Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 19:11 08-04-2023

Հայ դասականները թարգմանվել են ու երրորդ անգամ վերահրատարակվում են իսպաներեն

Օրերս Իսպանիայում լույս է տեսել “Antologìa de la literatura armenia” («Հայ գրականության անթոլոգիա») գիրքը։ Անթոլոգիան կազմել և հայերենից իսպաներեն է թարգմանել իրավաբան Անի Խաչատրյանը։

Սա գրքի երրորդ՝ լրամշակված տպագրությունն է։
Առաջին անգամ հայ գրողներին իսպաներեն թարգմանելու առաջարկն Անին ստացել է 2008-ին` «Կարենա» հրատարակչության տնօրեն Խոսե Մեմբրիվեից։

Հրատարակիչը շատ տպավորված է եղել Մարկ Մորտեի «Արարատի զավակները» նովելով եւ ցանկացել է ավելին իմանալ Հայաստանի ու հայ գրականության մասին։



«Մեր երկրի սահմաններից դուրս ապրողներս ստանձնում ենք պարտքի զգացում։ Այդ զգացումը խառնում ենք կարոտ ու սիրո հետ, ստանում համով միքս ու դրանով սնվում ամեն օր։ Արթնանում ու քնում էի մտածելով էլ ինչ անել` Հայաստանիս ու Գյումրիիս համար և երբ ստացա այս առաջարկը, դա չընդունեցի որպես պարզ առաջարկ, այլ որպես սփյուռքահայի պարտքը վերադարձնելու միջոց»,- նշում է իրավաբան-թարգմանչուհին։

Պատմվածքներն ընտրելիս Անին շեշտը դրել է ոչ թե հեղինակների, այլ կոնկրետ գործերի վրա։

«Սկսեցի Թումանյանի «Գիքոր»-ից, հետո հերթը Նար-Դոսի «Ես եւ նա»-ինն էր, որին հաջորդեց Իսահակյանի «Փողի համը» ու «Այդ ոչինչը ես եմ»-ը։ Ամենավերջում թարգմանեցի Դեմիրճյանի «Ավելորդը»։ 2010-ին տպագրված երկու հրատարակություններում էլ առկա էր նաեւ մեր երկրի համառոտ պատմությունը։ Այս անգամ պատմության էջերը փոխարինեցի Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» գործով։ Իսպանիայում հայերիս ճանաչողների մեծ մասը մեզ գիտի, որպես ցեղասպանություն վերապրած ազգ։ Երևի թե սա հանդիսացավ պատճառ, որ նոր լույս տեսնող անթոլոգիայի համար թարգմանեմ Զեյթունցյանի այս պատմվածքը»։

Հեռավոր 2010-ին տպագրված գրքի առաջին և երկրորդ հրատարակությունը՝ 1500 օրինակ, շատ արագ սպառվել էր։ Թարգմանչուհին համոզված է, որ այս անգամ էլ գնորդների պակաս չի լինելու։



Անի Խաչատրյանը նախատեսում է նաև գրքի շնորհանդես նախ Բարսելոնայում, ապա նաև Իսպանիայի այլ քաղաքներում։ Ի դեպ, ապրիլի 23-ին Բարսելոնայում տոնում են Սուրբ Ջորդիի տոնը, երբ տղաներն իրենց սիրեցյալներին վարդ են նվիրում, ինչին ի պատասխան աղջիկները նվիրում են գիրք։ Այդ օրվա կապակցությամբ Անին հրատարակչության կողմից հրավեր է ստացել ստորագրություն-վաճառքին ներկա գտնվելու։

«Երբեմն մտածում եմ, որ սա ընդհանրապես իմ աշխարհը չէ։ Եկե՛ք համաձայնենք, որ այս ամենը չոր ու ցամաք իրավաբանի աշխարհից շատ է հեռու, բայց ամեն դեպքում այս զգացողությունը անսահման հաճելի է»,- եզրափակում է Անին։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից