Ջալալից մինչև Կուճիր Միշկա․ ովքեր են 44-օրյա պատերազմից հետո կալանավորված գեներալները
copy image url

Ջալալից մինչև Կուճիր Միշկա․ ովքեր են 44-օրյա պատերազմից հետո կալանավորված գեներալները

Ներքին 1 տարի առաջ - 23:11 26-04-2023
44-օրյա պատերազմից հետո բարձրաստիճան զինվորականների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր։ Կալանավորվեցին Հայաստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ։ Քրեական հետապնդում սկսվեց այն անձանց նկատմամբ, ովքեր բանակի մաս էին կազմում և պատերազմի շրջանում զբաղեցնում էին կարևոր պաշտոններ։

1․ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին առաջադրվեց մեղադրանք, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի օրերին՝ նախքան ծանր վիրավորումը, Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտը ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ։ Ըստ իրավապահների՝ նրա գործողությունների հետևանքով հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի երկրորդ դրվագը Ֆիզուլիում զինվորների շրջափակմանն է վերաբերում։ Ըստ Քննչական մարմնի՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի մոտակայքում նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ կրակային դիրքի ուղղությամբ, նրանց շարքերում երևացել են նաև Հայաստանի Զինված ուժերի համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ այդ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Այս ամենի հետևանքով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում․ 20 զինծառայողներ են զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

2․ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

3․ Միքայել Արզումանյանի կալանքը կրկին երկարացվել է։ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար, կալանավորված է։ Միքայել Արզումանյանը կամ արցախցիների համար հայտնի Կուճիր Միշկան, ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները․ հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։ Միքայել Արզումանյանը չի ընդունում մեղադրանքը։

4․ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Գրիգորի Խաչատուրովը 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ հաջողությամբ կանխել է ադրբեջանական առաջխաղացումը Տավուշում։ Սարդարապատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Խաչատուրովն արժանացել է «Մարտական խաչ» առաջին շքանշանի՝ մարտերում ունեցած դերի համար։ 2021 թվականին գեներալ Խաչատուրովը մեկն էր այն 40 սպաներից, ովքեր ստորագրեցին Հայաստանի ռազմական հուշագիրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ձեզ գուցե հետաքրքրի