Ներքին 3 տարի առաջ - 18:59 10-03-2023

Ահավոր պահ է․ Սեյրան Օհանյան

«Ես հոգեհանգստի եմ մասնակցում, մարդիկ են նստած ու մեկնաբանություն անել չեմ կարող, ահավոր պահ է»,- Օragir․News-ի հետ զրույցում ասաց հայ ռազմական գործիչ, Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Սեյրան Օհանյանը հաստատեց, որ մարտի 8-ին մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը իր ազգականն է՝ հորեղբոր թոռը։

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց․ «2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված վիճակում»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։

Քննչականից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցառումները կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։