Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:01 12-04-2023

Ազատության երգչի բանտարկության ծանր օրերը․ այսօր Միքայել Նալբանդյանի հիշատակի օրն է

Ազատության երգիչ Միքայել Նալբանդյանի տողերը 19-րդ դարից մեզ՝ 21-րդ դարի զավակներիս ուղղված կոչ ու պատգամ են․

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին,
Արյուն ու կրա՜կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Այսօր Միքայել Նալբանդյանի հիշատակի օրն է։

Լինելով իր ժամանակի ամենալուսավոր անհատականությունը՝ Նալբանդյանը շատ հաճախ է հայտնվել քննադատության կիզակետում։ Զինակցելով Չերնիշևսկուն, Գերցենին, Օգարևին՝ նա անվեհեր ու անձնվեր պայքար մղեց ճորտատիրության և ցարիզմի դեմ՝ հանուն համառուսական դեմոկրատական հեղափոխության: Իր ամբողջ տաղանդը նա ծառայեցրեց այդ մեծ նպատակին:

Հայտնի է, որ 1862 թ․ Նալբանդյանը բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում։ Նրան մեղադրում էին Լոնդոնի պրոպագանդիստների՝ Գերցոնի և Օգարևի հետ կապ ունենալու մեջ։

Այդ ժամանակ նա գտնվում էր հայրենի Նոր Նախիջևանում։ Եկատերինոսլավի ժանդարմական խմբի պետ Բաբկո Պոտապովիչը երկու ժանդարմի ուղեկցությամբ խուզարկում է Նալբանդյանների բնակարանը, բռնագրավում է բազմաթիվ թղթեր, թերթեր, լուսանկարներ, հայերեն և ռուսերեն զանազան նամակներ և ձերբակալելով Նալբանդյանին՝ տանում է Եկատերինոսլավ: Նալբանդյանի ձերբակալությունը մեծ հուզմունք է առաջացնում Նոր Նախիջեւանի հասարակության մեջ։

Նալբանդյանը բանտարկված էր Պետրոպավլովյան բերդի Ալեքսեեւյան ռավելինի N 8 խցում:

Արտաքին գործերի մինիստրության թարգման Ասկարխանովը քննիչ-հանձնաժողովին է հանձնում «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունից թարգմանված քաղվածքները, իր եզրակացության հետ միասին: Քաղվածքները կատարված են աշխատության այն մասերից, ուր մերկացվում և խարազանվում են բուրժուական օրենքները սեփականության, «ազատության, հավասարության և եղբայրության» մասին, բուրժուական պետությունների, այդ թվում նաև ցարական Ռուսաստանի գաղութային դաժանաբարո քաղաքականությունը՝ «քաղաքակրթություն» կեղծ անվան տակ: Ասկարխանովը նշում է, որ գիրքը գերազանցորեն ուղղված է տիրող պետական կարգերի դեմ: Քննիչ-հանձնաժողովը, ծանոթանալով «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունից Ասկարխանովի կատարած քաղվածքներին և եզրակացնելով, որ այդ գրքում «պարսավանքի է ենթարկվում Ռուսաստանում և ուրիշ պետություններում գոյություն ունեցող կառավարական եւ հասարակական կարգը», որոշում է հարցաքննել Նալբանդյանին, թե ինչ նպատակով է նրան ուղարկված վերոհիշյալ գրքույկը:



Բանտարկված լինելով սառն ու ցուրտ ամրոցում՝ Միքայել Նալբանդյանը շուտով ձեռք է բերում խրոնիկ հոդացավ։ Բերդի հիշատակարանում նշում է, որ չնայած առողջությունը մի քիչ բարելավվել է, բայց «տակավին շատ տխուր է: Լերդն ու գլուխը ցավում են»:

Հայտնի է, որ բանտում նա շարունակում էր ստեղծագործել։ Իր նշանավոր «Կրիտիկան» ևս նա գրել է Պետրոպավլովյան ամրոցում։ Նրան տեսակցել թույլատրվում էր միայն հարազատներին, որոնցից միշտ գրքեր էր խնդրում։

«Առանց գրքերի չափազանց ձանձրալի է, իսկ ես քեզ արդեն գրել եմ, որ հիվանդության հետևանքով ամենևին չեմ կարող մի լուրջ բանով զբաղվել։ Մի հոդված անգամ մեր քաղաքի մասին չեմ կարողանում գրել. գլխացավը, անիծված լյարդի մեծանալուց առաջացած կողքիս ցավը, ինձ զրկում են պարապելու հաճույքից: Դժվարությամբ եմ նստում մի հասարակ նամակ գրելու համար»,- նամակներից մեկում տրտնջում է գրողը։

