Մշակույթ 3 տարի առաջ - 19:50 21-02-2023

Իմ ծննդավայրի կապույտ, կարմիր ու կանաչ հեքիաթի վրայով անցել էր Մեծ եղեռնը․ Վահագն Դավթյանի հիշատակի օրն է

Բանաստեղծ Վահագն Դավթյանն իր ամբողջ կյանքն ապրեց Եփրատի վտակներից մեկի՝ Ոսկեգետակի վրա ծվարած գյուղաքաղաք Արաբկիրի, նրա երազային կապույտի կարոտով, ապրեց իր Արաբկիրից հեռու՝ երևանյան Արաբկիրում, ուր չկային կավե կապույտ տանիքներով տները, ուր չկային պատերի տակ շարված կճուճները, որոնք չորանում էին արևի տակ, ուր չկար այն քաղցրածոր թութը, որն ուտելուց հետո ճնճղուկների կտուցները կպչում էին իրար, և նրանք չէին կարողանում ծլվլալ։

Այսօր Վահագն Դավթյանի հիշատակի օրն է։

«Շատ-շատ էր կապույտն իմ պատանեկան բանաստեղծություններում, այնքան, որ երբ Կարմիր բանակում էի ծառայում, Գևորգ Էմինն իր առաջին գիրքն ինձ այսպիսի մակագրությամբ էր ուղարկել․ «Կապույտ բանաստեղծին ու կարմիր բանակայինին»․․․ Կապույտը՝ կապույտ էի, բայց ինչքան էի կարմիր, չգիտեմ․․․»։



Բանաստեղծը ջերմորեն փայփայում է հայրենի բնաշխարհից մնացած հիշողության վերջին պատառիկը․ «Փակում եմ աչքերս, և իմ դեմ նորից Ոսկեգետակն է, Երմոնյա տատս գետափին ծնկած բուրդ է լվանում։ Ես ու քույրս ոտաբոբիկ վազում ենք գետակն ի վար ու հավաքում ջրի փախցրած բուրդը։ Հետո եմ, իհարկե, գլխի ընկել, որ այդ օրը տատս վերջին անգամ էր բուրդ լվանում Ոսկեգետակում, որ ես ու քույրս վերջին անգամ էինք վազվզում արցունքի պես վճիտ այդ ջրերում, և հուշի այդ բեկորը վերջիններից է ծննդավայրիցս բերած իմ կիսաիրական ու կիսաերազային հուշերի մեջ»։

Չորս տարեկան է եղել, երբ ընտանիքը Տրապիզոնից նավով գաղթել է և ժամանակավորապես հաստատվել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ականներին Երևանում հիմնել են Նոր Արաբկիր թաղամասը։ Այդ մասին իմանալով՝ Վահագն Դավթյանը 1932 թվականին մոր և քրոջ հետ հաստատվում է Երևանում (հայրը ավելի ուշ միացավ իրենց, քանի որ Կրասնոդարում փռնչիություն էր անում և օգնում ընտանիքին)։



Եղեռնից փախած ապագա գրողը կարծես պարտքի զգացողություն ուներ իր մեծ նախորդի՝ Եղեռնի զոհ Դանիել Վարուժանի առաջ։

Վարուժանը գրեց «Հացին երգը», թեև անավարտ, և պատրաստվում էր ստեղծել «Գինիին երգը», որից պահպանվել է միայն ծրագիրը: Դավթյանը օգտագործել է և՛ «Հացին երգի» պոետիկան, և՛ վարուժանյան գինու պատկերները՝ ստեղծելով իր «Գինու» երգը։ Դրա շնորհիվ շարքում գործում է յուրատեսակ թաքնված հեթանոսականություն՝ զարթնող ու պտղավորվող բնություն, հողի ու արեգակի պաշտամունք, գինու բաքոսային–դիոնիսյան ընկալում՝ այդպիսով մի տեսակ փառաբանության տուրք դառնալով մեծ նահատակին։

Վահագն Դավթյանը նոր իրացում տվեց նաև չարենցյան «Տաղարանին»՝ դառնալով դասական գրականության լավագույն ավանդների կրողն ու իրացնողը։

Նա նվաճեց իր տեղը հայ պոեզիայում՝ իր ինքնատիպ խոսքով ու մտածողությամբ, կյանքն ու աշխարհն զգալու իր զգացմունքայնությամբ։

Օվսաննա Իսրայելյան


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը