Ամանորյա տոները ճոխ նշելը կապ չունի սահմանային գոտու կահավորման հետ․ Վիգեն Խաչատրյան
copy image url

Ամանորյա տոները ճոխ նշելը կապ չունի սահմանային գոտու կահավորման հետ․ Վիգեն Խաչատրյան

Ներքին 2 տարի առաջ - 21:44 20-01-2023
«Սահմանային գոտու կահավորման վատ իրավիճակի մասին բնութագրումները հավանաբար չափազանցված են։ Վերջերս մեծ թվով պատգամավորներ այցեր են կատարել սահմանամերձ հենակետեր։ Իհարկե, կատարյալ չէ, բայց ըստ էության՝ բոլորն էլ նշում են, որ զգալի աշխատանք կատարված է»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Վերջին դեպքերի հետ կապված կան զորանոցներ, որոնք ավիրվել են։ Խոսքն, իհարկե, գնում է մի քանի հատի մասին։ Մոդուլային զորանոցներ են պատվիրվել և ասվեց, որ արդեն ժամանում են Հայաստան, որ հավաքվեն։ Այսինքն, այո՛, այս ընթացքում ինչ-որ թվով զորամասեր ստիպված են եղել ժամանակավոր կացարաններում շարունակել աշխատանքները, մինչև նորը կառուցվի։ Բայց նաև ուզում եմ ասել, որ բավականին թվով կառույցներ ու կահավորանքներ, ինժեներական աշխատանքներ են եղել։ Բայց որ ամբողջությամբ ավարտվել են, իհարկե ո՛չ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ սահմանային գոտիներում կահավորում գրեթե չի իրականացվում, որոշ հատվածներում անգամ զինվորականները շարունակում են վրաններում ծառայությունն իրականացնել՝ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ այդ հատվածներին բավարար ուշադրություն դարձվում է։ Իր խոսքով, սակայն, աշխատանքների ծավալներն, այդուհանդերձ, կապված են որոշ հանգամանքներից ու հնարավորություններից։

«Դրա համար պետք է բյուջեն նայել՝ որքան գումար է հատկացված եղել ու որքանն է ծախսվել և կոնկրետ ինչի վրա է ծախսվել։ Այդ բյուջեն որ քննարկվում է, էնտեղ տողեր կան՝ զենքի, զինամթերքի, շինությունների, սննդի, հագուստի ու այլ պայմանների համար։ Բյուջեն կազմելիս այդ բոլորի հաստատվելուն արդեն հետևում են ծախսերը։ Դրա համար ունենք հաշվեքննիչ պալատ, որը հետևում է ծախսերի արդյունավետությանը»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ չնայած սահմանային գոտիներում զորանոցների լավ կահավորման մասին հայտարարություններին, փաստերն այլ բան են ցույց տալիս՝ Խաչատրյանը հայտարարեց, որ առկա բազմաթիվ խնդիրների կողքին պետք է նկատել նաև դրական կողմերը։

«Փաստերը խոսում են այն մասին, որ այդ բոլորն իրականությանը համապատասխանում է․ նկատելի տեղաշարժ կա։ Բայց մենք տեսնում ենք, որ լուրջ բացթողումներ կան, վրիպումներ, որոնք բերում են ողբերգական արդյունքներ և պետք է ավելի զարգացնել աշխատանքները։ Փաստերը դրա մասին են խոսում։ Այսինքն, ծանրագույն դեպք է տեղի ունեցել, բայց դա չպետք է ջնջի մնացած բոլոր արածնեը։ Ընդհակառակը, պետք է ստիպի, որ ավելի լուրջ վերաբերվեն և ովքեր իրենց տեղում չեն, այդ կարևոր աշխատանքները զիջեն ավելի գիտակ մարդկանց։ Բայց մեկ ողբերգական դեպքով չի կարելի ընդհանրացում անել ամբողջ բանակին։ Սա ընդհանրացման տեղիք չի տալիս։ Սա լուրջ անհանգստանաու առիթ է տալիս։ Բոլորս էլ ինչ-որ բան այնպես չենք արել հավանաբար»,- ասաց նա։

Հարց ուղղեցինք, թե արդյո՞ք սպայական կազմն էր դեպքի համար պատասխանատու առաջին օղակը և արդյո՞ք համակարգային խնդիրների համար մեղավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ցանկացած պատժի դեպքում այդ հարցը լինելու էր։ Դրա համար քննությունը երբ ավարտվի, դեպքի հետ կապված պատասխանատուները կկանչվեն պատասխանատվության։ Բայց բացի դեպքը, ընդհանուր իրավիճակի համար պատասխանատուներ կան, որոնք ևս պետք է պատժվեն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն անցած տարիների ընթացքում չեն ապահովել սահմանային գոտու նվազագույն անհրաժեշտ կահավորումը, ի տարբերություն թշնամու, պատգամավորն ասաց, որ դրան խանգարել են ֆինանսական ոչ բավարար միջոցները։

«Ադրբեջանական կողմի աշխատանքները որ թվարկում եք, ենթադրում եմ՝ գիտեք, չէ,՞ դրա հետևում ինչ կա։ Իսկ մենք, ըստ էության, դեռ մենակ ենք այդ գործում։ Այնպես չէ, որ լայն աջակցություն ունենք հիմա այդ մասով։ Երբ սահմանը փոխվել է, այդ աշխատանքները նորից պետք է կատարվեին անհամեմատ լավ, քան անցյալում են կատարվել։ Նաև պետք է հետևություններ անել։ Դրան գումարած՝ բոլոր չէ, որ ըստ պատշաճի, պատասխանատու մոտենում են իենց պարտականություններին։ Այդտեղ խնդիրներ կան։ Ուսուցման, ստուգման, հրահանգավորման։ Իհարկե, եթե բարձրագույն մակարդակում լիներ, այս ողբերգությունը տեղի չէր ունենա։ Պետք է ամեն ինչ անել, որ այս դեպքը չկրկնվի»,- ասաց նա։

Նշված ու Արցախում ստեղծված ճգնաժամի ֆոնին, սակայն, Հայաստանը բավարար գումար ուներ՝ ամենաբարձր մակարդակով Ամանորյա տոներն անցկացնելու համար։

«Դա արվել է նրանց համար, որոնք պատերազմից վերադարձել են, նաև այն երեխաներին, որ ծնողազուրկ են։ Դա արվել է ժողովրդի համար, որպեսզի ինչ-որ տրամադրություն ձևավորեինք մարդկանց մեջ, և դա շատ նորմալ է։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ Ամեն ծախս իր տողն ունի։ Կա պետական բյուջե, կան ծախսեր, որոնք տողերով հաստատել են և իրականացվում են։ Պետք չէ մտածել, որ պետություն պետք է կանգնի։ Բոլոր ուղղություններով աշխատանքները պետք է շարունակվեն։ Առողջապահությանը պետք է գումար հատկացվի, մարդկանց ժամանցին, տոներին, կրթությանը, այդ թվում՝ բանակին։ Բանակի բյուջեն եկող տարի այս տարվա համեմատ համարյա 70%-ով մեծացել է, և մոտ 1 մլրդ դոլարից ավելի փող ենք շախսելու բանակի վրա։ Իսկ մենք ընդամենը 6 մլրդ գումար ունենք։ Ամեն տարի նախորդի համեմատ մեծ գումարներ են հատկացվում բանակին ու էլի պետք է հատկացվեն։ Միշտ էլ կարելի է ասել՝ էս ինչ փողը չծախսեիք՝ ուղղեիք բանակին։ Բայց դա ճիշտ չէ»,- ասաց նա։