Շուտով Նալբանդյանի բանտային պայմաններն էլ ավելի են խստացվում։ III բաժանմունքի պետ իշխան Դոլգորուկովի հանձնարարությամբ՝ Պետրոպավլովյան բերդի պարետ Սորոկինին տեղեկացվում է, որ Նալբանդյանին «կարող են թույլ տրվել գրական զբաղմունքներ, պայմանով միայն, որ նրա կազմած հոդվածները ներկայացվեն «նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի երրորդ բաժանմունք»»: Փաստորեն, բանտում նա ենթարկվում էր խիստ գրաքննության։

Օր օրի ավելի ու ավելի էր խորանում Ազատության երգչի հիվանդությունը։ Նա գրում է եղբորը․ «Դուք երևի հիշում եք, որ մեր տեսակցության պահին ես գանգատվում էի տենդային կացությունից, որով բռնված ես զարթնեցի երկուշաբթի առավոտյան: Տեսակցությունից հետո տենդս ուժեղացավ, իսկ երեկոյան դեմ փոխվեցավ խստագույն պարոքսիզմի, այնպես որ բժիշկ Կեպեն հավանորեն ավելի չի դողացրել՝ որոնելով Ֆրանկլինին բևեռային սառույցների մեջ»:

Մի քանի օր անց բերդի հիշատակարանում նշում է հիվանդության վատթարանալը․ «15-ին տկարությունս շարունակվում է ամենայն կատաղությամբ. բոլոր մարմինս ուռած է՝ ոտից մինչև գլուխ, և գիշերը ջերմ ունիմ, այսինքն՝ ցրտություն, բայց լուսադեմին քրտինք: Քուն չկա իսպառ... 15 լույս 16 զարհուրելի գիշեր անցուցի. 5 ժամը (առավոտյան) զարկել էր, որ քնեցի, այն էլ 7-ին զարթեցա քորից և ցավից: Քրտինք ունեի»:

1865 թ․ Նալբանդյանին աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք։

Բանտից դուրս գալու ժամանակ Նալբանդյանի առողջական վիճակի մասին Մ. Տեր Գրիգորյանը գրում է. «... Հիվանդությունն այն տեղը հասուցել էր նորան, որ ճանաչել կարելի չէր. այն աստիճանի լղարել էր, որ միայն ոսկոր ու կաշի էր դարձել. էլ առաջվա աշխուժությունն ու կենդանությունն վրան չէր մնացել. բոլոր բարեկամների ու ծանոթ ների սիրտը մղկտում էր՝ նայելով առաջվա կրակոտ հայկազնի ուրվականի վրա»:

Բերդի բժիշկ Սուլթանշահը, Նալբանդյանին տված բժշկական վկայականում թվելով նրա հիվանդությունները՝ վերին և ստորին վերջավորությունների խրոնիկական հոդացավ, աջ կողքատակի պլևրի խրոնիկական բորբոքում, թոքերի բշտիկների լայնացում, շնչափողի խրոնիկական կատառ, լնդախտ՝ օրգանիզմի լիակատար հյուծվածության եւ ուժասպառության պայմաններում, գրում է. «Այս հիվանդությունները պահանջում են գործուն և ամենաեռանդուն բժշկություն, որին և ձեռնարկված է ներկայումս:
Հիվանդության տեւողությունը հայտնի չէ, սակայն հիվանդի կասկածելի վիճակը, համենայն դեպս, պահանջում է նրան բնակության ուղարկել տաք կլիմա ունեցող վայր՝ արմատապես բուժվելու համար, այլապես հիվանդի կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում... »:

Ցավոք, Կամիշինի մեղմ կլիման այլևս հրաշքներ գործել չէր կարող, և 1866 թ․ ապրիլի 12-ին Նալբանդյանը վախճանվում է։

Սարատովի նահանգապետից թույլտվություն է ստացվում Նալբանդյանի դիակը, նրա վերջին ցանկության համաձայն, Նոր Նախիջևան տանել:

Նոր Նախիջևանի նավահանգստում Նալբանդյանի դիակը դիմավորում է քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը, արտասովոր հանդիսավորությամբ, պատվով և երաժշտությամբ, ինչպես վկայում են պաշտոնական փաստաթղթերը և ժամանակակիցները:

Նալբանդյանի դագաղը տարել են քաղաք՝ Դոնի ափից մինչեւ Լուսավորիչ եկեղեցին փռված կարմիր մահուդի վրայով:

Ժողովուրդը խուռն բազմությամբ, Նալբանդյանի դագաղը ձեռքերի վրա պահած, տանում է քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Խաչ վանքը: Ամեն հարգող մարդ աշխատում էր մի անգամ, մի քանի վայրկյան բռնել սիրելի գրողի դագաղը:

Դա վառ, կենդանի արտահայտությունն էր այն ջերմ համակրանքի ու խոր հարգանքի, որ ժողովուրդը տածում էր մեծ հայրենասերի նկատմամբ, միաժամանակ դա մի զորեղ ցույց էր հայ ռեակցիոներների և ցարական կառավարության դեմ:

Օվսաննա Իսրայելյան