Ինչո՞ւ չկա վառելիքի պաշար․ Արցախը ամենաքիչը մեկ տարվա պարենի պաշար պետք է ունենար
copy image url

Ինչո՞ւ չկա վառելիքի պաշար․ Արցախը ամենաքիչը մեկ տարվա պարենի պաշար պետք է ունենար

Ներքին 2 տարի առաջ - 23:49 22-12-2022
«Առաջին հայացքից հանգիստ իրավիճակ է, բայց բոլորի դեմքերին կա լարվածություն, անհանգստություն, մտահոգություն, թե ի վերջո դեպի ուր պետք է գնանք, և ի վերջո ինչպես է հանգուցալուծվելու այս հարցը»,- այս մասին Oragir.News-հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով այս պահին արցախի բնակչության վիճակից։

Հակոբյանը նշեց, որ Արցախում բնակվողը, գիտակցում է խնդիրը և ամեն կերպ փորձում արգելք դնել իշխանությունների առջև, ովքեր փորձում են անհամաչափ զիջումների գնալ։

«Առաջվա խառնաշփոթը մի տեսակ հանդարտվել է՝ կապված խանութների հետ, մարդիկ իրենց առօրյա առևտուրն են անում, խանութները, այնպես չէ, որ ամբողջությամբ դատարկ են, բայց կան բաներ, որոնց պակասությունը զգացվում է․ դա հիմնականում բանջարեղենն է»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ասաց նաև, որ մարդիկ մտածում են, որ առանց դրա էլ կարելի է ապրել, որովհետև առջևում իրենց սերունդների ապագայի հարցը պետք է լուծվի։

Հետաքրքրվեցինք Հակոբյանից, թե որն է պատճառը, որ տեղի իշխանությունները չեն մտածել նման դեպքերից խուսապելու համար պարենի ավելի երկարաժամկետ ապահովման մասին, Հակոբյանն ասաց. «Մենք ամբողջ օրը այդ առումով իշխանությունների հետ ունենք անհամաձայնություններ, մեր քաղաքական ուժը և էլի շատ պատգամավորներ ընդդիմադիր խմբակցություններից, ովքեր երկու տարի, այդ թվում էլ մենք, անընդհատ խոսում էինք այն մասին, որ անվտանգային բաղադրիչներ կան ամեն տեղ և անվտանգային բաղադրիչը միայն սահմանի չէ և այն հարցերը, որոնք այս պահին մեր առջև ծառացել են, մենք բարձրացրել ենք, երկու տարի շարունակ։ Արցախի նախագահը անընդհատ խոսում էր գյուղատնտեսության զարգացման մասին, ջերմոցային տնտեսությունների, ֆերմաների մասին, իսկ այսօր Արցախում բանջարեղեն չկա, այսինքն՝ ես չգիտեմ՝ իրականում այդ գումարները ծախսվեցին, բայց դեռևս չեն հասցրել արդյունք տալ, թե իրոք անարդյունավետ են ծախսվել, որովհետև բոլորովին վերջերս՝ մինչ շրջափակումը, մենք քննարկում էինք այդ հարցը անընդհատ բարձրացնում էինք, քանի որ Կառավարությունն էլ անընդհատ բաց էր թողնված, մեր հարցին այդպես էլ պատասխանող չեղավ, այսինք, այո՛, դա իրենց թերությունն է․ ինչո՞ւ չկա վառելիքի պաշար, ամենաքիչը նման երկիրը պետք է մեկ տարվա պաշար ունենա»,- ասաց Հակոբյանը։

«Այս պահին մենք կոնկրետ չունենք ալյուրի պակաս, որը շատ կարևոր է, իսկ խանութները, որոնք դեռևս կարողանում են առևտուր անել և այնքան էլ դատարկ չեն, նրանով է պայմանավորված, որ տոնական օրերի հետ կապված շատ են ապրանք ստացել և պահեստավորել, հիմա էլ վաճառում են։ Նաև սահման է դրված․ ապրանքատեսակները մեկից ավել չեն տալիս հաճախորդներին, և այդպես ինչ-որ չափով կարգավորվել է խնդիրը, բայց էլի եմ ասում ինքնակազմակերպման արդյունքում»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ օրեր առաջ Oragir.News-ի հետ կապ հաստատած քաղաքացին ասաց, որ խանութներում կարտոֆիլ չկա, Հակոբյանն արձագանքեց. «Եզակի դեպքեր կլինեն, ամեն դեպքում 120000-ից ոմանք կդժգոհեն կարտոֆիլ չլինելուց, մյուսը՝ շաքարավազ չլինելուց, բայց այդպիսի դեպքի ես չեմ հանդիպել, ինձ հանդիպած բոլոր մարդիկ ասում են՝ ինչ է եղել, առանց կարտոֆիլ հնարավոր չէ՞ ապրել, կարևորը մենք կարողանանք ամուր, միասնական մնալ, որպեսզի որևէ մեկը չփորձի, ներկայացնելով այս ամենը, հումանիտար ճգնաժամի անվան տակ 120000 հայի փրկելու համար զիջումների գնալ»,- ասաց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված