Միտք 3 տարի առաջ - 13:59 14-12-2022

Ատելության դեմ միակ համարժեք պայքարն ատելությունն է և ուժի ցուցադրումը. Վազգեն Մանուկյանի կոչը ժողովրդին


Ատելության դեմ միակ համարժեք պայքարն ատելությունն է և ուժի ցուցադրումը։ Կվախենան, կհանդիպեն դիմադրության՝ կհանդարտվեն: Այս մասին ժողովրդին ուղղված իր կոչում նշել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նրա կոչը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր պետության, ժողովրդի գոյության առջև այժմ կանգնած է ոխերիմ թշնամի՝ Ադրբեջանը։

Տասնյակ տարիներ այդ ժողովրդին քարոզվել է ատելություն և արհամարհանք մեր հանդեպ։ Բոլոր ռազմական գործողությունների ժամանակ նրանք այդ ատելությունը ցուցաբերել են մեր զինվորների, գերիների, խաղաղ բնակչության նկատմամբ՝ կատարելով անմարդկային վայրագություններ։

Ադրբեջանի պայքարը միայն Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու քաղաքական պայքար չէ։ Այդ պայքարն ուղղված է մեր պետության, մեր ժողովրդի դեմ, և ատելության քարոզչությունը, Սևանը, Երևանը գրավելու իրենց նպատակները չեն դադարել անգամ 44-օրյա պատերազմում ունեցած հաջողություններից հետո։

Եվ հիմա ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի (ինչպես որ ստորագրվել ու խախտվել է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը), ինչ պայմանավորվածության էլ գանք, դա ընդամենը ժամանակավոր դադար է լինելու Ադրբեջանի համար, որպեսզի նրանք ևս մի քայլ անեն իրենց նպատակների ուղղությամբ։

Այդ ատելությունն աճելու է նաև Ադրբեջանում ներքին խնդիրների, իշխանության ներքին պայքարների ընթացքում։ Հակադրվող ուժերը մրցելու են միմյանց դեմ՝ միավորներ շահելով այդ ատելությունը ցուցադրելու հաշվին։

Ատելության դեմ միակ համարժեք պայքարն ատելությունն է և ուժի ցուցադրումը։ Կվախենան, կհանդիպեն դիմադրության՝ կհանդարտվեն։

Վերջիվերջո իրենք են մորթել ու գլխատել մեր զինվորներին ու խաղաղ բնակիչներին, անդամահատել մեր կանանց, գնդակահարել մեր գերիներին։ Ո՞նց կարող է դա մեզ մոտ չբերել ատելության և գոնե բնազդային ձգտման պաշտպանելու մեր երկիրն ու ժողովրդին։

Իհարկե մեր կողմից պետք է լինի քաղաքական պայքար, խելոք վերլուծություններ, համագործակցություն մեր դաշնակիցների հետ, միջազգային հարթակի ակտիվ օգտագործում։ Բայց եթե չկա գիտակցում, որ մեր դեմ կանգնած է մեզ ատող և հետևողականորեն մեզ ոչնչացնելու ձգտող թշնամի, մենք ոչ մի բանի չենք հասնի, հատկապես այս պայմաններում, երբ աշխարհը մտել է մի նոր վիճակի մեջ, որտեղ միջազգային օրենքներն ու պայմանավորվածություններն արդեն սկսում են չաշխատել։

Այն իշխանությունը, որը չկարողանա ցույց տալ ուժ, ապահովել միասնական կամք թշնամու դեմ և այդ դիրքերից խոսել աշխարհի հետ, երկիրը կտանի կործանման։
Մեր ժողովրդի մի մասն ատում է Ռուսաստանին, մի մասն ատում է Արևմուտքին, բոլորն ատում են իրար։

Սիրելի՛ ժողովուրդ,
Եթե այդ ողջ ատելությունն ուղղվի ոչ թե թվացյալ, այլ մեր իրական թշնամու դեմ, ապա կլինի և՛ միասնություն, և՛ ուժ, և՛ հաղթանակ»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև