«Սա կատարելապես ժամանակավրեպ դատարկաբանություն է»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի կողմից տարածած փաստաթղթերին։
«Միանգամայն հասկանալի է, որ ռուսական քարոզչության ամենավարպետ լրատվական հարթակ «Ազատությունը», որը քողարկում է իր գործունեությունը թվացյալ արևմտամետությամբ, շարունակում է առաջ մղել և հայաստանյան հասարակությունում փորձել արմատավորել պետականության համար ամենաքայքայիչ և ամենավնասակար, ամենաանտրամաբանական ու ամենաինքնասպանական մոտեցումները։ Սա իրենց մշտական գործելաոճն էր։ Հաճախ նրանք բանական բոլոր սահմաններն են խախտում։ Բայց դա, բնականաբար, թողնում ենք նրանց և նրանց ռուս գործակալական պարտավորությունների շրջանին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բուն փաստաթղթին, Քանանյանը հայտարարեց, որ մինչև 2020 թվականը Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան բարյացակամորեն հանդուրժելի էին համարում 1994 թվականի հրադադարից ի վեր ձևավորված հայ-ադրբեջանական սահմանազատումը։
«Որովհետև բոլորն էլ գիտակցում էին, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը բարդ գործընթաց է, որ Արցախյան կարգավորման խնդրում երաշիքներ տալը բավականին պատասխանատու և բարդ գործընթաց ու պարտավորություն է։ Հետևաբար, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում ո՛չ Ռուսաստանը և ո՛չ Արևմուտքը չունեին բացարձակ աշխարհաքաղաքական գերակայություն մեկը նյուսի նկատմամբ, որոշված էր խնդիրը որոշ ժամանակով թողնել առկախված»,- ասաց նա։
«Բայց դրանից, Մինսկի խմբում ընթացող բանակցություններում անգամ, երբ ներքին կարգով խոսվում էր տարածքային զիջումների մասին, առնվազն Քաշաթաղի շրջանի հյուսիսի, այսինքն, ադրբեջանական ձևակերպմամբ, Լաչինի և Քարվաճառի շրջանի փոխանցումը գործնականում կամ չէր քննարկվում, կամ խիտ էականորեն տեղափոխվում էր ամենավերջին փուլ։ Դա կարող եք կարդալ տողատակում, անգամ 2005 թվականի ճգնաժամային խմբի պատրաստած զեկույցում, որը հետո Մադրիդյան փաթեթի համար գլխավոր հիմքը հանդիսացավ։ Առհասարակ, նաև պետք է ասել, որ Մադրիդյան փաթեթների հանձնողական տրամաբանության գլխավոր մեղավորը դարձյալ Հայաստանի Հանրապետություններ, որը Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք հավատարմորեն շարունակական կերպով, նախաձեռնաբար հանդես էր տալիս «տարածքներ կարգավիճակի դեմաց» բանաձևի օգտին։ Սա զգալի չափով կանխորոշել է Արցախի շուրջ մեզ համար ամենավատթար զարգացումների ընթացքը։ Բացի դրանից, չափազանց ակնհայտ է, որ եթե ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը նպատակ ունենային իսկապես չհանդուրժելու, խիստ չակերտների մեջ վերցրած «հայկական զավթումները», նկատի ունեմ 7 շրջանները և այլն, ապա վստահեցնում եմ, որ ինչպես աշխարհի բոլոր այլ հատվածներում, այնպես էլ Հայաստանի պարագայում, Արևմուտքի և Ռուսաստանի համատեղ միասնական ճնշման ներքո այդ հարցը կլուծվեր հաշված ժամերի ընթացում»,- ասաց նա։
Այս առումով, նաև հիշում է դեռևս 2013 թվականին, իր խոսքով, Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի՝ Եվրաինտեգրացիոն կասեցումն ու Եվրասիական միության ուղին բռնելու փաստը։
«Նաև ճիշտ այնպես, ինչպես Պուտինի բռնի ճնշմամբ ՀՀ խեղկատակ և, ըստ էության, դավաճան վարչապետն ստորագրել է նոյեմբերի 9-ի հայաստանակործան փաստաթուղթը։ Այսինքն, անգամ եթե Ժակ Շիրակը կամ մյուս հայտնի ու խոշոր տերությունների առաջնորդները քննարկել են տարածքային հանձումները, ապա դա եղել է ո՛չ թե որովհետև նրանք նախաձեռնողական էին Հայաստանին տարածքային զիջումները պարտադրելու հարցում, այլ որովհետև հենց Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ադրբեջանը, անընդհատ և բոլոր հնարավոր մակարդակներով, հենց Լևոն Տեր- Պետրոսյանի և նրա վարչազավակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքերով և շուրթերով շարունակել է առաջադրել «տարածք՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը։ Ուստի, եթե Հայաստանը ինքն էր հանդես գալիս այդ բանաձևով, ապա բոլորովի զարմանալի չէ, որ աշխարհում բոլոր այլ մարդիկ քննարկում էին հենց այդ տարբերակը»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ հրապարակված փաստաթուղթը խոսում է հակառակ փաստի մասին, Քանանյանը պատասխանեց, որ խնդիրը միայն ընթացիկ մոտեցումների մեջ է եղել։
«Եթե Դուք լսեք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները, երբ նա Արցախում նախագահ էր։ Անգամ Արցախում նախագահ դառնալուց առաջ, երբ գործնականում թիվ 1 կառավարչական դեմք էր։ Այնուհետև ՀՀ պաշտոնապես վարած բանակցային գործընթացի բովանդակությունը, ապա բոլոր փաստաթղթերով և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ միևնույն կերպ քննարկվում էր «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը։ Ես նկատի չունեմ ներքին հռետորաբանությունը, այլ այն բոլոր փաստաթղթերը, որոնց շուրջ շարունակվել է բանակցային գործընթացը։ Պարզապես, եթե Լևոնին վերագրվում էր փուլային տարբերակին համաձայնություն ընծայելը, ապա այդ երկուսը, որպես տարբերություն, առաջ էին մղում համապարփակ կարգավորմը։ Սա նշանակում էր, որ համապարփակ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերվելուց հետո տեղի են ունենում տարածքային զիջումներ։ Իհարկե, այստեղ ևս Լևոն Տեր- Պետրոսյանի այս երկու վարչազավակների կողմնակիցները կարող են, որպես հակափաստարկ, նշել այն, որ սա հանճարեղ բլեֆային քաղաքականության բաղադրիչն էր։ Որ Հայաստանն ի վիճակի ու ընդունակ չէր բացահայտ հայտարարելու տարածք չհանձնելու իր վճռականության մասին, բայց կրկին, մենք պետք է չափազանց հստակ հասկանանք, որ եթե Հայաստանը շարունակում էր բանակցել տարածքային զիջումներ պարտադրաբար ենթադրող փաստաթղթերի շուրջ, ապա վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլիներ կատարել այդ զիջումները։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս հարցում որոշակիորեն ժամանակ էին ձգում՝ ընդ որում, դրա համր ես նրանց շնորհակալ եմ, բայց իրենք ո՛չ համարձակություն, ո՛չ, ըստ էության, ցանկություն ու վճռականություն ունեցան հիմնավորապես վերափոխելու իրենց վարչահայտ Լևոն Տեր- Պետրոսյանի՝ իրենց ուսուցանած գիծը՝ առկա բոլոր հակասություններով հանդերձ։ Այս երկու անձինք շարունակել են Լևոն Տեր- Պետրոսյանի անձի մեջ տեսնել անգերազանցելի իմաստունին, որն իրականում ազգային թերարժեքության և միջակության ամենավառ և ամենանողկալի ներկայացուցիչներից ամենավառ և ամենանողկալի ներկայացուցիչն էր»,-ասաց նա։