«Ինձ սարսափեցնում է քար լռությունը, որ չգիտենք՝ ինչ անենք։ Այս անորոշությունը մեզ ավելի է գցում խառնաշփոթի մեջ, քան ստեղծված իրավիճակը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց կամավոր Մեսրոպ Հովհաննիսյանը (Մոս)։
Մեսրոպ Հովհաննիսյանը պարբերաբար լինում է սահմանային դիրքերում, կրկին ճանապարհին է։ Ասում է՝ անորոշությունը վատ խորհրդատու է․ «Գոնե իմանանք՝ ինչ կա անելու։ Ասենք՝ համախմբվեցինք ու ուզում ենք սահման պահել․ մեզ զենք ո՞վ կտա»։
Մովսես Հովհաննիսյանի խոսքով՝ համախմբումը պետք է համազգային լինի․ «Ցավոք, ազգին դնում են համբոների ու գիքորների տեղ, ու այստեղ պառակտում է առաջանում։ Հայ զինվորի բարձր կերպարն է տուժում, ո՞նց կարելի է հայ զինվորին չկրակելու հրաման տալ։ Չկրակելու հրամանը ո՞րն է։ Ես չեմ հասկանում՝ ո՞նց են կարողանում մեզ հուսալքված ազգ սարքել»։
Կամավոր Մեսրոպը միշտ պատրաստ է սահամային դիրքերում գտնվել և պայքարել, բայց նահանջ բառը չի ընկալում․ «Եթե ես սահմանին եմ ու տեսնում եմ, որ թշնամին առաջ է գալիս, իմ տուն է գալիս, ո՞վ կարող է լինել իմ հրամանատարը։ Այդ պահին ես հրամանատար եմ համարում Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին, Մոնթեին, Մխիթար Սպարապետին ու Դավիթ Բեկին։ Իմ հրամանատարը այդ ժամանակ գալիք սերնդի աչքերի մեջ պարզ նայելն է։ Ես չեմ կարող ինձ դնել Գիքորի տեղը»,-ընդգծում է։
Հովհաննիսյանը չի հասկանում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքորոշումը։
«Գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող իրեն դնել Համբոյի տեղը, որ էս անտերությունը մնա, ու համախմբվածությունը պառակտվի։ Ամեն մեկը դարձել է իր ստամոքսի գերին։ Այսօրվա դրությամբ մտածում են՝ հարյուր դրամ որտեղից ճարեն, որ մի փոր հաց ավել ուտեն։ Մարդկանց դարձրել են կառավարվող զանգվածներ, որովհետև սպառնում են, մեկին, ասենք, գործից հանելով, մյուսին՝ ուրիշ տարբերակով։ Իրավիճակը սա է, ու պետք է սթափվել»,-հորդորում է։