Արդեն 13 օր է փակ է Բերձորի ճանապարհը, Հայաստանից և Արցախից հնչում են կոչեր քայլարշավով կամ ավտոշարասյուներով գնալ և բացել ճանապարհը։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ այդ կոչերը կամ ավտոարշավները ոչինչ չեն տալու։ Բնականաբար, այդ դեպքում մեծանալու է սադրանքների հավանականությունը, իսկ ադրբեջանցի սադրիչները պրոֆեսիոնալներ են ու դա կարող է բախումների հանգեցնել, մի բան, ինչից այսօր ռուսական կողմը խուսափում է։ «Ռուսական կողմը ամեն ինչ անում է, որպեսզի առանց բախումների և բռնության կիրառման այդ հարցերը լուծվի»։
Նա ընդգծեց, որ խաղաղապահներն իրավունք ունեն զենք կիրառելու միայն, եթե իրենց դեմ զենք կիրառվի, այս դեպքոփւմ զենք կիրառելու համար ռուս խաղաղապահներին մանդատ է պետք, իսկ Հայաստանի օրվա իշխանությունները ոչինչ չեն անում, որ Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահները մանդատ ստանան։
«Հիմա գերխնդիրը դա պետք է լինի, որովհետև այդ դեպքում խաղաղապահների պարտավորություններն ու իրավասություններն ընդլայնվելու են՝ մանդատ ստանալուն զուգահեռ։ Առաջնահերթ այդ մանդատի հարցը պետք է լուծեին, որովհետև այդ մանդատն է որոշելու՝ ռուս խաղաղապահն իրավունիք ունի բռնություն կիրառել ճանապարհը փակողների նկատմամբ, թե ոչ։ Հիմա խաղաղապահներն իրավունք ունեն զենք կիրառել, եթե պաշտպանվում են, բայց ոչ ավելի։ Ասելիքս այն է, որ խաղաղապահներն այսօր գործառույթ չունեն ճանապարհ բացելու։ Ավելին՝ Հայաստանից գնացողները նույնպես չեն կարող այդ ճանապարհը բացել։
Այդ ճանապարհը իրականում առաջին օրը կարող էին բացել Արցախի մեր հայրենակիցները, և ճանապարհին գտնվող 10-15 հոգին։ Արցախից 20-30 կին առաջին օրը կարող էին գնալ ու այդ տղամարդկանց սիրով ճանապարհից դուրս հրավիրեին, ես վստահեցնում եմ, որ այդ տղամարդիկ ստիպված էին լինելու ընկրկել։ Ավելին․ դրանից հետո, քանի որ հասկանալի է, որ ճանապարհը փակելու ամենահարմար տեղը Շուշի-Լիսագոր հատվածն է, որտեղ նաև ադրբեջանական անցագրային կետ կա և որտեղ պարեկները զինված կանգնած են, այդտեղ ոչ թե ադրբեջանցիներ պետք է լինեին, այլ պետք է լիներ հայկական կողմը, այսինքն, այնտեղ շուրջօրյա հերթապահություն հայերը պետք է իրականացնեին, որպեսզի ադրբեջանցիներին թույլ չտային այդ հատվածից իջնել ու ճանապարհը փակել։ Սա պետք է անեին Արցախի իշխանությունները»։
Նա ընդգծեց, որ ավելի քան վստահ է, որ Հայաստանից կամ Արցախից որևէ քայլերթ չի բացելու ճանապարհը, ճանապարհը բացվելու է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում, մինչդեռ, Հայաստանի վարչապետի պարտականություններ կատարող անձի հանձնարարականով ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող անձը՝ չգնաց Մոսկվա, հիմնավորելով, թե ճանապարհը փակ է՝ չեն գնում բանակցությունների։
Հավանաբար այդ անձինք հիշողության կորուստ ունեն, երբ մեր զինծառայողներին գերեվարում էին, բռնության են ենթարկում, խոշտանգում էին, երբ մեր տարածքներն էին օկուպացնում, ինչու էին դրանից հետո մեծ ջերմությամբ հանդիպումներ ունենում Էրդողանի ու Ալիևի հետ։ Այն ժամանակ էլ նույն կեցվածքը պետք է ընդունեին ու չգնային հանդիպումների, իսկ հիմա ակնհայտ է, որ չգնալու պատճառը, ըստ այդմ՝ ես էլի վստահեցնում եմ որ ճանապարհը բացվելու է բանակցությունների արդյունքում, ավելին՝ չեմ բացառում, որ Մոսկվայում Լավրով-Բայրամով բանակցությունների արդյունքում արդեն կա որոշում միջանցքը բացելու»։
Նա նաև ընդգծեց, որ Լավրով-Բայրամով բանակցոթյունների արդյունքում մի ուշագրավ հայտարարություն ևս եղել է։ «Լավրովն անդրադառնալով հանքերի շահագործմանը՝ նշելով, որ Խաղաղության պայմանագրում դա նույնպես պետք է ներառվի։ Սա նշանակում է, որ հիմա Ադրբեջանը, Թուրքիան և
Հայաստանն ամեն ինչ անում են, որ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը չլինի, մինչդեռ եթե կա «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միավորը՝ անկախ ստատուսից՝ ուրեմն կա այդ տարածքում ապրող բնաչկություն, եթե կա բնակչություն, ապա կա այդ քաղաքացիների անվտանգությունն ապահովող զորակազմ՝ այս դեպքում՝ ռուս խաղաղապահները։ Այսինքն, միայն այդ բառակապալցությունը թույլ է տալու, որ այդ տարածքում բավական երկար ժամանակ՝ 5 տարի անց էլ այդ տարածքում ռուս խաղաղապահներ լինեն»։