Մշակույթ 3 տարի առաջ - 16:37 11-02-2023

Աշխարհբեկ Քալանթար․ հայկականության անխոնջ պաշտպանը

1884 թ․ փետրվարի 11-ին ծնվել է հայագետ, հնագետ, պատմաբան, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոս, պրոֆեսոր Աշխարհբեկ Քալանթարը՝ Լոռիս Մելիք և Արղության ազնվական տոհմերի ներկայացուցիչը։



Աշխարհբեկ Քալանթարի կյանքն ու գործը մի ամբողջ հանագիտարան է։ Նա Սանկտ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումների աշխատանքում։ 1918 թվականին Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի հանձնարարությամբ կազմակերպել է Անիից մոտ 6000 հնագիտական իրերի փրկությունը, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։



Մինչ այդ՝ 1917 թ., Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավախմբին։ Ավելի վաղ Քալանթարը մասնակցել է հայ ազատագրական շարժմանը (1915) Հայ կամավորական գնդի կազմում, որպես Անդրանիկ Օզանյանի թարգմանիչ և խորհրդական՝ փոխգնդապետի կոչումով, ճանապարհին ուսումնասիրել Խոյի շրջակա պատմական հուշարձանները։ Հենց Աշխարհբեկ Քալանթարի շնորհիվ են նաև Թիֆլիսից Երևան փոխադրվել Մշո Սուրբ Առաքելոց վանքի նշանավոր դուռը, ինչպես նաև Անիի հնադարանի դրամական ժողովածուն, հայերեն արժեքավոր ձեռագրեր։ 1920 թ. Քալանթարի գլխավորած արշավախումբը չափագրել-լուսանկարել է Անիի շրջակա հուշարձանները՝ Տեկոր, Ալաման, Նախճավան, Բագարան, Մրեն, Խծկոնք, Արջո-Առիջ, Ջալալ, Ագարակ։ Բացառիկ հնագետն ու հայագետը հայկական ժառանգության ու հիշողության փոխանցողն է։



Քալանթարը նաև ԵՊՀ հիմնադիր 7 դասախոսներից մեկն է։ Նա է ստեղծել հնագիտության և արևելագիտության ամբիոնը։ 1922 թ. հրատարակել է հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Ցավոք, նրա բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվել է ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938 թվականին։ Նա ձերբակալվել է համալսարանի մի խումբ դասախոսների հետ («պրոֆեսորների գործը»)։ Մահացել է ենթադրաբար 1942 թվականին աքսորում։

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մուտքի ճեմասրահում կանգնեցված է բացառիկ հայագետի բրոնզաձույլ կիսանդրին։



Իսկ Երևանի Տերյան փողոցի թիվ 62 տան պատին բացվել է Քալանթարին նվիրված հուշատախտակ, որի ճարտարապետն է Սարգիս Գուրզադյանը։ Հուշատախտակը կրում է մի քանի խորհրդանիշներ. շրջանակը կրկնում է Անիի զինանշանի ուրվագիծը, զետեղված է հատված Վանի ուրարտական մի արձանագրությունից, ինչպես նաև մի զարդանախշ Վանստանի վանքից, բոլորը՝ գիտնականի ուսումնասիրություններից։



Քալանթարը հեղինակել է ութսունից ավելի աշխատություններ, որոնք վերաբերում են Հայաստանի պատմահնագիտական հարցերին՝ քարե դարից մինչև միջնադար, արվեստի, ճարտարապետության հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, ժայռապատկերների լուսաբանմանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան