Մինչև տարեվերջ Բերձոր քաղաքում հազարավոր մարդիկ են բնակվելու. Ալիևը խոսել է Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի վերաբնակեցման ծրագրերի մասին
copy image url

Մինչև տարեվերջ Բերձոր քաղաքում հազարավոր մարդիկ են բնակվելու. Ալիևը խոսել է Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի վերաբնակեցման ծրագրերի մասին

Արտաքին 2 տարի առաջ - 20:00 28-03-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այն բանից հետո երբ Բերձոր քաղաքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, հանձնարարել է առանց ժամանակ կորցնելու սկսել քաղաքի վերակառուցման գործընթացը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է օկուպացված Բերձորում իր հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ ավելի քան երկու տարի է, ինչ իրականացվում է համանուն շրջանի վերակառուցումը։ Նա հիշեցրել է, որ Բերձորի շրջանում միջազգային օդանավակայան է կառուցվում։ Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում երբևէ օդանավակայան չի եղել, և իրենք օդանավակայանի տեղն ընտրելիս մեծ դժվարությունների բախվեցին, քանի որ թռիչքուղու կառուցման համար հնարավոր չէր հարթ տեղ գտնել։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ օդանավակյանը կառուցվում է բարդ լեռնային տեղանքում, և հավանաբար այն շահագործման կհանձնվի 2024 թվականի վերջին, կամ 2025-ի սկզին։

Ադրբեջանի ղեկավարը նաև հայտնել է, որ մեկնարկել է Քարվաճառ-Բերձոր ճանապարհի վերակառուցման գործընթացը։ Ալիևի խոսքով՝ ինքը Քարվաճառից մեքենայով գնացել է Բերձոր։ Նա նշել է՝ չնայած ճանապարհն այնքան էլ մեծ չէ, սակայն չափազանց դժվար է և վտանգավոր, ներկայիս ճանապարհից գրեթե անհնար է օգտվել։

«Խորհրդային տարիներին այդ շրջաններում ապրած մարդիկ շատ լավ հիշում են, որ ճանապարհը շատ դժվար էր, շատ դեպքերում օձաձև ճանապարհ էր և շատ վտանգավոր։ Դրա համար մենք վերակառուցում ենք այս ճանապարհը, շատ թունելներ են կառուցվելու։ Ընդհանուր առմամբ, մեր թունելների մեծ մասը գտնվում է Քալբաջարի և Լաչինի շրջաններում, իսկ Մուրով լեռան տակով անցնող թունելի երկարությունը կազմելու է մոտ 12 կիլոմետր։ Այսպիսով, բացում ենք Գոյգոլ թաղամասից դեպի Արևելյան Զանգեզուր տանող ճանապարհը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ արագ տեմպերով կառուցվում է նաև Որոտան(Կուբաթլու-խմբ)-Բերձոր ճանապարհը։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ առաջին փուլում Բերձոր քաղաքում կառուցվում է մոտ 500 առանձնատուն, ինչպես նաև վերակառուցվում են առկա տները։ Նրա խոսքով՝ վերակառուցվում, կամ հիմնովին վերանորոգվում են ութ բարձրահարկ բնակելի շենքեր, կառուցվում են ավելի քան 30 հասարակական շենքեր։ Ալիևը հայտնել է, որ իր հանձնարարությամբ՝ այս աշխատանքները պետք է ավարտվեն մինչև այս տարվա ավարտը՝ շեշտելով, որ դա միայն աշխատանքների առաջին փուլն է։

«Այս տների թիվը ցույց է տալիս, որ այս տարվա վերջում հազարավոր մարդիկ են ապրելու Լաչին քաղաքում, իսկ այս տարի լաչինցիները վերադառնալու են հայրենիք» ,- նշել է նա։

Ալիևը շեշտել է, որ Բերձոր քաղաքում Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից մզկիթ կկառուցվի։ Նրա խոսքով՝ սրան զուգահեռ մեկնարկել է նաև Աղավնո և Ներքին Սուս գյուղերի վերակառուցման գործընթացը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Աղավնոյում կբնակեցվի 1000, իսկ Ներքին Սուսում՝ ավելի քան 300 մարդ։

Նա հավելել է, որ դրսում ապրող հայերը Աղավնոյում նոր տներ կառուցեցին, որտեղ այժմ տեղակայված են Ադրբեջանի զորամասերի անձնակազմերը։ Նա ասել է նաև, որ Աղավնոյի բնակիչների համար բոլորովին նոր գյուղ է կառուցվում։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