«Միայն քաղաքական հետապնդում է»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով այն իրադարձություններից, որոնք այս պահին կատարվում են Սեյրան Օհանյանի շուրջ։
Հիշեցնենք՝ ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր եւ քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին։
Խոսելով իշխանության մոտեցման տարբերությունից և Օհանյանին ուղղված մեղադրանքներից՝ Նահապետյանն ասաց. «Կա բարձրաստիճան մեկ զինվորական, որը դեռևս 2013-ին գնել է ՊՆ հաշվեկշռի վրա գտնվող մի հողատարածք, որը օտարվել էր։ Փաշինյան Նիկոլի իշխանությունն 2020-ին այդ գործարքը նկատեց որպես կոռուպցիոն ռիսկ, սկսեց նախաքննություն, և դյուրին կերպով նախաքննության ընթացքում այդ հողատարածքը վաճառվեց։ Դա այն հայտնի հողատարածքն էր, որը վաճառվել էր, որում պտտվում էր ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի, նրա զավակի, զավակի ընկերոջ անուն»,-ասաց Նահապետյանը։
Նահապետյանը ասաց նաև, որ եթե հաշվի առնենք, որ ՊՆ-ից օտարված ցանկացած գույքի վաճառքում իշխանությունը ինչ-որ ռիսկ է տեսնում, ապա արդարացի չէ, որ մի դեպքում դա տեսնում է մյուսում՝ ոչ։
«Ինչո՞ւ Օհանյանի դեպքում տեսնում է, իսկ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա անձը, որը գլխավոր շտաբում է ծառայում, չի տեսնում։ Այսինքն՝ երկու դրվագից մեկը քրեական հետապնդում է, մյուսը՝ նախաքննության ընթացքում տարածքի վաճառք՝ թույլատրել։ Եվ ինքնին այս փաստը խոսում է, որ Օհանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց Նահապետյանը։
«Էլ չեմ ուզում զուգահեռել այն այլանդակությունները, որ իշխանությունները 18 թվականից այս կողմ արել են կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ տարբեր պաշտոններ զբաղեցնող. հիշեցնեմ Վայքի հայտնի միջադեպը, երբ բարձրաստիճան զինվորականին, ավագ սպային ծեծեցին, և մինչև այսօր կոմայի մեջ է գտնվում, պատժվեցին, ծեծողները հիմնական դեպքի կազմակերպիչը և ասում են՝ տարբեր վկայություններ կան, որ ինքն է ծեծել՝ նախկին մարզպետը»,- ասաց Նահապետյանը։
Ըստ Նահապետյանի՝ Փաշինյանի իշխանությունը անում է այն, ինչ ուզում է։
«Այնպես որ Փաշինյան Նիկոլի իշխանության հետևյալն է․ մենք ենք իշխանություն, ինչ կուզենք, կանենք, ումը կուզենք, կնստացնենք, եթե նախկինների ժամանակ մեկ անձից գնումը բացառություն էր խախտումով, հիմա օրինաչափություն է»,- ասաց Նահապետյանը։
Խոսելով նախկինում եղած իրավիճակից՝ Նահապետյանն ասաց. «Այնպե չէ, որ նախկինները խախտումներ չեն արել, բայց ակնհայտ է, որ երբ ընտրովի է արդարադատությունը, և ընտրովի է մեղավոր ճանաչել կամ չճանաչելը, ակնհայտ է, որ դրա հիմքում քաղաքական հետապնդում է»։