«Շիրակ» ֆուտբոլային ակումբը դժգոհություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Գյումրին ներկայացնող ակումբը 20 կետով բացատրել է իրավիճակը։
«Շիրակը» դարձյալ պնդել է տեսակետը, ըստ որի՝ Գավաթի եզրափակչում ՀՖՖ-ի կողմից կողմնապահություն է եղել։
«ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն ծանուցում է ուղարկել, որ հարուցել են 12 կետից կազմված վարույթ ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ և անհրաժեշտ է համարել, որ նշված մեղադրանքների մասով «Շիրակը» ներկայացնի սեփական դիրքորոշումը:
«Շիրակի» դիրքորոշումը միանշանակ է. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչից առաջ և ընթացքում կազմակերպող կողմի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի «Շիրակն» այդ երեկո առնվազն հաղթանակ չտանի:
1. Անցած մրցաշրջանում «Շիրակը», ի նշան բողոքի, դադարեցրեց մրցելույթները Պրեմիեր լիգայում՝ տեղափոխվելով Առաջին խումբ: Ինչու՞:
2. Պահանջն էր, որպեսզի ստեղծվի Պրոֆեսիոնալ լիգա (ի դեպ՝ ՀՖՖ ներկայիս ղեկավարության նախընտրական գլխավոր դրույթներից մեկն էր, որը մինչ օրս անհայտ պատճառով իրականություն չի դարձել), որտեղ ակումբներն իրենք կտնօրինեն մրցաշարերը ու ՀՖՖ-ն ազդեցություն չի ունենա վերջնական արդյունքի վրա:
3. Մեկ տարի անց՝ հաշվի առնելով մեր հազարավոր երկրպագուների խնդրանք-պահանջը ու պատասխանատվությունն առաջին հերթին մեր ակադեմիայի սաների հանդեպ, որոշեցինք վերադառնալ՝ չնայած, կրկնում ենք, ոչինչ չէր փոխվել:
4. Վերադառնալուց հետո մեր կողմից ամեն ինչ արվել է ֆեդերացիայի հետ նորմալ գործնական հարաբերություններ հաստատելու համար ու չի եղել դեպք կամ միջադեպ, որը թույլ կտա պնդելու հակառակը:
5. Բավականին համեստ հնարավորություններով, շնորհիվ մեր մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների կատարած աշխատանքի, վերադարձից հետո առաջին փորձից մեզ հաջողվեց դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին հավակնել տիտղոսի:
6. «Շիրակի» նման վերադարձը բնականաբար մեծ ոգևորություն էր առաջացրել առաջին հերթին Գյումրիում ու Շիրակի մարզում: Մեր նպատակն էր իրական ֆուտբոլային տոն պարգևել ոչ միայն մեր հավատարիմ երկրպագուներին, այլ բոլոր ֆուտբոլասերներին:
7. Եզրափակչի նախապատրաստական շրջանում ՀՖՖ-ն պարզապես որոշեց չգրանցել մեր նորեկ Դմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը: Սա այն դեպքում, երբ նույն ՀՖՖ-ն հաստատել էր, որ խաղացողին գրանցելու հետ կապված փաստաթղթային որևէ խնդիր չկա՝ ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան: Ի դեպ, դրանից օրեր առաջ նման ընթացակարգով ֆուտբոլիստ էր համալրել մեր մրցակիցների մեկի շարքերը: «Շիրակի» դեպքում պարզապես որոշեցին չգրանցել և վերջ: Սա առաջին ահազանգն էր մեզ համար, բայց չցանկանալով լարել մթնոլորտը, մենք այս թեման չհանրայնացրինք: Մինչ օրս մեր երկրպագուներին չենք կարողանում բացատրել, թե ի վերջո ինչու մեր նորեկը չի խաղում:
8. Հաջորդ ահազանգը կապված էր մարզադաշտի ու մրցավարների հետ: Կրկին չցանկանալով լարել մթնոլորտը ի վերջո համաձայնեցինք Երևանը ներկայացնող թիմի հետ մրցել Երևանում, սակայն պնդեցինք հրավիրել չեզոք, արտասահմանցի մրցավարների: Ինչու՞:
9. Երբ ասում ենք արտասահմանցի մրցավար, ի նկատի ունենք մեկին, որը որևէ կապ չի ունենա կողմերից մեկի առավել ևս ֆեդերացիայի հետ:
10. Մինչև խաղի նախօրեն ՀՖՖ-ն «Շիրակից» գաղտնի էր պահում մրցավարների անունները: Պարզվեց հրավիրվել է մրցավար, որն առնվազն աշխատանքային հարաբերությունների մեջ է ՀՖՖ-ի հետ: Լատվիացին սպասարկել է Հայաստան-Ռումինիա հանդիպումը (3:2): Դրանից հետո վերջինս հրավիրվել է սպասարկելու նաև Հայաստան-Մոնտենեգրո ընկերական հանդիպումը և վստահաբար այդ աշխատանքի դիմաց գումար է ստացել՝ աշխատավարձ: Կարճ ասած՝ կողմերի միջև ձևավորվել է աշխատանքային հարաբերություններ: Այսինքն արտասահմանցի մրցավար բերելու իմաստն ինքնին կորում է: Կրկին չցանկանալով սրել իրավիճակը այս տեղեկությունն ևս չենք հանրայնացրել մեր երկրպագուների շրջանում, բայց բնական է, որ ակումբի աշխատակիցները և ֆուտբոլիստները քաջատեղյակ էին:
11. Ի վերջո հենց լատվիացի մրցավարը դարձավ եզրափակչի գլխավոր գործող անձը՝ կարմիր քարտ ցույց տալով մեր առաջատար ֆուտբոլիստին, ինչը առավելություն տվեց մեր մրցակցին և արդյունքում զրկեց մեզ գավաթին տիրելուց և եվրագավաթային խաղարկության մասնակցելու հնարավորությունից:
12. Լատվիացին մեր խաղացողին պատժեց քարտով ու հեռացրեց մի դրվագում, երբ ոչ մի կերպ չէր արձագանքում մեր մրցակցի խաղացողների մասնակցությամբ նմանատիպ դրվագների ժամանակ: Ի դեպ, մեր ֆուտբոլիստի դրվագը եզրային գծի մոտ էր՝ մրցակցի տուգանայինից մոտ 40 մետր հեռու:
13. Հիմնական ժամանակին ավելացրեց հինգ րոպե ու սա այն դեպքում, երբ կարմիրը ցույց տալուց հետո ու մեր խաղացողի խաղադաշտից հեռանալը տևեց գրեթե չորս րոպե: Այդ ընթացքում մի քանի անգամ բժիշկները օգնություն էին ցույց տվել ֆուտբոլիստներին, կատարվել էին փոփոխություններ, մրցակիցը գոլ էր խփել ու տոնել: Կարմիր քարտի դրվագում, երբ մրցակցի խաղացողները ժամանակն էին ցույց տալիս լատվիացուն, վերջինս ժեստով հասկացնում էր, որ ֆիքսել է ժամանակը, բայց արդյունքում ավելացրեց 5 րոպե՝ րոպե շուտ խաղը ավարտին հասցնելու համար:
14. Հանդիպման տեսուչը Սլավիկ Ղազարյանն էր: Վերջինս դեռ 1999 թվականին ամեն ինչ արել է, որ «Շիրակը» տիտղոս չնվաճի: «Ցեմենտի» հետ սկանդալային խաղը ամենացայտուն օրինակն է, որի համար մինչ օրս ներողություն անգամ չի խնդրել: Նման կենսագրություն ունեցող անձն այսօր ղեկավարում է ՀՖՖ մրցավարական կորպուսն ու կրկին տուժողի դերում «Շիրակն» է:
15. VAR-ի սենյակում էր Սլավիկ Ղազարյանի որդին՝ Մեսրոպը, իսկ ղեկավարում էր VAR-ը Զավեն Հովհաննիսյանը: Վերջինիս ջանքերի շնորհիվ «Շիրակը» երեք տարի առաջ զրկվեց չեմպիոնական պայքարից: Ի դեպ, «Նոայի» հետ նշված խաղի տեսուչը կրկին Սլավիկ Ղազարյանն էր: Շեշտենք՝ այս տեղեկությունը հատուկ չենք հանրայնացրել կրկին իրավիճակը չսրելու համար:
16. Խաղի մեկնարկից երկու ժամ առաջ լուրջ խոչընդոտների առաջ կանգնեցին Գյումրիի ու մարզի այլ համայնքներից ժամանած երկրպագուները մարզադաշտի անվտանգության աշխատակիցների կողմից: Երկրպագուներին թույլ չէին տալիս մարզադաշտ մտցնել երկրպագուական անվնաս պարագաներ՝ սկսած դրոշներից, մինչդեռ հակառակ կողմում մրցակցի երկրպագուները, մինչև ատամները զինված, ինչ ասես չէին պայթեցնում տրիբունաներում ու զրո արձագանք: Սա ինչ է, եթե ոչ ֆաշիզմ:
17. Այսքանից հետո, ինչ արձագանք էր սպասում ֆուտբոլի ֆեդերացիան: Այն ինչ տեղի ունեցավ խաղից հետո չարյաց փոքրագույնն էր, ինչ կարող էր տեղի ունենալ: Իսկ կարող էր տեղի ունենալ անդառնալին, եթե անարդարությունից զայրացած շիրակցի երկրպագուները, որոնք «Հանրապետականը» վերածել էին փոքր Գյումրիի, ներխուժեին մարզադաշտ: Մեր մեծ ջանքերի շնորհիվ միայն հաջողվեց խուսափել ծանր հետևանքներից:
18. Այսքանից հետո ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է սանկցիաներ կիրառել «Շիրակի» ներկայացուցիչների նկատմամբ, որոնք պարզապես իրենց անհամաձայնությունն են հայտնել տեղի ունեցածի առանչությամբ ու զուգահեռ հնարավորինս փորձել են չսրել իրավիճակը:
19. Ստացվում է՝ «Շիրակին» փորձ է արվում պատժել կրկնակի: Թիմը զրկվել է տիտղոսից, եվրագավաթային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից, ՈւԵՖԱ-ից ակնկալվող ֆինանսական միջոցներից, անձնակազմն էլ գավաթը հաղթելու լրացուցիչ բոնուսներից, քաղաքը եվրագավաթային խաղ ընդունելու տոնից: Պարզվում է՝ սա բավական չէ, պետք է նաև պատժել թիմի ներկայացուցիչներին:
20. Արդյունքում այսօր Գյումրիում տիրում է մի մթնոլորտ, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով ու վստահեցնում ենք՝ ՀՖՖ որոշումից է կախված կստանա այս ամենը շարունակություն, թե ի վերջո այնքան խոհեմ ու իմաստուն կգտնվենք, որ կգնանք իրավիճակի թուլացման:
Հ.Գ. Խաղից հետո տեղի ունեցածին դեմ ենք առաջին հերթին մենք: Կարծում ենք՝ ֆուտբոլում նման միջադեպերը տեղ չունեն: Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեր սաների համար և մեր նպատակն է, որ վերջիններս մշտապես ականատես լինեն արդար խաղի ու արդար մրցակցության: Վստահ ենք՝ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար պետք է պայքարել ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։