Պետությունը ձեզ 2 մլն դրամ փող է տալիս, որ գնաք հուշարձանի բացմա՞նը մասնակցեք․ սա հիմք է ՍԴ դատավորների լիազորությունները կասեցնելու
copy image url

Պետությունը ձեզ 2 մլն դրամ փող է տալիս, որ գնաք հուշարձանի բացմա՞նը մասնակցեք․ սա հիմք է ՍԴ դատավորների լիազորությունները կասեցնելու

Ներքին 2 տարի առաջ - 17:53 02-03-2023
Երկրի քաղաքական իշխանության հետ Մարտի 1-ի զոհերի հուշակոթողի բացման արարողությանը ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Վահե Գրիգորյանի մասնակցությունը ակնհայտ օրենքի խախտում է, դա ցույց է տալիս, որ իրենք դատավորներ չեն, այլ քաղաքական գործիչներ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Սա ցույց է տալիս, որ նրանք քաղաքականությամբ զբաղվել են, ոչ միայն դատավոր նշանակվելուց առաջ, այլև այն, որ եղել են քաղաքական իշխանության, քաղաքական թիմի ներկայացուցիչ, ոչ թե մեծ հեղինակություն վայելող իրավաբաններ, ինչը սահմանադրության պահանջ է։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ հիմա ՍԴ դատավորի կարգավիճակում իրենք շարունակում են զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Սա դրա ուղիղ ապացույցն է և դա միանշանակ հիմք է, այդ երկուսին ՍԴ-ից վռնդելու համար»։

Նա ընդգծեց, որ վարչապետը քաղաքական պաշտոնյա է, իսկ Մարտի 1-ը որպես հիշատակի օր ՀՀ տոների և հիշատակների օրերի մասին օրենքում սահմանված չէ, հետևաբար, քաղաքական ուժի կողմից՝ քաղաքական միջոցառում է կազմակերպված։

«Օրենքն ասում է, որ ՍԴ դատավորը իր գործունեությամբ պետք է այնպիսի վարքագիծ դրսևորի, որ կասկածի տեղիք չտա, անգամ միտք չառաջանա նրա քաղաքական կաշկանդվածության վերաբերյալ։ Հիմա հարց է առաջանում, եթե դատավորները գնացել են նման միջոցառման, ապա որևէ մեկը հրավիրել է։ Այսինքն՝ այդ հրավիրողը եղել է մասնակիցներից մեկը, հիմա իրենք պարտավոր են հայտնել, թե ով է հրավիրել։

Սահմանադրական դատարանի դատավորը պետք է իրականացնի այն ֆունկցիաները, որ սահմանված է ՍԴ-ի մասին օրենքով, հիմա այդ դատավորները աշխատանքային օրվա այդ ժամին գտնվելով միջացառման վայրում՝ հանրությանը պետք է բացատրություն տան, թե Սահմանադրական դատարանի դատավորի ո՞ր ֆունկցիան են կատարել հուշարձանի առաջ կանգնելով։

Նրանք ամսական 5000 դոլար՝ 2 000 000 դրամ աշխատավարձ են ստանում իրենց լիազորությունները կատարելու համար։ Հարց․ պետությունը ձեզ աշխատավարձ է տալիս, որ դուք գնաք հուշարձանի բացմա՞նը մասնակցելու։ Կարծում եմ, սա լիարժեք հիմք է այդ դատավորների լիազորությունների դադարեցման համար»։

Նա ընդգծեց, որ դրա համար նախաձեռնողը կարող են լինել հենց իրենք՝ դատավորները, Սահմանադրական դատարանի 3 դատավոր կարող են նախաձեռնել նրանց լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

«Եթե 7 դատավորներից 3 բարեխիղճ դատավոր գտնվի, որ անթույլատրելի համարի այս վարքագիծը, ապա կարող են վարույթ նախաձեռնել։ Եթե 7-ի մեջ 3-ը չի գտնվում, որ անթույլատրելի համարի այդ վարքագիծը՝ նշանակում է, որ իրենք էլ են ընդունում, որ դատավորը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Այսինքն՝ իրենք իրենց էլ են թույլ տալիս հետագայում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երրորդ՝ դիմող սուբյեկտը կարող է լինել ԱԺ-ն՝ համապատասխան դիմում ներկայացնելով»։