Ներքին 3 տարի առաջ - 22:52 01-03-2023

Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°, Լոռիում (Տաշիրում` -3°), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2°, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34°, նախալեռներում` -24…-30°, հովտային շրջաններում` -13…-17°, Արարատյան դաշտում` -17…-25°:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27°, Սյունիքի հովիտներում` 25…30°:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°:

Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27° և 2001թ.` 24.8°:

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում լկազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3°…+5°:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է:

Եղանակի կանխատեսում 2023թ. մարտ ամսվա համար
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը