Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում են ներկա իշխանության տոտալ անպատասխանատվությունից․ Սուրեն Սուրենյանց
copy image url

Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում են ներկա իշխանության տոտալ անպատասխանատվությունից․ Սուրեն Սուրենյանց

Ներքին 2 տարի առաջ - 20:43 06-02-2023
«Նարիբեկյանն ազատվել է ոչ թե այն ժամանակ ցուցաբերած անկազմակերպվածության, այլ ներկա քաղաքական ուժի կողմից իրենց համար հարմար ժամանակ այդ որոշումը կայացնելու նպատակահարմարության ֆոնին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում վերջին ընդունելությունների ընթացքում գրանցված անկազմակերպ վիճակին։

«Այդ մարդն ազատվել է այն ժամանակ, երբ իրենց պետք է եղել, որ ազատվեր։ Ես չեմ էլ կարծում, որ այս ազատումը կապված է այդ դեպքերի հետ։ Թե չէ հենց այդ ժամանակ կազատեին կամ գոնե այդ մասին կհիշատակվեր»,- ասաց նա։

Սուրենյանցն աննշան հարց է համարում ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոփոխությունը։ Իր խոսքով՝ ԱԺ ղեկավարության որակից է կախված՝ աշխատանքների կազմակերպման որակը։

«Ակնհայտորեն, ՔՊ կուսակցության վերնախավում ինչ-որ խմորումներ են տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ աշխատակազմի նախկին ղեկավարի հետ կապված ինչ-որ դժգոհություններ կային, խմբակցության մակարդակով քննարկումներ էին ընթանում։ Անգամ փակ նիստում ինչ-որ քննարկումներ են տեղի ունեցել։ Հիմա, փաստորեն, Ալեն Սիմոնյանի օգնականը պետք է փոխարինի աշխատակազմի նախին ղեկավարին։ Ճիշտն ասած, նման կադրային տեղափոխությունները, չեմ կարծում, թե առանձնապես մեծ ազդեցություն են ունենալու աշխատանքների որակի բարձրացման կամ նման բաների վրա։ Դրանք շատ ո՛չ էական, երկրորդական, նույնիսկ չորրորդական տեղափոխություններ, փոխատեղումներ եմ համարում»,- ասաց նա։

Սուրենյանցի բնորոշմամբ՝ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվություն չեն կրում իրենց ոլորտներում շատ ավելի ծանր ու մեծ կորուստներով ուղեկցվող միջադեպերի համար։

«Օրինակ՝ բանակում նման ողբերգություն կատարվեց, պաշտպանության նախարարը նույնիսկ հասարակությունից ներողություն չխնդրեց։ Ուզում եմ ասել՝ Դուք զարմանում եք, որ այսքանից հետո ինչ-որ մի պրոտոկոլային ձախողումից հետո պետք է ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվեր չի ենթարկվել կամ ուշ է ենթարկվել։ Հայաստանում պատասխանատվության ինստիտուտը ամբողջովին ձախողվել է»,- ասաց նա։

Սա, ըստ քաղաքագետի, այսպիսի իրավիճակներ ստեղծվում են իշխանության անպատասխանատվության հետևանքով։

«Մենք չունենք այնպիսի մի ընդդիմություն, որը նման ցանկացած դեպքի հետևից կգնա։ Մենք չունենք հասարակական դժգոհություն։ Այսինքն, քաղաքացիական հասարակության ինստիտուտներն իրենց տեղում չեն։ Այս բոլորը հանգեցրել է նրան, որ իշխանությունն իրեն անզուսպ և անվերահսկելի է զգում, ըստ էության, որևէ բանի առաջ իրեն պատասխանատու չի համարում։ Նախընտրական խոստումներ կարոսղ են խախտել կամ չկատարել։ Կառավարության ծրագրում ամրագրված դիրքորոշումներից կարող են առանց քաշվելու հետ կանգնել։ Այսինքն, մեկ դեպքի վրա չէ, երկու դեպքի վրա չէ օրինակը։ Տիրում է տոտալ անպատասխանատվության մթնոլորտ»,- ասաց նա։

Սուրենյանցի խոսքով՝ ներկա իշխանությունների ամենօրյա գործունեությունը չի համընկնում իրենց խոստումների հետ։ «Ղարաբաղի հարցով ընտրությունների ժամանակ խոստացել են մի բան, հիմա կատարում են 180 աստիճանով հակառակը։ Խոստացել են թափանցիկ կառավարում, մենք գործ ունենք ավտորիտար մշակույթի հետ, խոստացել են ժողովրդավարություն, ունենք անձակենտրոն կառավարման համակարգ։ Այսպես կարող եմ տասնյակ օրինակներ բերել»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի