ՀՀ-ն հիմա անբարոյականի քաղաքականություն է վարում, վերաբերմունքն էլ ըստ այդմ է
copy image url

ՀՀ-ն հիմա անբարոյականի քաղաքականություն է վարում, վերաբերմունքն էլ ըստ այդմ է

Ներքին 2 տարի առաջ - 21:59 20-02-2023
«Եվրոպական հարթակներում ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հանդիպումների ֆոնին Ռուսաստանը կարող է ցանկացած տեսակի խնդիրներ ստեղծել մեր երկրի համար ու դա կիրառել ամենաանուղղակի ձևով»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով օրերս Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացած Անվտանգության համաժողովի շրջանում Փաշինյանի հանդիպմանը՝ եվրոպական տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ։

«Բայց հարցն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ պրոցեսներ են ընթանում։ Պրոցեսը տանում է աշխարհաքաղաքական մրցակցության։ Սրանք կենսական գոյության հարցեր են Իրանի, Ռուսաստանի համար։ Մեր մասին չեմ էլ խոսում։ Այստեղ մի կողմից Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք, եկեք անկեղծ լինենք, Հայաստանի գոյությունը չեն ճանաչում։ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանը՝ այն համարելով «Արևմտյան Ադրբեջան»։ Թուրքիան էլ հայտարարում է, թե ինքը կհետևի այն որոշմանը, որը կկայացնի Ադրբեջանը»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ այս համատեքստում չի կարելի խոսել արդյունավետ բանակցությունների մասին այն կողմերի միջև, որոնցից մեկը մյուսի գոյությունը չի ընդունում։

«Բայց քանի որ սա ոչ միայն մեզ է վերաբերում, այլև աշխարհաքաղաքական գործընթաց է, ու երբ Ֆրանսիայի նախագահն ասում է, որ Հայաստանը բուֆեր է, պարզ չէ, թե այդ բուֆերն ում մեջ է։ Եթե Արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ ո՛չ Արևմուտքն է այստեղ, ո՛չ էլ Ռուսաստանի հետ սահման ունենք։ Գուցե Իրանի՞ն նկատի ունեին, անունը չէր տալիս։ Այսինքն՝ մենք ներքաշվել ենք աշխարհաքաղաքական թնջուկի մեջ։ Հիմա այս թնջուկում կարևոր են հարթակները, որտեղ են բանակցություններն ընթանում՝ Մոսկվայո՞ւմ, Թբիլիսիո՞ւմ թե՞ Բրյուսելում, և ով այդ մոդերացիան անում է՝ ընթացքը տանելու է մյուսի հաշվին՝ իր շահերի ուղղությամբ»,- ասաց նա։

Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական գործընթացներում մեր երկիրը կարող է կանգնել մեծ վտանգի առաջ։

«Այս իշխանությունը, որը պետք է ամեն ձևով խուսանավեր նման գործընթացներից, ինքն է նախաձեռնել դրանք։ Այդ իշխանությունն իր տգիտությամբ կամ գուցե այլ պատճառով, այս պարագայում, մեզ էքզիստենցիալ, գոյաբանական վտանգի մեջ է դրել»,- ասաց նա։

Հատկապես Արևմուտք-Ռուսաստան մրցակցության պարագայում, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է մտածի միայն իր շահերն առաջ տանելու մասին ու դրա համար ճիշտ քաղաքականություն վարի։

«Հայաստանն առաջին հերթին՝ պետք է ունենա որևէ քաղաքականություն և անբարո կնոջ նման չպահի իրեն՝ զուգահեռաբար տարբեր պարտնյորների հետ հարաբերություններ պարզելով։ Պետք է իր համար կոնկրետ պարտնյոր գտնի և հստակ ձևակերպի իր շահերը։ Հիմա վարում է անբարոյականի քաղաքականություն, որին համապատասխան վերաբերմունք էլ ստանում է։ Դա մենք տեսանք հենց Մյունխենում։ Հայաստանը պետք է հստակ հասկանա իր շահը և որոշի, թե որ կողմ է գնում։ Հիմա աշխարհում պատերազմական իրավիճակ է, Ուկրաինայում պատերազմ է, այլ վայրերում էլ են հնարավոր պատերազմներ, այս պարագայում խաղերն ու կոմպլիմենտար քաղաքականությունը տեղին չեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Գերմանիայում կայացած հանդիպումների արդյունքներին, քաղաքագետի խոսքով, դա կարող է լինել աշխարհաքաղաքական իրավիճակի էլ ավելի սրմամբ։

«Այդ իրավիճակը մեզ մոտ պարզապես ավելի է սրվել ու խաղացոների թիվը հենց Հայաստանի տարածքում մեծացել է։ Մենք ունենք անվստահություն Ռուսաստանի կողմից, Իրանի կողմից, Արևմուտքի կողմից, մյուսների կողմից, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ասում են՝ նայեք՝ այսպիսի անբարոյականի մեկն է, որի հետ խոսել հնարավոր չէ։ Իր հետ պետք է այլ կերպ վարվել։ Այդ ամեն ինչի արդյունքը սա է»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի