Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:37 12-01-2023

Արցախում միջազգային խաղաղապահների գոյությունը ՌԴ-ն կընդունի, եթե իր խաղաղապահներն այդպիսի ստատուս ստանան. Հակոբյան

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ավարտից հետո այնտեղ միջազգային խաղաղապահների տեղակայման մասին Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցված մտքին, հայտարարել է, որ Արցախի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Կրեմլի արձագանքից, ասաց. «Այս տարածաշրջանը ընկալվում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, պատկերավոր ասած՝ երբ տնիցդ դուրս ես գալիս բակ։ Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ուզենա՝ այս տարածաշրջան մտնեն այլ ուժեր, առանց այդ էլ պաշտոնական Մոսկվան խիստ խանդով է վերաբերվում այն հարցին, որ 91 թվականից հետո երեք երկրներ անկախություն ձեռք բերեցին, դա շատ վատ է ընկալվում, և իրենք ինչ-որ տեղ հեռավոր հեռանկարում հույս ունեն վերակնանգնել Սովետական Միությունը, եթե ոչ այն հին ԽՍՀՄ տեսքով, ապա գոնե այն ձևի ուժեղ ազդեցություն ունենա Մոսկվան Անդրկովկասում, որ ըստ էության՝ համարվի, որ Խորհրդային Միությունը վերականգնվել է»։

Հակոբյանն ընդգծեց, որ այս պայմաններում միջազգային խաղաղապահների Արցախում լինելը Պաշտոնական Մոսկվայի համար խիստ անցանկալի իրավիճակ է՝ աշխարհաքաղաքական մակարդակով։

«Ավելին, եթե միջազգային խաղաղապահները գան, և եթե դրանք չլինեն բացառապես ՌԴ խաղաղապահները, դա կնշանակի ՌԴ-ի համար շատ մեծ իմիջային հարված, այն որ դու հզոր էիր, 2020թ-ի նոյեմբերի 10-ին կոնֆլիկտ կարգավորող էիր, և հիմա բոլորը կտեսնեն, որ դու չես կարողանում կոնֆլիկտ կարգավորել»։

Ըստ Հակոբյանի՝ այս պրոցեսը միայն այն դեպքում ՌԴ-ի կողմից կլինի ընդունելի երբ, ՌԴ խաղաղապահ կոնտիգենտը միջազգային ստատուս ստանա։

«Ամեն ինչ կանի, որ այս պրոցեսը վիժեցնի․ ՌԴ-ն միայն մի դեպքում կհամաձայնվի միջազգային խաղաղապահներին, եթե իր խաղաղապահ կոնտիգենտը միջազգային ստատուս ստանա, բայց սա էլ արդեն միջազգային խաղացողները չեն ուզի, որովհետև այս պահին ուկրաինական կրիզիսի հետ կապված ՌԴ-ն հայտնի մեկուսացման մեջ է, և իրենք երբեք Ռուսաստանին այդ կոզրը չեն տա։ Հիմա իրենք երբեք այդ մերժված երկրին ՄԱԿ-ի հովանու ներքո այդ խաղաղապահ առաքելության մանդատը չեն տա, ինչին Ռուսաստանը ձգտում է։ Հիմա՝ այս պայմաններում, երբ որ Հայաստանը խոսում է ՄԱԿ խաղաղապահ զորախմբի մասին, դա նույնն է, որ կանգնես և Ռուսաստանին ասես՝ դու անկարողունակ ես, այսինքն, ըստ էության, դա վիրավորանք է ՌԴ-ի համար»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ասաց, որ Ռուսաստանը մտածված ձևով մատնանշում է Բաքվին և ասում, որ կողմերը պետք է կողմ լինեն միջազգային խաղաղապահների ներգրավմանը։

«Այս դեպքում Ռուսաստանը շատ խորամանկ ձևով գլխով է անում պաշտոնական Բաքվի կողմը, ասում, որ կողմերը պետք է համաձայն լինեն, քանի որ Հայաստանն է առաջարկում, ուրեմն համաձայն է, մյուս կողմը հանդիսանում է Բաքուն, իսկ Բաքուն համաձայն չէ, քանի որ միջազգային խաղաղապահները, երբ որ գան տարածաշրջան, նախ հայկական տարրը Արցախում ավելի ապահով դրության մեջ կլինի, քան հիմա, արցախյան հակամարտությունը կերկարի ավելի, քան հիմա, երբ որ իրենց թվում է, թե արդեն դա վերջացել է, և այդ հակամարտությունը նորից միջազգային ստատուս ձեռք կբերի այն դեպքում, երբ որ Ալիևը քնում-արթնանում և ասում է, որ Մինսկի խմբի գորրծունեությունը վերջացել է, որովհետև ամենինչ վերջացած է, իրենք հույս ունեն, որ երկու տարուց Ռուսաստանը կգնա, և իրենք Արցախին կտիրանան վերջնականապես, հիմա, այս ամենը լավ գիտակցելով, պաշտոնական Մոսկվան, Բակվի վրա է գցում դա»,- ասաց Հակոբյանը։

«Մեր դիվանագիտական պարտություններից մեկը այն է, որ Պեսկովի երեկվա հայտարարությամբ ՀՀ դառնում է կոնֆլիկտի կողմ։ ՀՀ-ն ե՞րբ է արցախյան կոնֆլիկտի կողմ եղել, մենք կողմ չենք․ այդ Բաքում է ձգտում, որ մենք կողմ լինենք և ագրեսորի պիտակ դնի մեր վրա։ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է և ՀՀ աջակցել է Արցախի ժողովրդին,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ պաշտոնական Երևանը այս նրբությունների մեջ չի մտնում և մտնելու դեպքում էլ չի խորանում։

Հարցին, թե միջազգային խաղաղապահների ներկայությունը մեզ ձեռնտու է, թե ոչ, Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե ձեռնտու է, բայց ինչպե՞ս, այսքանից հետո ինչպե՞ս, սա մեծ հարց է»։

«Մեզ այս պահին ձեռք է տալիս ուժեղանալ, հիմա մեզ այս պահին Ալիևը ասում է՝ դուք զոհ եք, պարտվել եք, կապիտուլիացիա եմ ես ձեզ թելադրել, պայմանները չեք կատարում, մենք էլ փնթփնթում եք, դա կապիտուլացիա չէ, մենք դեռ դիմադրում ենք, Ալիևն էլ ասում է, որ դիմադրում ենք, երկրորդ անգամ կգա բռունցքը մեզ վրա, իսկ մենք այդ բռունցքին պատրաստ ենք։ Ի՞նչ ենք անում մենք․ 2,5 մլրդ տալիս ենք, ֆուտբոլն ենք զարգացնում, 70 մլն տալիս ենք, Երևանի կենտրոնում համերգ ենք անում, 12 մլն դոլար տալիս ենք, քաղաքն ենք զարդարում, հիմա վերջացան տոները, մնաց մեր իրականությունը, իսկ իրականությունը դաժան է, զինվորը ժիլետ և սաղավարտ չունի խրամատի մեջ, սա է իրականությունը, մենք պետք է ուժեղանանք, դու ուժեղացի, քո փայ կռիվը արա, հետո նայիր շուրջդ, եթե նույնիսկ գետնի վրա մի հատ մրջյուն է գնում, դու առանց կոշիկի բաց ոտքով տրորում ես, ինքը սատկում է, ճիշտ է՝ ինքը տրորվեց, բայց երկրորդ անգամ այդ մրջյունը տրորելիս մտածում ես, քանի որ ոտքդ ցավացել է, իսկ հիմա, թող մենք կծենք Ադրբեջանին, մեր մասով այդ ժամանակ մեզ կօգնեն։ Մենք պետք է ուժեղանանք, երբ որ ուժեղանում ենք, հնարավորությունների ընտրությունը մեծանում է, իսկ երբ որ դու թույլ ես, հնարավորությունների ընտրությունը փոքր է»։