Ներքին 3 տարի առաջ - 20:23 20-01-2023

«Երկիր Մեդիա»-ին դուրս թողնելն ուղղված է ազատ խոսքի սահմանափակմանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց Հանրային մուլտիպլեքսում սլոթում հանրապետական սփռման արտոնագիր տալ 4 հեռուստաընկերության։ Դրանք են «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։

Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել էր, որ, այլ չափանիշների հետ միասին, հաշվի են առնվել հեռուստաընկերությունների ֆինանսական և տեխնիկական բաղադրիչները։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դեմ, վիճարկելով Հ2 հեռուստաընկերության հայցի արդյունքում մրցույթի փաթեթից հանված և դատական արգելանքի տակ գտնվող 5-րդ կապուղով իրենց հեռարձակումը շարպունակելու դիմումի մերժումը:

Oragir.News-ի հետ զրույցում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը, խոսելով դատարան ներկայացված հայցից, ասաց. «Մենք հայց ենք ներկայացրել վարչական դատարան, որով վիճարկում ենք հանրային մուլտիպլեքսում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակումը շարունակելու դիմումի մերժումը։ Սպասում ենք այդ հայցի պատասխանին»։

Խոսելով այն մասին, թե որոնք են պատճառները, որ նման որոշում կայացվեց, Եսայանն ասաց. «Միանշանակ կարող եմ ասել, որ սա այլընտրանքային կարծիք արտահայտելու իրավունքի սահմանափակում է։ Նույնիսկ իր որոշման մեջ ՀՌՀ-ն նշել է, որ քաղաքական լարված իրավիճակներում մեր հեռուստաընկերությունը որոշեկի քաղաքական դիրքորոշում է արտահայտել, ինչի հետ մենք, բնականաբար, համաձայն չենք։ Քաղաքական դրդապատճառների մասին է վկայում նաև Ազգային Ժողովում նման իրավիճակների հանգուցալուծման ճանապարհը հստակեցնելուն ուղղված օրինագծի՝ երկրորդ ընթերցմանը ներկայացնելու հարցի հետաձգումը»։

Եսայանն ասաց նաև, որ այս իշխանությունները բազմիցս նշել են, որ ազատ խոսքի ջատագովն են եղել, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ ««Երկիր Մեդիա»-ի Հանրային մուլտիպլեքսից դուրս թողնելը հստակ քաղաքական ենթատեքստ ունի, և ուղղված է ազատ խոսքի սահմանափակմանը»,- ասաց Եսայանը։

Եսայանը նշեց, որ այն իրավիճակում, երբ «Երկիր Մեդիան», հեռարձակվելով ամբողջ Հանրապետությունում և Արցախում, այլ տեսակետ էր հասցնում ազգաբնակչությանը, վաղվանից այդ հնարավորությունից զրկված է լինելու, և այսօրվա իշխանությունը կարողանալու է առանց այլընտրանքային խոսքի իր մոտեցումը ներկայացնել հանրությանը։ «Ես կարծում եմ՝ համապատասխան հետևությունները թե՛ միջազգային հանրությունը, թե՛ Հայաստանում իրենց ազատ խոսքի պահապան հռչակած հասարակական կազմակերպությունները սրանից պետք է անեն»,- ասաց Եսայանը։

Հարցրինք Եսայանից, ի՞նչ եք կարծում՝ Ձեր ներկայացրած հայցը բավարարվելո՞ւ է, Եսայանը պատասխանեց. «Այսօր, գաղտնիք չէ, որ շատ դժվար է իշխանության գործիքներով իշխանության դեմ պայքարել, եթե նրանք հստակ քաղաքական որոշումը կայացրել են, այդ քաղաքական որոշումները հստակ իրացնում են։ Շատ հաճախ այս իշխանությունն ասում էր, որ մենք հեռուստատեսություն փակող չենք։ Իրականում, որքան էլ իրենք տարբեր խոսույթ օգտագործելով փորձեն ապացուցել, որ իրենք, ի տարբերություն նախկինների, հեռուստատեսություն փակող չեն, երբ որ փաստերը դնում ես իրար կողքի, այսօրվա իշխանության փաստարկներն ամբողջությամբ համապատասխանում են այն նույն փաստարկներին, որ իշխանությունը ուներ «Ա1+»-ը փակելու ժամանակ։

Ուրեմն կամ իրենք արդարացնում են «Ա1+»-ը եթերից հեռացնելը, կամ նրանք նույն ձևով իրենց իսկ կողմից հեռուստաընկերություն փակող են, այս անգամ ոչ թե մեկ հեռուստաընկերություն՝ երկու հեռուստաընկերություն, որոնց քաղաքական ուղղվածությունը կամ հասարակությանը իրադարձությունները ներկայացնելու ոճը, ուղղվածությունը իրենց հաճելի չէ, և սրանցից ոչ մի կերպ չեն կարող խուսափել»,- ասաց Եսայանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում

Ձեզ գուցե հետաքրքրի