Կաթողիկոսափոխության նախաձեռնությունն արդեն պլան ունի։ Հուլիսի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ծրագիրը։
«Հետեւաբար առաջարկում եմ հետեւյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ»,- գրել է Նիկոլը, մանրամասնելով հաջորդ քայլերը, թե ինչ պատրվակով են խմբագրելու կանոնագիրքը, փոխելու կաթողիկոսի թեկնածուների գրանցման, ընտրությունների կազմակերպման կանոնները։
Կողմնակալ դիտորդի կարծիքով՝ սա եկեղեցու հեղաշրջման պլան է, բայց ամբողջական չէ, որոշ կարևոր մանրամասներ բացահայտված չեն։
Փաշինյանի այս գրառման նախաբանում նշում է, թե մտադիր է նորոգել եկեղեցին և բարոյական ստանդարտներ սահմանել։ «Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղեցին, եւ եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ»,- գրել է նա։ Ինչի՞մասին է այս ամենը։
Եկեղեցին նորոգելու խնդիրներով են առաջ եկել բողոքականները։ Սկզբում բողոքում էին քահանաների կամայականություններից, հետո առաջ քաշեցին դավանաբանական հարցեր ու ստեղծեցին առանձին եկեղեցիներ։ Ենթադրելի է, որ այս դեպքում ևս եկեղեցին նորոգելու նախաձեռնությունը հանգեցնելու է դավանաբանական փոփոխությունների։ Այսինք՝ ոչ միայն կանոնագիրքն է խմբագրվելու, այլև փոխվելու է դավանաբանությունը։ Չի բացառվում, որ կավելանան նոր աղոթնքներ ու սաղմոսներ, որոնցով կսահմանվեն բարոյական ստանդարտները։ Նկատենք, որ եվրոպական գրեթե բոլոր հեղափոխություններն անցել են բողոքական դրոշներով։ Բողոքականությունը մեծ դեր է խաղացել քաղքենիա-ժողովրդավարական բարեփոխումների, քաղքենիական, ժողովրդավարական արժեքների արմատավորման առումով։
Սակայն հանրության շրջանում տարածված կարծիք կա, թե Փաշինյանն իրականում եկեղեցին նորոգելու, հանրային կյանքին ներգրավելու և հասարակության առաջընթացին ծառայեցնելու խնդիրներ չունի։ Նրա իրական խնդիրն անձնական է։ Գարեգին Բ-ն ու բազմաթիվ հոգևորականներ նրան չեն սիրում։ Նա էլ վրեժ է լուծում։ Գուցե վախեր էլ ունի եկեղեցուց։ Սակայն եկեղեցին նորոգելու, պետությանը, հասարակությանը, մարդկությանն ավելի լավ ծառայեցնելու խնդիր չունի։
Բարեվարքության մասին ընդգծումները նույնպես կասկածելի են։ Եթե ՔՊ-ին բարեվարքությունն իրապես հետաքրքրեր, ապա խորհրդային բռնազավթումից ազատագրված երբեմնի բախտակից ժողովուրդների օրինակով՝ կիրականացնեին լյուստրացիա և օրենքով կարգելեին ռուսական ներկա, նախկին գործակալներին զբաղեցնել պետական, քաղաքական, հանրային բարձր պաշտոններ։ Եթե լյուստրացիա անելու խիզախություն չունեն, ի՞նչ բարեվարքության մասին է խոսքը։
Բարոյական ստանդարտ սահմանելու խնդիր ունեցողն ատելության վրա չէր կառուցի քարոզարշավները, վարչական ռեսուրս, բյուջեից միջոցներ չէր կիրառի քարոզարշավի վրա, չէր հայհոյախոսի, քաղաքական գործիչների նկատմամբ բռնություն չէր կիրառի, հանիրավի չէր խախտի անմեղության կանխավարկածը։ Հակառակը՝ եթե ՔՊ-ն բարոյական ստանդարտ սահմանելու խնդիր ունենար, ապա կառաջարկեր բարոյական խարտիա ստորագրել, արդար մրցակցության նորմեր սահմանել քաղաքական համայնքում, չխաբել ժողովրդին, սուտ խոստումներ չտալ, միևնույն առաքելությամբ միավորված գործընկերներին վերաբերվել եղբայրաբար։
Ի վերջո՝ եթե բարոյականությունը կարևորեին, ապա անկախության և ժողովրդավարության պայքարում վաստակ ունեցողներին արժանվույն կգնահատեին, կմեծարեին, որ հանրությունը ուղենիշ ունենար, թե քաղաքականության մեջ ի՞նչն է բարոյական և ի՞նչ մեծ չարիք է ֆորպոստի վարչապետ դառնալը։ Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը դավաճան է, քանի որ ֆորպոստի վարչապետ է եղել 2018-2022-ին՝ սպասարկել է ռուսական շահերը, վտանգելով պետությունը, պատճառելով մարդկային հազարավոր կորուստներ։
Կարճ ասած՝ բարոյական ստանդարտ սահմանելու մասին Փաշինյանի հայտնած մտադրությունը խիստ կասկածելի է։ Իսկ եկեղեցու հեղաշրջման պլանն ամբողջական կլիներ, եթե նշվեր նաև, թե ե՞րբ և ինչպե՞ս են գրոհելու վեհարանը, ուժային ո՞ր կառույցներն են լինելու առաջին շարքերում, ինչո՞վ են զինված լինելու, ի՞նչ է սպառնում այն մարդկանց, որոնք կփորձեն պաշտպանել վեհարանը։ Այսպես իրական սարսափ կներշնչեին ժողովրդին, ու Գարգեին Բ-ն կապիտուլյացիա կստորագրեր, կանխելով քաղաքացիական բախումները, բռնություններն ու արյունահեղությունը։
Թաթուլ Մկրտչյան