Հայաստանը ներկայացնող անձը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. քաղաքագետ
copy image url

Հայաստանը ներկայացնող անձը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. քաղաքագետ

Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:00 20-05-2023
Նախօրեին տևական դադարից հետո Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ռուսական կողմի միջնորդությամբ։ Վերջին անգամ նման ձևաչափով հանդիպում պետք է կայանար նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, սակայն հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել դրան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինբար շրջափակելու հետևանքով։

Հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Մոսկվայում կայացած բանակցությունները նվիրված էին հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանը։ Լավրովի խոսքով՝ մտքեր են փոխանակել այն իրավիճակի վերաբերյալ, որը ձևավորվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի նոյեմբերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքի համատեքստում։ Վերջինս հայտնել էր, որ այդ պայմանավորվածությունները վերաբերում են Արցախում անվտանգության եւ կայունության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ հանդիպման արդյունքների մասին խոսելը բարդ է, քանի որ հիմնական բանակցությունները կայացել են փակ ձևաչափով, սակայն ինչ-որ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ առաջնային խնդիրը վերաբերել է տարածաշրջանային կոմունիկացիաներին։ Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է մինչև այժմ Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած բանակցություններին։ «Հիմնական շեշտը դրվում է կոմունիկացիաների վրա։ ԵՄ-ի շրջանակներում հայտարարվեց Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու բացման մասին՝ չխոսելով այն մասին, որ այդ նույն երկաթուղին կարող է Իրանը միացնել Հայաստանի հետ և այլն։ Նույն երկաթուղիների մասին խոսակցությունը գնաց նաև Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններում, և նաև մոտ օրերս պետք է հանդիպեն փոխվարչապետները, ովքեր այդ կոմունիկացիաների խնդիրներով են զբաղվում»,- նկատեց քաղաքագետը։

Դանիելյանը միևնույն ժամանակ տարածված հայտարարություններից ենթադրում է, որ մնացած հարցերում որևէ կոնկրետ առաջընթաց դեռևս չի հաջողվել արձանագրել։

Հարցին՝ ինչի՞ մասին է վկայում Լավրովի հայտարարությունն առ այն, որ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ այդ թվում նաև տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում, մինչդեռ Մոսկվան բրյուսելյան և վաշինգթոնյան բանակցություններն անարդյունք էր որակել, քաղաքագետը հիշեցրեց, որ երբ Վաշինգթոնում բանակցություններ էին ընթանում, և Մոսկվան դրանք անարդյունք էր որակում, ամերիկյան կողմից մի հայտարարություն հնչեց առ այն, որ Ռուսաստանն իզուր է բանակցություններին բացասաբար վերաբերվում, և ռուսական կողմը պետք է ոչ թե խանգարի դրանց, այլ օգնի։ Նա նկատեց, որ ըստ երևույթին Վաշինգթոնում ինչ-որ հարցեր են քննարկվել, որոնք Մոսկվայի համար ընդունելի են եղել, և դրա համար կարծիքը փոխվել է։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կընդունի՞ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն այն դեպքում, որ դա ենթադրում Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերում՝ Ստեփան Դանելյանն ընդգծեց, որ Հայաստանը ներկայացնող անձը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչի մասին բազմիցս հայտարարել է։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը Արցախում ապրող հայերի իրավունքների հարցն է, որը հայտնի պատճառներով չեն վստահում Ադրբեջանին, որտեղ հայերի նկատմամբ թշնամություն կա։

«Խոսքը գնում է նրանց իրավունքները երաշխավորելու միջազգային մեխանիզմների մասին։ Ադրբեջանը համարում է, որ ցանկացած միջազգային մեխանիզմ և միջազգային դիտորդների առկայություն օգտագործվել է իր դեմ իր սուվերեն տարածքում՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։ Այդ հիմնական կետն այսօր գործող վարչապետի ջանքերի շնորհիվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը չի վերաբերում, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, քանի որ Ալմա-Աթայի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր՝ ինքնորոշված տարածք Ադրբեջանի կազմում, որն այժմ չի ճանաչում։ Եթե մենք խոսում ենք կարգավիճակի և միջազգային երաշխիքների մասին, դա այլ հարց է, տարածքային ամբողջականության մասին խոսելը՝ մեկ այլ հարց։ Ես կարծում եմ, որ վեճն այդ դաշտում է գնում՝ ինքնորոշման, թեկուզ Ադրբեջանի տարածքում և իրավունքների պաշտպանության միջազգային մեխնիզմների»,- եզրափակեց քաղաքագետը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC

Ձեզ գուցե հետաքրքրի