր, նոր միայն ծափ տվին դահլիճը քանդելու աստիճան․․․

․․․․Ես կանգնած եմ ծափերի տարափի տակ, անշարժ, շվարած, արցունքներն աչքերիս։

Այո՛։ Այդ երեկո, մինչ կուլիսներում սերն էր սպասում ինձ, ես նվաճեցի Փարիզը․․․»։