Մշակույթ 3 տարի առաջ - 22:01 21-04-2023

Իսահակյանի և Կոմիտասի հանդիպումը Փարիզի հոգեբուժարանում

Պատմում է Վիգենը հոր՝ Ավետիք Իսահակյանի Փարիզում անցկացրած տարիների (1930-36թթ) մասին.

«Հայրս որոշել էր մի տխուր այցելություն կատարել, տեսնել Կոմիտասին, որն ավելի քան տասը տարի ապրում էր աշխարհից մեկուսացած մի հոգեբուժարանում` «Վիլժույիվ» անունը կրող փարիզյան արվարձաններից մեկում:

Այցելությունը նախաձեռնեց մեր հարևանուհին` օրիորդ Մարգարիտա Բաբայանը` Կոմիտասի երբեմնի աշակերտուհին: Նույն օրը՝ երեկոյան ընթրիքի պահին, ես խնդրեցի հորս և մորս, որ պատմեն իրենց այցելության մասին: Մայրս հուզված լռում էր: Հայրս պատմեց, որ հեշտությամբ գտան բուժարանը…

Գլխավոր բժիշկը ուղեկցել էր նրանց Կոմիտասի սենյակը… Կոմիտասը կանգնած էր լուսամուտի մոտ և նայում էր պարտեզին` հետևելով հիվանդների խաղերին: Շուռ էր եկել, ճանաչել էր հորս և ասել. «Դո՞ւ ես, Ավետիք, որտե՞ղ էիր, այդ ինչո՞ւ այդքան ուշացել ես»:

Նայել էր Մարգարիտային և նույնը հարցրել:

Մարգարիտան պապանձվել էր, բան չէր կարողացել ասել, լաց էր եղել, համբուրել Կոմիտասի ազնվական ձեռքերը: Իր ձեռքով ասեղնագործած թաշկինակներ էր բերել, դրել Կոմիտասի ծնկներին: Հայրս շատ էր հուզվել, արցունքները չէր կարողացել թաքցնել: Ճանապարհին գնած կարմիր խնձորները դրել էր սեղանին և ասել. «Կոմիտաս, հիշո՞ւմ ես Էջմիածինը, լիճը, ամառվա շոգին լողանում էինք…»:

Կոմիտասը նայել էր հորս, տխուր ժպտացել, մի քանի քայլ էր արել, մոտեցել էր սեղանին, իր դալուկ մատներով շոյել էր ալ խնձորները և հանկարծ, դառնալով դեպի հորս, մտահոգված հարցրել էր. «Ավետիք, որտե՞ղ են թղթերս, գրվածքներս, որտե՞ղ են, այրվե՞լ են, այրվե՜լ… ամենուրեք կրա՜կ, արյո՜ւն …»:

Հայրս հուզմունքը հաղթահարելով, ասել էր. «Թղթերդ այնտեղ են` Էջմիածնում, քո սենյակում, դաշնամուրդ էլ այնտեղ է` լավ պահպանված»: Այնտեղ բոլորը քեզ են սպասում …Գարունը կգաս, անպայման կգաս»:

Կոմիտասը թերահավատ լսել էր, միամիտ ժպտացել, կարծես ուրախացել էր: Սակայն մի ակնթարթում ամեն ինչ փոխվել էր, հոգին մռայլվել, դեմքը դարձել էր վշտով լի, ողբերգական, շուռ էր եկել, ճակատը հպել էր փափուկ պատին` ձեռքով նշաններ անելով, որ հեռանան…Հայրս վերջացնում էր խոսքը, երբ դուռը թակեցին:

Մարգարիտան էր, տակավին լաց էր լինում… Բերել էր հետը մի ալբոմ` Կոմիտասի և երգչախմբի դեղնած լուսանկարներով: Պատմում էր այն երջանիկ տարիներից, երբ Կոմիտասը երգչախմբով շրջել էր Եվրոպայով մեկ և ամենուրեք` Վիեննայում, Բեռլինում, Հռոմում, իրենց համերգներով զարմացրել երաժշտական աշխարհին: Կոմիտասն աշխարհի առջև բաց էր արել հայ երաժշտության գանձերը»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան