Ներքին 3 տարի առաջ - 09:48 16-03-2023

Կորոնայից ինչ կա, կորոնայից․ Թորոսյանի երկու գրառումները՝ ասես ոչինչ էլ չի եղել

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության նիստից հետո մինչ մամուլը շարունակում է «գուժել» Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի վախճանը, վերջինս այսօր հարություն է առել։

Թունդ ընդդիմադիր երկու ստատուսներից հետո՝ ասես ոչինչ էլ չի եղել դեմքով, Թորոսյանը ևս երկու գրառում է արել՝ մեկով առաջարկելով Զվարթնոց օդավանակայանը անվանակոչել Շառլ Ազնավուրի անունով, մյուսով ներկայացրել քաղաքացիների ընդունելությունը։

Մինչդեռ հանրությունը ակնկալում էր Թորոսյանի գրառման մեջ կարդալ, թե «վերջը ինչ եղավ, արջն իր ականջին ինչ ասաց, հիմա համակարգն է փչացած․ Փաշինյանը, թե Թորոսյանը»։

Կամ գոնե հանրությունը ակնկալում էր կարդալ Թորոսյանի մեղայական ստատուսը, որ «ղալաթ եմ արել, որ Աստծո դեմ՝ այսինքն՝ սիրելի վարչապետիս դեմ ստատուս եմ գրել»։

Կա նաև երրորդ տարբերակ, Թորոսյանը կարող էր արժանապատիվ քայլ անել և մանդատը վայր դնել՝ նշելով, որ եթե հարազատ թիմում իրեն չեն հավատում, անիմաստ է լինել այդ թիմի անդամ և ունենալ մանդատ։

Բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ էլ չեղավ, ինչը նշանակում է, որ կամ բոլորը սպասում են նախաքննության ընթացքին, կամ էլ քաղաքական իշխանությունը վախենում է հաշվեհարդար տեսնել Թորոսյանի հետ տարբեր պատճառներով՝ կոմպրոմատներ, սորոսական հենարան և այլն։

Ինչևէ, Թորոսյանի երեկվա գրառումները նույնքան տարօրինակ և էքսցենտրիկ են, ինչքան նույն ինքը՝ Թորոսյանը, նրա քաղաքական թիմի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը։ Դա մոտավորապես նույնն է, երբ կինը բռնացնում է ամուսնուն հենց իր անկողնում սիրուհու հետ դավաճանելիս, կռվում են, համարյա հասնում ԶԱԳՍ բաժանման, բայց հաջորդ օրը նույն կինը ասես ոչինչ էլ չի եղել դեմքով սուրճ է պատրաստում ամուսնու համար, շարունակում են շփվել։

Հանրությունը այսպիսի «դեմոկրատիա» ոչ պատրաստ է, ոչ էլ հավատում է, մենք լեգիտիմ իրավունք ունենք իմանալու, թե վերջը ինչ եղավ կամ «Նունեն ոնց ա» ոճով՝ կորոնայից ինչ կա, կորոնայից։

Ձեզ գուցե հետաքրքրի