Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պլատոնի նավն ու նավավարը և Նիկոլի պագրիշկան ու տրամբլյորը
Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կախվածությունն իրեն մինչ այժմ հավատացող մեր հայրենակիցներից է, ովքեր հայտնի պատճառներով իրողություններն էմոցիոնալ կերպով են ընկալում։ Ուստի Նիկոլ Փաշինյանի հանրային հաղորդակցության բովանդակության առյուծի բաժինը էմոցիոնալ ձևակերպումներ են, պարզ, «ժողովրդական» այլաբանություններ իր որոշումները լեգիտիմացնելու կամ իր ձախողումներն արդարացնելու համար։ Ընթերցողը հավանաբար կհիշի խոստացված սահմանադրական փոփոխությունների (սուպերվարչապետական համակարգի ապասարում) հապաղման բացատրությունը՝ խորովածի այլաբանությամբ, որ սահմանադրության հապճեպ փոփոխությունը նույնն է, ինչ թեժ կրակի վրա արագ պատրաստված խորովածը, որի երեսը վառված է, իսկ ներսը հում է մնացել։ Կենցաղային երևույթների վրա հիմնված այլաբանություններն (տուն, ուտելիք, մեքենա), ըստ էության, ամենահասկանալին են, ինչից վարպետորեն օգտվում է Փաշինյանը և ինչերի վրա աշխատում են նրա խորհրդականները (երանի թե այդքան ռեսուրսը բարի նպատակների ծառայեր)։ 2021-ի վերջերին շքեղ ավտոմեքենաների գնումների մասին աղմկահարույց դեպքի տպավորությունը ցրելու համար (այն ժամանակային առումով համընկել էր Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման ու Հայոց բանակի կողմից նոր զոհեր տալու հետ) Փաշինյանը գործի դրեց կառավարական մեքենաների ճանապարհներին խափանվելու, «տրամբլյորի փչանալու», վարչապետ վիճակով մեքենան հրելով ընթացքի գցելու վերաբերյալ պրիմիտիվ ստերը, որոնք նույնիսկ միջին վիճակագրական վարորդի մոտ պետք է որ պատռեին ստախոսի դիմակը, բայց ինչևէ․․․ Նման քարոզչական էժանագին հնարքներ շատ է կիրառել Փաշինյանը, որոնցից վերջինը Բեռլինում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը հայտնած այն միտքն էր, որ իրեն վստահված պետությունը նման է մի ավտոմեքենայի, որը վարելիս անիվն ամեն վայրկյան կարող է դուրս թռչել։ Այս մի քանի բառը բավական է, որ ոչ լավ օրից նրան վստահող մեր հայրենակիցները անեն հետևյալ հետևությունը․ ի՛նչ աստիճանի քանդված պետություն է ժառանգություն ստացել Փաշինյանը, որ այդ ժառանգությունն ստանալուց հինգ տարի անց էլ այն դեռ նման է մի մեքենայի, որի «պագրիշկեն կարող ա դուրս թռնի»։
Պետության, քաղաքականության, իշխանության ու լիդերի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելիս հին հույն փիլիսոփա Պլատոնը (Ք․ա․ 427-347թթ․) ևս այլաբանության մեթոդին էր դիմում (կներեք, որ խղճուկ Պլատոնին նույն տեքստի մեջ հիշում եմ Մեծն Փաշինյանի կողքին)։ Քաղաքական գործչին նա համեմատում էր ջուլհակի, բժշկի և նավավարի հետ։ Վերջին այլաբանության մեջ պետությունը նմանեցվում է նավի, որտեղ նավատերը ժողովուրդն է։ Նավը լողում է ծովում տարբեր վտանգների պայմաններում և որտեղ անձնակազմի ներսում նավաստիների մոտ գայթակղություն կա դառնալու նավավար։ Շատ չխորանալով Պլատոնի այլաբանության բուն թիրախների մանրամասնությունների մեջ, հակիրճ նշեմ, որ եզրակացությունն այն է, որ լավ նավավարը պետք է կարողանա վերհանել ներքին ու արտաքին բոլոր անբարենպաստ պայմանները և մեծ վտանգի դեպքում նավն անվնաս հասցնել նավահանգիստ։
Անգամ եթե չհամարենք, որ Նիկոլը նավը միտումնավոր է խորտակման տանում (միակ փրկարար մակույկն իր ձեռքին է), ապա ակնհայտ է, որ նա չի տիրապետում անհրաժեշտ կարողություններին՝ վերհանելու նրա ընթացքի վրա ազդող բացասական պայմանները։ Կորոնավիրուսն ու 44-օրյա պատերազմը մի կողմից նրան արդարացնելու ամենատարածված թեմաներն են, բայց մյուս կողմից նրա առնվազն ապիկարության կարևորագույն ցուցիչներն են, որովհետև առաջինի հարուցած զոհերը կարող էին էապես քիչ լինել, իսկ երկրորդը կարող էր և տեղի չունենալ։ Եվ եթե այդ երկու ողբերգական ազդեցություններից հետո էլ նրան շարունակվում է վստահվել նավը կամ մեքենան, ապա սպասենք նոր ու ավելի մեծ ողբերգությունների։ Այդ մասին նա ինքն է մեզ պարզ ասում․ ասում է, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում (ցեղասպանություն), ինչի դեպքում անգամ չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը նոր պատերազմ չսկսի ՀՀ-ի դեմ։
Պլատոնի նավավարը Աթենքի ստրատեգն է, որն ընտրվում էր ամեն տարի, այսինքն՝ նրա գործունեությունը քննվում ու նրա պաշտոնավարման շարունակականությունը որոշվում էր յուրաքանչյուր տարի։ Մեր պարագայում հակառակ օրինաչափությունն է գործում։ Ձախողումների, փորձանքների ու ողբերգությունների թիվն աճում է Նիկոլի կառավարման շարունակմանը զուգընթաց։ Այսպես, եթե նրա տրամաբանությամբ, ինքը ժառանգել է շատ անսարք ավտոմեքենա, իսկ ինքը պրոֆեսիոնալ վարորդ է ու երթևեկության խորագիտակ, ապա ձախողումները սկզբում ավելի շատ պետք է լինեին, հետո, մեքենայի անսարքությունների վերացմանը զուգընթաց, դրանք պետք է քչանային։ Մինչդեռ նրա կառավարման սկզբնական շրջանում, երբ պետական մեքենան դեռ աշխատում էր առաջվա իներցիայով, ցնցումները քիչ էին։ 2020-ի ողբերգական պատերազմը նա կարողացավ հմտորեն ներկայացնել որպես մեքենայի անսարքություն և խաբելով ժողովրդին ու գործադրելով վարչական ռեսուրսը՝ վերազավթեց իշխանությունը։ 2021-ի ընտրություններից հետո ամբողջությամբ ուզուրպացնելով պետական իշխանությունը՝ նա երկիրը պահում է ամենօրյա ցնցումների մեջ ու օրեցօր նավը տանում դեպի մեծ ու կործանիչ ջրապտույտը, ինչը այլաբանությունն է տարբեր ուժային կենտրոնների՝ Հայաստանի տարածքում ավերիչ բախումների ու երկրի բզկտման․․․
Պլատոնը միանգամայն օրինական էր համարում իշխանափոխությունը նավի վրա, քանի որ բնական էր համարում նավաստու ձգտումը՝ դառնալու նավավար, ինչպես նաև նավատիրոջ փափագը՝ նավն ապահով պահել։ Պլատոնի նկարագրած նավատերը փորձառու էր, սակայն խուլ էր ու տեսողությունն էր վատացել։ Մեր նավի նավատերը նույնպես խլացել է ու կուրացել, չի տեսնում, թե ուր է տանում նավավարը, չի լսում մոտեցող փոթորկի ձայնը։ Նավաստիներից և ոչ մեկը միայնակ չի կարող բացել նավատիրոջ աչքերը կամ բուժել նրա խլությունը։ Նրանք պետք է միասին դա անեն։ Նրանք դա կարող են անել»։