Ես նկարները ոչ թե նկարում, այլ մտածում եմ
copy image url

Ես նկարները ոչ թե նկարում, այլ մտածում եմ

Մշակույթ 2 տարի առաջ - 01:13 16-12-2022
1866 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում ծնվել է ռուս նկարիչ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից Վասլիլի Կանդինսկին։

Թեև նա հայտնի է որպես ռուս մեծ արվեստագետ, այնուամենայնիվ նրա ծագումը և՛ եվրոպական է, և՛ ասիական: Նրա մայրը ռուս է, տատիկը՝ մոնղոլ իշխանուհի, իսկ հայրը՝ սերբ, որը սերում էր հնագույն Կիախտա ընտանիքից։

Վասիլին մեծացել է ապահովված ընտանիքում։ Օդեսայում ավարտել է միջնակարգ դպրոցը և ուսման ընթացքում հանդես եկել որպես սիրողական դաշնակահար ու թավջութակահար։

Երաժշտական հրաշալի ընդունակություններ ունեցող Կանդինսկին ընդունվեց Մոսկվայի համալսարան և ավարտեց իրավագիտության և տնտեսագիտության ֆակուլտետը։ Արվեստի և գույնի հանդեպ նրա հետաքրքրությունը ի հայտ եկավ, երբ սկսեց ուսումնասիրել քաղաքի ճարտարապետությունը և համաշխարհային արվեստի պատմությունը:



Երեսուն տարեկանում Կանդինսկին որոշեց փոխել մասնագիտությունը։ Նա արվեստագիտության դասընթաց անցավ Անտոն Աժբեի մասնավոր դպրոցում, ապա ընդունվեց Մյունխենի Գեղարվեստի ակադեմիա։ Նկարիչը բազմիցս խոստովանել է, որ իր գեղարվեստական ​​ամենամեծ ոգեշնչումներից մեկը եղել է իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեն։

Գերմանիայում Կանդինսկին մշակեց գեղանկարչության բնագավառում գույնի «ռիթմիկ» օգտագործման նորարարական հայեցակարգը, ապա գրեց իր «Հոգևորի մասին արվեստում» հայտնի տրակտատը և պատկերային գեղանկարչությունից անցնում կատարեց աբստրակցիայի։ 1909 թվականին նկարիչը ստեղծեց «Նոր Մյունխենյան գեղարվեստի միավորումը», ապա «Կապույտ ձիավոր» ալմանախն ու նույնանուն խումբը, որի անդամներն էին հայտնի էքսպրեսիոնիստ նկարիչներ Ֆրանց Մարկը, Ալեքսեյ Յավլենսկի, Պաուլ Կլեեն։

Գերմանիայում տասնվեց տարի սովորելուց և ստեղծագործելուց հետո Կանդինսկին Մյունխենից վերդարձավ Մոսկվա, սակայն նա հայրենիքում իրեն օտար էր զգում։ Առաջին մի քանի տարիներին նա արվեստով գրեթե չէր զբաղվում և փորձում էր ընտելանալ նոր միջավայրին:



Որոշ ժամանակ անց նկարիչը հաղթահարեց հոգևոր անջրպետը և միացավ ռուսական արվեստի աշխարհին։ Ավելին. նա օգնեց Մոսկվայում ստեղծել գեղարվեստական ​​մշակույթի ինստիտուտը՝ դառնալով կրթօջախի առաջին տնօրենը։ Ի վերջո Կանդինսկին հասկացավ, որ իր գեղարվեստական ​​սպիրիտուալիզմը տեղ չունի ռուսական արվեստի գերիշխող հոսանքների` սուպրեմատիզմի և կոնստրուկտիվիզմի կողքին։ Նյութապաշտությունն ու անհատին փառաբանող այս ուղղությունները միանգամայն հակասում էին Կանդինսկու ոգեպաշտական ​​հայացքներին։ Նա ստիպված էր լքել Ռուսաստանը և 1921 թվականին կրկին հայտնվեց Գերմանիայում։

1922-ից Կանդինսկին սկսեց աշխատել «Բաուհաուսում»՝ դառնալով դպրոցի նշանավոր տեսաբանը։ 1928-ին նկարիչը Գերմանիայի քաղաքացիություն ստացավ, բայց երբ 1933 թվականին իշխանության եկան նացիստները և փակեցին «Բաուհաուս»-ը, բռնագրավեցին դպրոցի արվեստի գործերի մեծ մասը, այդ թվում նաև Կանդինսկու ստեղծագործությունները, նկարիչը ստիպված տեղափոխվեց Փարիզ։ 1939 թվականին Վասիլի Կանդինսկին դարձավ Ֆրանսիայի քաղաքացի, սակայն արվեստների մայրաքաղաքում նկարչի կյանքը շատ կարճ տևեց։ Նա մահացավ 1944 թվականին ու թաղվեց Փարիզի մերձակա Նյոիի Նոր գերեզմանատանը։



Դեռևս կենդանության օրոք կանխագուշակելով ապագան` Կանդինսկին ասել է, որ իր արվեստը կգնահատվի իր մահից 200 տարի հետո միայն։ Նկարիչն, իհարկե, սխալվել է, քանի որ նրա արվեստը շատ ավելի վաղ ճանաչելի դարձավ ու համարվեց հանճարեղ։

Այսօր Կանդինսկու աշխատանքներն ընդգրկված են համաշխարհային արվեստի հարյուր ամենաթանկ ստեղծագործությունների շարքում։ Տասնյակ միլիոնավոր դոլարները սովորական գին են այս նկարչի ոչ ամենաթանկ գործերի համար։ Նրա «Rigide et courbe»-ն 2016 թվականին վաճառվեց մոտ քսանչորս միլիոն դոլարով։ Մինչ այդ քսաներեք միլիոնով արդեն վաճառվել էր նկարչի «Studio für Improvisation 8» աշխատանքը։



Կանդինսկին այսօր արտերկրում համարվում է Ռուսաստանի ամենաճանաչված արվեստային բրենդը։ Նրա հետ մրցում է միայն Կազիմիր Մալևիչը։ Պատահական չէ, որ Կանդինսկու նկարների մոտիվներն օգտագործվեցին 2014 թվականին Սոչիի Օլիմպիադայի բացմանը։ Իսկ մինչ այդ նրա պատկերների հիման վրա ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում անցկացվող G20 միջազգային գագաթնաժողովի տարբերանշանը։

Կանդինսկու արվեստի հաջողության գաղտնիքը լավագույնս ներկայացրել է հենց ինքը` նկարիչը. «Ես նկարները ոչ թե նկարում, այլ մտածում եմ։ Իմ խնդիրն է միայն` կտավին փոխանցել հույզերն ու մտքերը։ Եվ եթե դիտողը երկար նայի իմ նկարներին, կտեսնի ինքն իրեն ու իր ներաշխարհը։ Իմ նկարները մարդկային հոգու հայելին են։ Սա նկարչություն չէ, սա հոգեբանություն է»։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված