Փարաջանով. մի ցուցահանդեսի պատմություն
copy image url

Փարաջանով. մի ցուցահանդեսի պատմություն

Մշակույթ 2 տարի առաջ - 19:32 08-01-2023
1924 թվականի հունվարի 9-ին ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը: Նրա մասին համաշխարհային կինոյի մեծագույն անուններից մեկը՝ Ժան-Լյուկ Գոդարը գրել է. «Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»:



Կենդանության օրոք հալածված, անարգված, մերժված, իսկ մահից հետո մեծերի պանթեոնում ընդգրկված Սերգեյ Փարաջանովի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ շատ հաճախ անհնար է դառնում ճիշտը ստից, հորինվածքը իրականությունից տարբերելը։ Փարաջանովի հազարավոր «ընկերներից, մտերիմներից ու բարեկամներից» քչերի հուշերն են, որոնց կարելի է հավատալ։ Հատուկենտ մարդիկ կան, որոնք իրոք ճանաչել, առնչվել ու մտերիմ են եղել այս մեծ, յուրօրինակ, անսովոր ու հանճարեղ մարդու հետ։ Այդ քչերից մեկը կինոգետ, սցենարիստ Կորա Ծերեթելին է, ով երկար տարիներ եղել է Փարաջանովի ֆիլմերի խմբագիրը։ Կինոռեժիսորի մահից հետո Ծերեթելին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ է գրել իր սիրելի գործընկերոջ մասին։ Դրանցից մեկն այսօր առանձնացրել ենք ձեզ համար.



«...Առաջին անգամ Փարաջանովը կարողացավ զգալ արտասահմանյան ուղևորությունների ողջ հմայքը, երբ նրա հետ գնացինք Մյունխեն։ Ճիշտ է, նա մինչ այդ եղել էր Հոլանդիայում, սակայն այնտեղ հայտնվել էր այն օրերին, երբ փակ էին բոլոր խանութները. այն բոլոր սիրուն հնաոճ խանութները` հին մոմակալներով և սպասքով, ամենատարբեր անհեթեթություններով, որոնց մեծ որսորդն էր «հնոտիասեր» Փարաջանովը։ Նա սարսափելի հիասթափված էր Հոլանդիայից և հանդարտվեց միայն ինչ-որ հնոտիքի շուկայում. այնտեղ գնելով ամենատարբեր աղբ` էժանագին մատանիներ և այլ չնչին, իրենցից ոչինչ չներկայացնող իրեր, որոնք շատ արագ նվիրեց այլ մարդկանց:

Իսկ այ Մյունխենում ուրախ էր: Տարօրինակ ճանապարհորդություն էր՝ խենթության հասնող: Գերմանացի քննադատ Կլաուս Էդերը ողջ-առողջ է` կարող է հաստատել… Հենց նա էր հրավիրել Սերյոժային՝ Մյունխենի հսկայական մշակութային կենտրոնում նրա ցուցահանդեսը կազմակերպելու համար։ Այս ցուցահանդեսի համար մենք բերել էինք այն լավագույնը, ինչ ուներ Սերյոժան։ Օրինակ. իր ծավալուն կոլաժները, որտեղ շատ ապակի կա, հայելու կտորներ, որոնք սոսնձված էին մակերեսին և փխրուն էին։ Իհարկե շատ բան կոտրվել էր. մենք երկու օր դուրս չեկանք հյուրանոցի համարից` սոսնձեցինք միասին, վերանորոգեցինք այս ամբողջ շքեղությունը:

Հետո նրանք մեզ տարան այդ կենտրոնը. այնտեղ մեզ մի անկյուն տվեցին, որտեղ պետք է լիներ Սերյոժայի էքսպոզիցիան։ Սերյոժան նայեց շուրջը և հանկարծ ինձ ասաց՝ գնանք մոտակա տնտեսական խանութը, ինձ մի բան է պետք։ Ես արդեն սովոր էի նրա հնարքներին և չընդդիմացա։ Գնացինք կենցաղային իրերի մի խանութ, որտեղից գնեցինք մոտ 50 գունավոր լվացքի ամրակներ (շպիլկա). այն ժամանակ ԽՍՀՄ-ում նույնիսկ այդպիսի պարզունակ բաներ չկային: Եվ մի քանի ... պարան: Ես իսկապես չհասկացա, թե ինչու էին նրան պետք լվացքի պարաններն ու հագուստի ամրակները: Բայց ես չհարցրեցի...

Այնուհետև կենտրոնում Փարաջանովը ծանոթացավ ինչ-որ մեկի հետ և համոզեց նրան` բերել բույսերով երկու հսկայական ծաղկաման, որոնցից էլ կապեց պարանները, իսկ պարաններից ամրակների օգնությամբ կախեց իր աշխատանքները։ Պարաններով ստեղծված վանդակի հետևում տեղադրեց իր ինքնադիմանկարը։ Այս տարօրինակ պարանով ստեղծված վանդակը կամ պարիսպը միանգամից ընկալվեց Զոնա` բանտ: Նրա գեղեցիկ գործերը՝ հանցագործների, մարդասպանների և գողերի դիմանկարները, որոնց հետ նա նստել էր բանտում, իր ինքնադիմանկարի հետ հայտվեցին փակ ու արգելված մի տարածության մեջ: Սա և՛ ահավոր էր, և՛ սարսափելի, և՛ գեղեցիկ` իր ձևի մեջ: Դա զոնայի ՊԱՏԿԵՐՆ էր՝ ստեղծված ոչնչից, բառացիորեն կես ժամում, մեր զարմացած աչքերի առաջ։



Հաջողությունն անհավանական էր. մեր «անկյունը» մարդաշատ էր, այստեղ հազարավոր մարդիկ էին կուտակվում։ Իսկ Սերյոժան առանց հոգնելու պատմում էր անթիվ պատմություններ, թարգմանիչը խելագարվում էր՝ օրական 10 ժամ թարգմանելով։ Իսկ Փարաջանովը չէր հոգնում. դա նրա տարերքն էր, խաղի տարերքը։ Նա նաև սիրում էր շփվել, պաշտում էր մարդկանց և ուներ նրանց հետ հարաբերվելու հազվադեպ շնորհ...

Մյունխենում ահա նաև ինչ եղավ. նրան ինչ-որ կերպ գտան արևմտյան ուկրաինացիները` նրանք այնտեղ շատ են, մի ամբողջ սփյուռք։ Նրանք Սերյոժային պաշտում էին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի համար։ Թեև այնտեղ կային բազմաթիվ ֆոլկլորային անճշտություններ, այնուամենայնիվ, ֆիլմը սիրված էր իր ոգու համար։ Այս ֆիլմում նա շատ նրբորեն ֆիքսել էր Արևմտյան Ուկրաինայի, Կարպատների մետաֆիզիկան… Այսպիսով, հենց այս «արևմտամետները», ինչպես իրենք էին իրենց անվանում, պարզապես եկան և տեղավորվեցին հենց այն հյուրանոցում, որտեղ ես և Սերգեյն էինք: Ու առավոտից մինչ երեկո մարդկանց ամբոխը գնում էր նրան այցելության։ Նրանք, ովքեր չէին տեղավորվում սենյակում, պարզապես միջանցքում խցկված՝ սպասում էին իրենց հերթին։ Նման բան, հավանաբար, այս շքեղ հյուրանոցն իր կյանքում չէր տեսել…

Նրանք հենց այնպես չէին գալիս, այլ բոլորը նվերներով էին։ Նվերներով մտնում էի սենյակ և այնտեղից դուրս էին գալիս Սերգեյի ընծաները ձեռքներին: Սա նվերների ինչ-որ անվերջ շարան էր՝ ետ ու առաջ, ետ ու առաջ: Կլաուս Էդերը նույնիսկ մի սնդուկ գնեց այս ընծաների համար, սնդուկ, որը հետո մի կերպ փակվեց…

Վերադարձից հետո Թբիլիսիում Սերգեյը կազմակերպեց մի խնջույք, որի ժամանակ նա հանդիսավոր կերպով ամբողջը նվիրեց իր բոլոր հարևաններին։ Նա բաժանեց բոլոր «արևմտյան» նվերները. ուլունքավոր գլխարկները, մի քանի մորթե շարֆերը, որոնք նրան նվիրել էին երկու տարեց կանայք, ջինսերը...



Փառք Աստծո, արձանը ոչ ոքի չնվիրեց։ Այնտեղ՝ Մյունխենում, մի միլիոնատեր նրա պատվին շքեղ ընդունելություն էր կազմակերպել և խնջույքի ժամանակ նվիրեցին մի հսկայական գիպսե արձան՝ մոտ երկու մետր, որտեղ պատկերված էր առլեքին, բայց շատ նման սովորական մարդու։ Այս եզակի իրը, որը մենք հետներս բերեցինք Թբիլիսի, այժմ պահվում է Երևանում` Փարաջանովի թանգարանում»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն