Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:01 17-02-2023

«Մենք ենք մեր սարերը» 600 մլն դրամի ծրագիր է իրականացրել Արցախում

Ստեփանակերտ քաղաքի 700 ընտանիքի տրամադրվել են փայտի վառարաններ, Ստեփանակերտի և շրջանների պոմպային ջրամատակարարման համակարգի համար ձեռք են բերվել և տեղադրվել են դիզելային գեներատորներ և էլեկտրական մարտկոցներ, ինչը կանոնավոր էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում կարևոր նշանակություն ունի համակարգի անխափան աշխատանքի համար: Այս ամենն իրականացվել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության՝ «Աջակցություն Արցախի էներգետիկ համակարգին» ծրագրի շրջանակում` գործընկեր կազմակերպության աջակցության շնորհիվ:

Գործակալության մեկ այլ՝ «Արցախի պարենային պետական պահուստի համալրում» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել կամ գործընկերներից ստացվել է սննդամթերք, այդ թվում՝ բրնձի ու հնդկաձավարի ալյուր, կաթի, ձվի, չոր կարտոֆիլի փոշի, մակարոն և այլ ապրանքատեսականեր, որոնք արդեն Գորիսում են, և առաջիկայում նախատեսվում է տեղափոխել Արցախ: Այս ծրագրի նպատակն է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման կամ շրջափակման վտանգի պայմաններում բնակչությանն ապահովել սննդամթերքով` հաշվի առնելով փոխադրման և պահպանման տեսանկյունից դրանց նպատակահարմարությունը, ապրանքների սննդարարությունը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունն իր գործունեության երեք ամիսների ընթացքում արդեն իսկ իրագործել է արցախցիների առաջին անհրաժեշտության կարիքներին ուղղված ծրագրեր՝ 150-ից ավելի նվիրատուների շնորհիվ ցուցաբերելով մոտ 600 մլն ՀՀ դրամի (ավելի քան 1.5 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն շրջափակման մեջ գտնվող Արցախին։

«Մեր բոլոր նախագծերի հիմքում արցախցիների առաջնային կարիքներն են։ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը սերտորեն համագործակցում է Արցախի կառավարության հետ, ու իրականացնում այնպիսի նախագծեր, որոնց կարիքն այդ պահին ունի Արցախի ժողովուրդը»,- նշել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը։

Արցախի կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է իրականացնել ընթացիկ կարևորության մի քանի այլ ծրագրեր ևս։ Դրանք վերաբերում են պարենային պետական պահուստի համալրմանը, գյուղական բնակավայրերում արևային ջրաջեռուցիչների տեղադրմանը, ջերմոցային տնտեսությունների ջեռուցման, հովացման, խոնավացման և այլ համակարգերով ապահովմանը, բուժսանիտարական առաջնային օգնության շարժական բրիգադաների ձևավորմանն ու տեղահանված անձանց տների բարեկարգմանը։

«Լավատես ենք, որ մեր նվիրատուների և գործընկերների ջանքերով հնարավոր կլինի արագ կյանքի կոչել նաև այս հինգ նախագիծը։ Անչափ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք այս երեք ամիսների ընթացքում շարունակաբար աջակցել են արցախցիներին թե՛ ֆինանսապես, թե՛ պարենով՝ վստահելով մեզ։ Մեր նվիրատուների վստահությունն ուղիղ համեմատական է մեր գործունեության արդյունավետությանը»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության ղեկավար Արման Ջիլավյանը։
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» ճգնաժամի պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային առողջապահությունը և աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։ Գործակալության հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել