Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:50 11-01-2023

Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ  վարչապետինը․ Վահե Հովհաննիսյան

Երեկ միաժամանակ տրվող ասուլիսներից Ալիևի ասածները մեզ համար նվազ վտանգավոր էին, քան՝ ՀՀ վարչապետինը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Հնչեցվել են պաշտոնական Երևանի՝ խիստ վտանգավոր, անհեռանկար ու մեր երկիրը ողբերգության տանող տեսակետները։

Այդ ասուլիսը բաժանարար գիծն է՝ մենք հո՞տ ենք, թե՞ հասարակություն, մենք արժանապատվություն ունե՞նք, թե՞ ոչ, պետությունը պահո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Հանրային բոլոր դեմքերն այս հարցին պետք է անհատապես պատասխանեն։ Թաքնվելու լիմիտը սպառվել է։

Պետությունը և պետության ղեկավարի երեկվա ասուլիսն անհամատեղելի չեն։ Կա´մ չպետք է լինի այդ ղեկավարը, կամ՝ պետությունը։ Սա պետք է հասցնել յուրաքանչյուր քաղաքացու։ Սա ընտրություն է, որին պետք է մասնակցենք։

Առաջին անհրաժեշտ քայլերն են.
Ընդդիմադիր խմբակցությունների բաց նիստ՝ տեսախցիկների առաջ, առաջնորդների մասնակցությամբ։ Պետք է պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին։ Գործող վարչապետը ի լուր աշխարհի ձևակերպեց Հայաստանի համար բոլոր վտանգավոր մոտեցումները։ Փակ, նեղ կազմով և այլ ձևաչափերի ժամանակը անցել է։ Հիմա ամեն ինչ բաց խաղաքարտերով է գնում։ Ժողովուրդը, դաշնակիցները, հարևանները և հակառակորդը պետք է տեսնեն, որ Երևանում (և բնության մեջ) կա այլ, հակառակ տեսակետ, իրավիճակի դեէսկալացիայի շուրջ կան նաև այլ մոտեցումներ, մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու ա´յլ տեսլական։ Սա պետության համար կենսական կարևորության է։ Իշխանության տեսակետին հակառակ ընկալելի ինստիտուցիոնալ տեսակետ՝ աշխարհի համար, կարող է ձևակերպել միայն տիտղոսային ընդդիմությունը։ Ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է բոլոր ընդդիմադիր պատգամավորների և առաջնորդների անհատական և միասնական հստակ դիրքորոշումը, գործողությունների ծրագիրը։

Հանրային իմպիչմենտի պրոցես. այս իշխանությունն ասում է՝ ձեր անվտանգությունը չեմ կարողանում երաշխավորել։ Հետևաբար՝ այն այլևս իրավունք չունի լինել իշխանություն։ Հանրային բոլոր շերտերը պետք է ներգրավվեն նոր իշխանության ձևավորման պահանջի պրոցեսին. սա պետք է դառնա Հայաստանի մթնոլորտը։ Հանրային որևէ դեմք այլևս չպետք է խուսափի, այլևս թաքնվելու հնարավորություն չի կարող լինել։

Երեկվա ասուլիսով, ըստ էության, չեղարկվել են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև երեկ ասվել է այն ամենի հակառակը, ինչ ասում էր նույն անձը՝ ժողովրդից քվե խնդրելու ժամանակ՝ ընտրություններից առաջ։ Հետևաբար՝ կան բոլոր բարոյական և տրամաբանական հիմքերը՝ գործող իշխանության հեռացման հարցում Նիկոլի ընտրազանգվածի ներգրավման համար։ Եվ կա հրամայական՝ անհատապես ճշտելու ՔՊ պատգամավորներից յուրաքանչյուրի տեսակետը։

Ալիևն ու Նիկոլը երեկ միաժամանակ ու բաց հնչեցրել են հայկական պետության համար սպառնալիք հանդիսացող իրենց տեսլականները։ Երեկվանից հետո Հայաստանում կա քաղաքական մեկ օրակարգ՝ նոր իշխանության ձևավորում։ Ամբողջ օդը պետք է էլեկտրականացվի այս գաղափարով։ Մնացածը հանցակցություն է։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է