Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ սակայն կովիդի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգությունները: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը ակնհայտորեն դատապարտելի է:
Մանկապարտեզ չհաճախելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:
ԼՂ-ի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։
«ԼՂ-ում հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը։ Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով։ Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը։ Ընդ որում՝ մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան՝ մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։ Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է։ Պիտի արձանագրեմ, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում։ Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաև հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, և որը աշխարհում լայնորեն տարածվեց»,- ասաց Փաշինյանը։