Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:30 18-05-2023

Թուրքիայում նախագահի ադրբեջանցի թեկնածուի դիրքորոշումը երկրորդ փուլում կարող է վճռորոշ լինել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 14-ին Թուրքիայում կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այս ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի քաղաքական կյանքում, որոնց արդյունքներով էլ պայմանավորվելու է երկրի հետագա քաղաքականությունը ամենատարբեր հարցերում։ Չնայած Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» դաշինքի անդամ կուսակցություններին հաջողվեց խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանել և ստանալ մանդատների կեսից ավելին, այնուամենայնիվ նախագահական ընտրություններում Էրդողանին չհաջողվեց հաղթել առաջին փուլում, ինչը վերջինս շատ էր ցանկանում, այնուամենայնիվ ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ, որը կկայանա մայիսի 28-ին։

Այս համատեքստում Թուրքիայում ներկայումս չափազանց հետաքրքիր և լարված ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ այս օրերին Թուրքիայում ամենից շատ քննարկվող հարցն այն է, թե ընտրությունների արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած և ձայների ավելի քան 5 տոկոսը ստացած ծագումով ադրբեջանցի թեկնածու Սինան Օղանը որ թեկնածուին կաջակցի՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՞ն, թե՞ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի և Քլըչդարօղլուի ստացած ձայների տարբերությունը կազմում է մոտավորապես 4 տոկոս, ապա Սինան Օղանի դիրքորոշումը կարող է որոշիչ լինել ընտրությունների վերջնական ելքի վրա։

Նշենք, որ ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ծնվել է ներկայիս Թուրքիայի Իգդիրի նահանգում, և վերջինս ընդգծված հակահայ գործիչ է, ով միևնույն ժամանակ կարող է նաև հայկական արմատներ ունենալ։ Վերջինիս սերում է Իգդիրի այրումներից, որոնք մի շարք թյուքագետների կարծիքով ծագում են միջնադարում քաղկեդոնականություն ընդունած և հետագայում ամբողջովին ձուլված հայ-հոռոմներից։ Այրումներ այժմ կան Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում, բայց այրումական խաների տան ներկայացուցիչները բնակվում են միայն Իրանում՝ մասնավորապես Խոյում, և բավական ջերմ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ, ինչպես մնացյալ իրանցիներն ընդհանրապես։

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ պնդում են, որ Սինան Օղանի մասնակցությունն այս ընտրություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նվերն էր իր մեծ եղբորը, և չափազանց մեծ հավանականությամբ վերջինս երկրորդ փուլում կա՜մ չեզոքություն կպահպանի, կա՜մ կաջակցի Էրդողանին։ Օղանը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում ինչպես Թուրքիայի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության հետ և փորձում է սակարկությունների արդյուքնում իր համար կորզել առավելագույնը։

Թուրքիայի նախագահի ադրբեջանցի թեկնածուն ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածուին աջակցելու համար վերջինից պահանջում է երկրի փոխնախագահներից մեկի պաշտոնը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քըլըչդարօղլուն Օղանին առաջարկել էր իր ապագա կաբինետում նախարարի պաշտոն զբաղեցնել, սական Օղանը մերժել էր՝ պահանջելով ավելին։ Թուրքիայի սահմանադրությունը երկրի փոխնախագահների թիվը չի սահմանափակում, այն թողնված է նախագահի հայեցողությանը։ Եթե Սինան Օղանի այս պահանջը ընդդիմությունը բավարարի, ապա Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում Թուրքիան կունենա միանգամից ութ փոխնախագահ․ ավելի վաղ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի առաջնորդները պայմանավորված էին ձեռք բերել, որ հաղթանակի պարագայում երկրի փոխնախագահներ են նշանակվելու դաշինքի անդամ մյուս հինգ կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև Քըլըչդարօղլուի գլխավորած Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամներ, Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։

