Նա ժուժկալ էր սիրո, վայելքների, անգամ ընկերության մեջ․ այսօր Րաֆֆու հիշատակի օրն է
copy image url

Նա ժուժկալ էր սիրո, վայելքների, անգամ ընկերության մեջ․ այսօր Րաֆֆու հիշատակի օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 23:07 25-04-2023
Րաֆֆու գաղափարախոսությամբ սերունդներ են կրթվել։ Մեր գրականության մեջ չկա մի երկրորդ անուն, որն իր վեպերով այդքան խորությամբ ու ծավալով ներկայացներ իր ժողովրդի պատմությունը, մտահոգությունները, հոգսերը, կենցաղը։ Նրա գրչի տակ կենդանացել է թե՛ պարսկահայ, թե՛ տաճկահայ, թե՛ ռուսահայ կյանքը։ Րաֆֆին հաճախ հայացքն ուղղում է պատմության խորքը՝ այնտեղ փորձելով գտնել իր ժամանակի խնդիրների լուծման բանալին։

Այսօր հայ նշանավոր գրող, հրապարակախոս Րաֆֆու հիշատակի օրն է։

Հայտնի է, որ Րաֆֆին ապրել է նյութական սուղ պայմաններում, սակայն նրա վեհ հոգին երբեք չի աղարտվել նյութապաշտության նշույլով։ Սակայն Րաֆֆին լավ գիտեր գումարի արժեքը, հատկապես երբ խոսքը գնում էր այս կամ այն գրքի հրատարակության մասին։



Շիրվանզադե իր հուշերում պատմում է «Կայծերի» երկրորդ հատորի հրատարակության գումարի հայթայթման մասին և միաժամանակ լավագույնս ներկայացնում այս ազնիվ հայի սակավապետ բնավորությունը։

«Մի օր լսեցի, որ Րաֆֆին իր բարեկամ Գաբրիել Միրզոյանի հետ գնացել է Բաթում:

Րաֆֆին չափազանց գաղտնապահ մարդ էր իր մասնավոր գործերի վերաբերմամբ: Բայց ամենքը գիտեին, որ նա գնացել է Մելիք-Հայկազյանից խնդրելու տպագրության ծախքը: Նա կարծել էր, որ Միրզոյանն էլ այն գործի համար է գնում, որպեսզի օգնե իր բարեկամին իր միջամտությամբ:

Բաթումում պարզվում է, որ Միրզոյանը իր սեփական գործի համար է եկել, այն է` խնդրելու, որ գնդապետը ապահովե մի մանկական ամսագրի ծախքերը: Գաղտնիքը պարզվելով երկու բարեկամներին շփոթեցնում է: Բարեկամությունը չի փչանում: Րաֆֆին Բաթումից վերադարձավ ուրախ:

Նա ինձ խնդրեց հանձն առնել գրքի տպագրական սրբագրությունը:

-Բայց ես երբեք գիրք չեմ սրբագրել, կարող եմ շատ սխալներ անել,- ասացի ես:

-Փույթ չէ, վերջին սրբագրությունը ես եմ անելու: Միայն աչքերս ցավում են, չեմ կարող երեք անգամ սրբագրել:

Ես ընդունեցի Րաֆֆիի առաջարկությունը, և «Կայծերի» երկրորդ հատորը լույս տեսավ մի երկու ամսից հետո, որքան հիշում եմ, 1885 թվի սկզբին:



Րաֆֆին վերին աստիճանի ժուժկալ էր թե՛ ուտել-խմելու, թե՛ զբոսանքների և թե՛ մանավանդ կանանց վերաբերմամբ: Սիրո մասին նա գաղափար չուներ, միայն մի անգամ նա ասաց հեգնաբար.

-Գիտեք, ես 15 տարեկան հասակումս Պարսկաստանում հափշտակվել էի մի գեղեցիկ պարսկուհով:

-Հետո՞:

-Հետո Պարսկաստանից հեռացա, մոռացա:

Սուտ էր այն տարածված լուրը, թե նա սիրային հարաբերության մեջ է Ն. Դ. անունով մի կնոջ հետ, որի ամուսինը վաճառական էր: Նախ և առաջ այդ կինն ապրում էր Ռուսաստանում և հետո երբ եկավ Թիֆլիս, երբեք ես չտեսա Րաֆֆիին նրա հետ: Արծրունին էր, որ հափշտակվեց այդ կնոջով պղատոնապես, և այդ հափշտակության հետևանքը եղավ «Էվելինա» վեպիկը:

Ես ճանաչում էի այդ կնոջը: Գեղեցիկ էր, բայց ոչ հրապուրիչ:

Րաֆֆին երբեք մի կամ երկու բաժակ գինուց ավելի չէր խմում: Ընկերության մեջ նա ամենից ժուժկալն էր:

-Այ մարդ, մի անգամ ժողովվինք, գնանք Օրթաչալ քեֆ անելու,- ասաց մի անգամ Ղազարոս Աղայանը:

Բոլորս համաձայնվեցինք, կարողացանք համոզել և Րաֆֆիին: Մոտ քսան հոգի էինք: Կերանք, խմեցինք, որը երգեց, որը պարեց, որը ուղղակի հարբեց: Քուռ գետի ափի վրա էինք, մի սքանչելի ծառուղիի վրա: Եղանակը ջերմ էր, արեգակը` պայծառ: Րաֆֆին ամբողջ ժամանակ մնաց նստած միևնույն տեղը, միևնույն դիրքում՝ գդակը գլխին, հաստ ձեռնափայտը ձեռքին: Նա շարունակ ժպտում էր, երբեմն արտասանելով հատ-հատ դարձվածներ սրախոսության նման:

Հետևյալ օրը, փողոցում հանդիպելով, նա ինձ ասաց.

-Այ տղա, երեկ ի՜նչ լավ քեֆ արինք:

-Այո՛, մանավանդ Դուք, պարոն Րաֆֆի,- հեգնեցի ես:

-Այո՛, ես երեկ շատ ուրախ տրամադրության մեջ էի»:

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»