Ադրբեջանին մեկ զիջմանը հաջորդում են ավելի կոշտ պահանջները․ քաղաքագետ
copy image url

Ադրբեջանին մեկ զիջմանը հաջորդում են ավելի կոշտ պահանջները․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 18:39 15-03-2023
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված մամուլի ասուիսում, անդրադառնալով ստորագրվելիք որևէ փաստաթղթի առկայության վերաբերյալ հարցին, նշեց, որ եթե նման փաստաթուղթ լինի, ապա դա լավ նորություն է, և նշեց, որ 2-3 օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքը՝ խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ։

Քաղաքագետ Արա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած մտքին, ասաց, որ միևնույն ժամանակ այդ ամենին զուգահեռ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ։

«Սա ուղիղ նշանակում է այն, որ եթե նույնիսկ որևէ դետալով առաջընթաց կա, ենթադրենք, ինչ-որ մի դետալով փոխզիջմամբ տարբերակի համաձայնվում է Ադրբեջանը, մեկ այլ դետալով գալիս է ավելի կոշտացնելու իր պահանջները, սա ընդհանրապես դիվանագիտության մեջ ընդունված տարբերակ է։ Քեզ համար անէական որևէ հարցով զիջել, բայց մեկ այլ հարցով պնդել ու ավելի կոշտացնել քո դիրքորոշումը․ սա ակնհայտ է, անգամ մինչև վարչապետի հայտարարությունը»,- ասաց Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ստորագրել մի փաստաթղթի տակ, որում հաշվի են առնված ՀՀ կենսական շահերը։

«Ադրբեջանը երբեք ՀՀ-ի կենսական շահերը սպասարկող որևէ հարցում չի համաձայնելու, սա նաև, ըստ էության, ասաց վարչապետը, երբ որ փորձեց պատկերավոր բացատրել, որ Ադրբեջանը համարում է, որ ինքը հաղթած է, և ինչ ասի, պետք է Հայաստանը կատարի։ Այս մասին մենք բազմիցս խոսել ենք, երբ որ ասում էինք, որ այդպես է լինելու հատկապես այն դեպքում, երբ որ Ադրբեջանը տեսնում է զիջումների հնարավորություն Հայաստանի կողմից։ Տեսեք, պատահական չէ, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը զորքերի կուտակում է սկսել ՀՀ-ի և Արցախի սահմանին, պատահական չեն նաև Իրանի հայտարարությունները, որոնք արդեն իսկ վկայում են այն մասին, որ հասել են կրիտիկական մակարդակի, և Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած գնով սպասարկել իր շահերը։ Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում որևէ էական հաջողություն պարզապես չի կարող լինել, որովհետև Ադրբեջանը գտնում է, և դա հաստատեց Հայաստանի վարչապետը, որ ինչ ասի, պետք է հայկական կողմը դա կատարի։ Իր պահանջների կատարումը, ըստ էության, Ադրբեջանը տեսնում է Հայաստանում ներկայումս ստեղծված կոմֆիգուրացիան, որը Ադրբեջանի համար բավականին նպաստավոեր է այն իմաստով, որ Հայաստանի բնակչությունը՝ հասարակությունը, պառակտված է, չկա մոբիլիզացիոն որևէ կենտրոն, և ըստ էության՝ չկա նաև դիմադրություն ադրբեջանական պահանջներին, և այստեղ նաև Փաշինյանի մեկ այլ խոսույթ կարող ենք վերցնել, համադրել, այն, որ խոսում էր Նախիջևանի հայկական համայնքի մասին՝ վտարանդի և այլն՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ այ իրենք չեն խրախուսել այդպիսի համայնքների գոյությունը կամ պահանջը, բայց չեն էլ խոչընդոտում, ինչը ևս նշանակում է, որ ՀՀ-ի իշխանությունները գուցե հասկացել են, որ Ադրբեջանի հետ ներկայումս որևէ բանակցություն պրոդուկտիվ չի լինելու, որովհետև միշտ ավելի մեծ պահանջներ են դրվելու, և սա Ադրբեջանի ռազմավարությունն է եղել Նոյեմբերի 9-ից սկսած առնվազն»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով այն մասին, որ որևիցե փաստաթղթի ստորագրումից հետո էլ Հայաստանը երաշխիք չունի, որ Բաքուն կկատարի իր պարտավորությունները, քաղաքագետն ասաց. «Այստեղ երկրորդ խնդիր չկա, և վարչապետն էլ իր բերանով ասում է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանից ստանալ փաստաթուղթ, որը կլեգիտիմացնի իր կողմից արցախահայության ցեղասպան քաղաքականությունը, այսինքն՝ կատարել ցեղասպանություն և անընդհատ հղում կատարել ՀՀ-ի հետ կապված պայմանագրին և ասել՝ դուք իրավունք չունեք միջամտելու մեր ներքին գործերին, այ սա է խնդիրը, և բացի այս՝ խոսվում է ՀՀ-ի նկատմամբ նոր տարածքային պահանջների ներկայացման մասին, որի մասին մեր մոտ չեն խոսում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ստանալ պայմանագիր, որով ՀՀ-ի նկատմամբ կձևակերպի իր տարածքային հավակնությունները, և սա անգամ ՀՀ վարչապետն է հաստատում»,- ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված