ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ստորագրություններ է հավաքում, որպեսզի Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բանն այն է, որ երեկ ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չհամաձայնեց, նրան միացան այլ ընդդիմադիր պատգամավորներ։ Ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց։
Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց` հիշեցնելով, որ այդ մասին հայտնել է դեռ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որտեղ ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Պարբերականի տեղեկություններով` նրա ստորագրահավաքին խմբակցությունից մի քանիսն արդեն միացել են, սակայն մեծ թվով պատգամավորներ դեռ մտավախություն ունեն, որ իրավական հիմքեր չկան պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովում, խորհրդարանական մեծամասնության հերթական խուլիգանությունն էր, այն, ինչի մասին ես հրապարակային ասել եմ։ Թագուհի Թովմասյանը, երբ խորհրդարանական ընդդիմությունը միացյալ որոշում կայացրեց վայր դնել խորհրդարանական ղեկավար կազմի պաշտոնները, պետք է վայր դներ հանձնաժողովի նախագահի մանդատը, ինչպես բոլորը դրեցին, այդ թվում փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, դա փաստ է, որ կոպտագույն սխալ էր պահելը հանձնաժողովի նախագահի մանդատը հանձնաժողովի նախագահի՝ Թագուհի Թովմասյանի կողմից։ 14 տարի ես, լինելով հանձնաժողովի նախագահ, ես հրաշալի գիտեի, որ խորհրդարանում և խորհրդարանից դուրս՝ միջազգային կառույցները, իշխանություն փոխելու համար, զրոյական նշանակություն ունի։ Այսօր, ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, որովհետև Թագուհի Թովմասյանը երեկ ընդամենն իրականացրել է քաղաքական ակցիա։ Մենք հիշում են, ես դահլիճում նստած եմ եղել, երբ հեղափոխության օրերին Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը ԱԺ ամբիոնից ակցիա էին իրականացնում, և այն ժամանակ ոչ նախագահող կազմը, որ նստած էր՝ ԱԺ նախագահն ու տեղակալները, որևէ գործողություն չարեց։ Մենք շատ հանգիստ հետևում էինք իրենց քաղաքական ակցիային, և ես երեկվանից սպասում եմ դատախազի ընկերուհի ՄԻՊ-ի արձագանքին, ընդդիմության և ընդդիմադիր կին պատգամավորների հանդեպ, այո՛, նույնը իրենք արեցին իմ նկատմամբ պատերազմից հետո, երբ իմ քննադատությունը այս իշխանությանը բավականաչափ կոշտ էր։ Տարբեր բարձրաստիճան բանագնացներ, եթե իրենք հերքեն, ես կհրապարակեմ այդ բանագնացների անունները, փորձում էին ինձ հետ բանակցել, որ պետք է առնվազն իջեցնեմ իմ քննադատոթյան դոզան, որը, բնականաբար ես մերժել եմ, որից հետո ինձ ասվել է, որ այդ դեպքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից կզրկեն, ինչը նախաձեռնեցին ու արեցին։ Հիմա ես չգիտեմ՝ իրենք ինչ-որ բառ գտա՞ն, թե իբր ես վիրավորել եմ ժողովրդին, այս պահին ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ իրավական հիմք պետք է գտնեն՝ պաշտոնից հեռացնելու Թագուհի Թովմասյանին։ Եթե նրանք նման որոշում կայացնեն, ապա դա ընդամենը տեխնիկայի հարց է»։
Հիշեցնենք` երեկվա միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։