Սակայն եթե նույնիսկ Քըլըչդարօղլուն Օղանին փոխնախագահի պաշտոնում նշանակելու պահանջը, ապա վերջինիս ցանկությունները դրանով չեն սահմանափակվի։ Ադրբեջանցի գործիչ Թուրքիայի ընդդիմությունից պահանջում է հուշագիր ստորագրել և բացառել որևէ համագործակցություն քրդամետ քաղաքական ուժերի հետ։ Այս տարբերակը չափազանց անիրատեսական է և չի բխում Քըլըչդարօղլուի շահերից, քանի որ քրդամետ կուսակցությունների աջակցության շնորհիվ կարողացել է Էրդողանին հաղթել երկրի արևելյան քրդաբնակ նահանգներում, իսկ առանց այդ աջակցության վերջինիս հաղթանակը բացառվում է։

Ինչ վերաբերում է իշխանություններին, որոնց հաջողվել է խորհրդարանում մեծամասնություն ստանալ, ապա վերջիններս շարունակում են ակտիվ քարոզչություն իրականացնել, որպեսզի Էրդողանը հաղթի ընտրությունների երկրորդ փուլում։ Հաշվի առնելով Թուրքիայի սահմանադրության առանձնահատկությունները, որը երկրի նախագահին օժտել է գրեթե անսահմանափակ լիազորություններով, ապա նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուի հաղթանակը կարող է առ ոչինչ դարձնել խորհրդարանում ձեռք բերած մեծմասնությունը, քանի որ նոր նախագահը կարող է լուծարել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել։

Էրդողանի քաղաքական թիմն առավելապես իր քարոզչությունը կառուցում է արտաքին քաղաքանության և այս բնագավառում Թուրքիայի արձանագրած հաջողությունների վրա։ Այսօր հայտնի դարձավ, որ Էրդողանի նախաձեռնությամբ հաջողվել է ևս մեկ անգամ երկարաձգել Ստամբուլի հացահատիկային նախաձեռնությունը, որը համարվում է Էրդողանի ամենախոշոր դիվանագիտական ձեռքբերումներից մեկը։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի իշխանությունները փորձում են բնակչությանը համոզել, որ ընդդիմության հաղթանակի դեպքում վերջինիս ներկայացուցիչները կձախողեն երկրի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչը Թուրքիայի համար կունենա աղետալի հետևանքներ։ Այսօր հերթական անգամ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել էր Քըլըչդարօղլուի հակառուսական հռետորաբանությունը՝ նշելով, որ դրանից տուժում է երկրի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտը։

Այսպիսով Թուրքիայում նախընտրական քարոզարշավը շարունակվում է, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը գործադրում են առավելագույն ջանքեր՝ բնակչության համակրանքը շահելու համար։ Չնայած մի շարք փորձագետներ համոզված են, որ Էրդողանին երկրորդ փուլում կհաջողվի հաղթանակ տանել, այնուամենայնիվ քիչ չեն այն կարծիքները, որ երկրորդ փուլում ընդդիմությանը կհաջողվի միավորել գործող նախագահից դժգոհ բնակչության բոլոր շերտերին, որոնց մի մասն օրինակ առաջին փուլում նախընտրեց չգնալ ընտրատեղամասեր կամ իրենց ձայնը տալ մյուս երկու թեկնածուներին, իսկ երկրորդ փուլում կձգտեն ամեն գնով վերջ տալ Էրդողանի իշխանությանը։

Այս վարկածը հիմնվում է նաև Ստամբուլում 2019 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների փորձի վրա, երբ առաջին ընտրություններում ընդդիմության թեկնածուն հաղթեց ձայների չնչին տարբերությամբ, սակայն իշխանությունները չեղարկեցին ընտրությունների արդյունքները, իսկ կրկնակի ընտրություններում ընդդիմությունը համոզիչ հաղթանակ տարավ՝ ձայների շուրջ 10 տոկոս տարբերությամբ։ Միևնույն ժամանակ չափազանց կարևոր նշանակություն ունի նաև Սինան Օղանի վերջնական դիրքորոշումը, որը էլ կարող է պայմանավորել ընտրության վերջնարդյունքը։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
15:35 Գարեգին Նժդեհի մետրոյի կայարանից հեռացվել են Սարդարապատի հերոսների նկարները
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
21:09 Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
20:10 Ըստ էության. Ես չեմ գնում Փաշինյանի հետ հեծանիվ քշելու, որ ինքը հասկանա՝ պիտի հրաժարական տա․ Գեղամ Նազարյան
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի