ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը կորցրել է ավելի քան 200 հազար զինծառայողի, ովքեր սպանվել կամ վիրավորվել են։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը, Նուլանդն ասել է, որ Ռուսաստանն, ագրեսիա իրականացնելով Ուկրաինայի դեմ, իրեն զրկում է ապագայից։
Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այնքան մեծամիտ է, որ մտածում է՝ կարող է հաղթել Ուկարինային։ Նրա խոսքով՝ Պուտինը կարծում է, որ Ուկրաինան պատկանում է Ռուսաստանին, ուստի նա կշարունակի իր գործողությունները։
«Հետաքրքիր կլիներ պատասխանել հարցին. արդյոք կհամաձայնե՞ն սրա հետ իրենց որդիներին կորցրած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Անցած տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ռուս արդեն սպանվել կամ վիրավորվել է, իսկ Ռուսաստանը կորցրել է որոշ տեսակների զենքի և ռազմական տեխնիկայի կեսից ավելին»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
Նուլանդը շեշտել է, որ հակամարտության հետևանքով Ռուսաստանը կորցնում է իր բնակչության ամենախոստումնալից հատվածին։ Նրա խոսքով՝ ավելի քան մեկ միլիոն լավագույն, ամենավառ ռուսները լքել են երկիրը: «Ի՞նչ բերեց այս պատերազմը հասարակ ռուսաստանցուն։ Ոչի՛նչ։ Մահ, կործանում, ապագայի կորուստ, տնտեսական ու տեխնոլոգիական ներուժի կորուստ»,- հայտարարել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ պատերազմի նաշօրին ԱՄՆ իշխանությունները հրապարակայնորեն նախազգուշացրել են մոտալուտ պատերազմի մասին։ Նա նշել է, որ Պուտինը լրջորեն թերագնահատել է Ուկրաինայի ժողովրդի վճռականությունը՝ սեփական երկիրը պաշտպանելու հարցում։
«Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ-ն զգուշացրեց աշխարհին, որ Պուտինը ցանկանում է դա անել, և մենք բոլորս անհանգստացած էինք, թե ինչպես Ուկրաինան կդիմակայի դրան, և աշխարհն ինչպես կարձագանքի դրան։ Այժմ մենք տեսնում ենք, որ Պուտինը լրջորեն թերագնահատել է Ուկրաինայի ժողովրդի վճռականությունը, կարողությունն ու քաջությունը՝ պաշտպանելու իրենց երկիրը, իր ժողովրդավարությունը և ազատությունը։ Նա նաև կոպտորեն թերագնահատեց ազատ աշխարհի, մեր դաշնակիցների և գործընկերների վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Մենք հիմա ավելի միասնական ենք, քան մինչ այս դաժան ներխուժումը»,- նշում է դիվանագետը։
Նուլանդի համոզմամբ՝ Ռուսաստանը խաղաղության չի ձգտում, իսկ Ուկրաինան արդար խաղաղության բանաձեւ է առաջ քաշել՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած տասը կետերում։ Նա պնդում է, որ Ռուսաստանի շարունակում է խոսել ինչ-որ կեղծ խաղաղության մասին։ Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ իրենց անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն, որտեղ Ուկրաինան կարող է ծաղկել իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և իրենք չեն համաձայնի որևէ կեղծ կամ ցուցադրական խաղաղության, որը թույլ կտա Ռուսաստանին շունչ քաշել, ուժ հավաքել ու ամեն ինչ սկսել նորից։
ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալը նշել է նաև, որ հետագա ագրեսիան կանխելու համար արևմուտքը մարզում է ուկրաինացի զինվորականներին և նրանց ժամանակակից սպառազինություն մատակարարում։ Անդրադառնալով ռազմական գործողություններին՝ մասնավորապես Բախմուտի շրջանում ռուսների առաջխաղացման փորձերին, Նուլանդը հայտնել է, որ Ուկրաինան ինքն է ծրագրում իր սեփական հակահարձակումը, որը կիրականցվի ավելի ուշ։ «Մենք աջակցում ենք ուկրաինացիներին, այդ թվում՝ նախապատրաստելու իրենց հաջորդ ծանր գրոհը՝ իրենց տարածքն ազատագրելու համար»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ փետրվարի 24-ին աշխարհն ականատես կլինի նոր պատժամիջոցների մեծ փաթեթի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մեծ յոթնյակի գործընկերների կողմից։ Նրա խոսքով՝ այս պատժամիջոցները կներառեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համար տեխնոլոգիաների հոսքի սահմանափակումներ, բանկային և արտահանման վերահսկման միջոցառումներ, ինչպես նաև ուղղակի պատժամիջոցներ այն մարդկանց դեմ, ովքեր կռվում են, կամ աջակցում են այս պատերազմին:
Ռուսաստանին անմիջականորեն աջակցող երկրների թվում Նուլանդը նշել է Իրանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը։
Ավելի վաղ New York Times պարբերականը, հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների, հայտնել էր, որ ռուսական կողմի կորուստները հասնում են 200 հազարի։