Պատգամավորը հավաստիացրեց, որ բանակում առկա խնդիրները փորձում են լուծել ամեն օր։ Նա տեսակետ հայտնեց, որ Ազատ գյուղում տեղակայված զորանոցում տեղի ունեցած դեպքը սպայի անհրաժեշտ հակահրդեհային գիտելիքի պակասի հետևանք է եղել։

«Ակնհայտ է, չէ՞, որ դա վատ ուսուցման, վատ հրահանգավորման ու անկարգապահության դրսևորում է։ Այդ շենք- շինությունը պատճառ չէր ողբերգության։ Պատճառը սխալ շահագործումն է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է զորանոցներում սահմանված անվտանգային ու ջեռուցման համակարգերի նվազագույն պայմանների ապահովմանը, Խաչատրյանն ասաց․ «Հատուկ համակարգերի երկու տարբերակ է լինում՝ էլեկտրական և գազով, այլ բան չի լինում։ Իսկ էլեկտրական ջեռուցման համակարգ ներդնելը եթե հնարավոր լիներ, դրած կլինեին։ Երևի ինչ-որ մի պատճառ ունեին չանելու համար։ Լինքը տեղ կա, որ վառարանն օգտագործվում է, բայց դրա համար հարկավոր է հակահրդեհային հրահանգներին հետևել։ Այդ դեպքում ոչ մի բան էլ չի լինի։ Համոզված եմ, որ հրահանգավորում եղել է, բայց կատարմանը չեն հետևել։ Իհարկե, եթե այնտեղի պատուհանների ցանցերը չլինեին, ապա կբացեին ու միանգամից դուրս կցատկեին»,- ասաց նա։

Անդրադառնալով տեղի ունեցածում մեղավորի մասին հարցին, Խաչատրյանն ասաց, որ դրա մասնագետը չէ, բայց համոզմունք հայտնեց, որ պետք է աշխատանք կատարել՝ դա պարզելու համար։

«Պետք է հետևություն անել ու բոլոր տեղերն անմիջապես ստուգել, կարգի բերել, որ այդ դեպքը հանկարծ չկրկնվի։ Բոլորն էլ հետևություն արել են, բոլոր կետերը ստուգում են, և ո՛չ միայն բանակում։ Ընդհանրապես, Կառավարության նիստին էլ ասվեց, որ բոլոր նման կետերը պետք է ստուգվեն Հայաստանում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ ստուգումներն արվում են որևէ դժբախտ պատահար տեղի ունենալուց հետո միայն, պատգամավորն ասաց, որ դա կյանքի կանոն է։

«Իսկ կարո՞ղ է մենակ աշխարհի ամենակազմակերպված երկիրն ենք։ Շատ դեպքեր չպետք է լինեն, բայց լինում են, որովհետև մարդիկ անփույթ են։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ինչքան էլ աշխատեն, միշտ էլ աշխատելու տեղ է լինում։ Միանշանակ, պետք է ավելի շատ աշխատել»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև հարցին՝ արդյո՞ք ողբերգական դեպքին հետևած պաշտոնանկումներն ու առաջ քաշված վարկածները ՊՆ և բարչապետի կողմից պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։

«Մարդ կա՝ իրավունք ունի այդպես մտածելու։ Ես կարող եմ այդպես մեկնաբանել։ Ես մտածում եմ, որ հապշտապ հետևություններ չի կարելի անել։ Պետք է հանգիստ վերլուծել իրավիճակը, կանխել այդպիսի ողբերգությունների հնարավոր կրկնությունը, հանգիստ ուսումնասիրել և բուն պատասխանատուներին ենթարկել պատիժների։ Ինչ վերաբերում է սպաների աշխատանքից ազատելուն՝ ես հապշտապ որոշում չեմ տեսնում։ Կարծում եմ, որ որոշումները կայացվում են՝ ելնելով ունեցած տեղեկություններից։ Մենք ի՞նչ գիտենք՝ այդ ողբերգությանը զուգահե ինչ թերություններ կան, որոնց մասին հիմա չի խոսվում»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի