Որդի՛, ես շատերին եմ օգնել․․․ ես ծնողի պես բան եմ
copy image url

Որդի՛, ես շատերին եմ օգնել․․․ ես ծնողի պես բան եմ

Մշակույթ 2 տարի առաջ - 23:09 13-12-2022
Հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Նա իր ապրած ժամանակների ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ Ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Մանթաշյանցը ֆինանսավորել է նաև Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Այս հայ մեծահարուստ գործարարի մասին բազմաթիվ պատմություններ ու հուշեր կան գրված։ Նրան հիշում, մեծարում և գնահատում են իր կատարած բազմաթիվ բարեգործությունների շնորհիվ։ Հատկապես, որ դրանք ուղղված են եղել հիմնականում հայ եկեղեցուն, մշակույթին ու երիտասարդ սերնդի կրթության գործին։



Ալեքսանդր Մանթաշյանցի կատարած հազարավոր բարի գործերից մեկի հուզիչ պատմությունը օպերային երգիչ Տիգրան Նալբանդյանը պատմել է Ռուբեն Զարյանին։

Երբ Տիգրան Նալբանդյանը ավարտում է Պետերբուրգի կոնսերվատորիան, նրա դասախոս Ս. Գեբելը խորհուրդ է տալիս իր ուսանողին` ձայնը մշակելու համար մեկնել Միլան։ Սակայն, նյութական սուղ միջոցներ ունեցող երիտասարդ երգչին դա միայն գեղեցիկ երազ էր թվում։ Թիֆլիսում Նալբանդյանին ընկերները համոզում են օգնության խնդրանքով դիմել մեծահարուստ Մանթաշյանցին։

«Եվ ահա, օրերից մի օր անվստահ ծեծեցի Մանթաշյանցի դուռը»,- պատմում է երգիչը։

- Ձայնս կատարելագործելու նպատակով ցանկանում եմ երկու տարով մեկնել Իտալիա` Միլան քաղաքը, բայց դրամ չունեմ,- հուզված պարզաբանեցի իմ այցելության նպատակը։

Մանթաշյանցի այն հարցին, թե «լա՞վ ձայն ունես», անկեղծորեն պատասխանեցի. «ուսուցիչս գովում է»։ Ինձ հրավիրեց իր առանձնասենյակը ու հանկարծ ասաց. «դե մի բան երգիր, լսեմ»։

Անակնկալի եկա, բայց ինքս ինձ հավաքեցի և երգեցի հանրածանոթ «Կռունկը»։

Մանթաշյանցը ապշած ու հուզված դեմքով, կլանված լսում էր հարազատ ու հոգեթով մեղեդին. «Մեկ անգամ էլ երգիր»,- այս անգամ խանդաղատանքով ասաց նա։

Աչքերն արցունքախառն ժպտում էին, ինքը ոգևորված էր ու սիրալիր.

-Հաղթեցիր,- ասաց նա,- մանրամասն հաշիվ ներկայացրու, թե ինչքան դրամ է պետք երկու տարվա համար, չմոռանաս նաև ճանապարհածախսը, տան վարձը, հագուստիդ և էլի մանր ծախսեր ու բեր ինձ,- հետո մի պահ մտածեց ու ավելացրեց,- բայց մի պայմանով,- կատակախառն, կես լուրջ, կես հանաքով ավելացրեց նա,- տարին մեկ անգամ մեկնում եմ Փարիզ, երբ հեռագրեմ, անմիջապես պիտի գաս, «Կռունկը» երգես ու նորից հետ վերադառնաս, փողը կփոխանցեմ»։



Տիգրան Նալբանդյանը մեկնում է Իտալիա, երկու տարի կատարելագործվում Միլանում։ Եվ, իրոք, տարին մեկ-երկու անգամ Մանթաշյանցը Փարիզից ու այլ եվրոպական քաղաքներից հեռագրում է, հետն էլ հոգում ճանապարհածախսը ու Նալբանդյանը մեկնում է նշված քաղաքը, մի քանի օր մնում այնտեղ, Մանթաշյանցի համար երգում «Կռունկը» և այլ հայկական երգեր ու վերադառնում Իտալիա։

Մի անգամ էլ, երբ արդեն երգիչը վերադարձել էր Իտալիայից Թիֆլիս, այցելել էր իր բարերարին, «Կռունկը» երգելուց հետո, Մանթաշյանցը կրկին հուզվել էր, ու արցունքն աչքերին ասել. «Տիգրան, որդի, խնդրում եմ մի եկեղեցական երգ սովորիր ինձ համար, թեկուզ «Յորժամը»։

Տիգրան Նալբանդյանը Ներսիսյան դպրոցի սան էր, այնտեղի երգչախմբի մեներգիչն էր եղել, Եկմալյանի սիրած աշակերտներից և շատ լավ գիտեր եկեղեցական երգեր, այդ թվում նաև «Յորժամը»։



Նալբանդյանը շարունակում է իր պատմությունը.

«Զարմանալի բան էր, այդ ամենակարող թվացող, հաղթանդամ ու անսասան մարդը, կարծես հիմնավորապես փոխվում էր, մեղմանում, աչքերին բնորոշ արծվային հայացքը չքանում էր, երբ մի բան էր խնդրում, կարծես այդ պահին միլիոնատերը ես լինեի։ Լսելով նրա խնդրանքը ես անմիջապես երգեցի «Յորժամը»։ Մանթաշյանցը անակնկալի եկավ։ Արցունքներն առատորեն հոսում էին աչքերից և կարծես ամաչելով իր թուլությունից կամացուկ շշնջաց. «Տիգրան, երբ որ...» ու էլ չշարունակեց, խոսքն անավարտ մնաց բերանում։

Տուն վերադարձի ճանապարհին երկար մտածում էի, թե ի՞նչ են նշանակում այդ բառերը։ Ի՞նչ էր նրա խնդրանքը, որից այնքան հուզվել էր այդ անսասան մարդը»։

Տիգրան Նալբանդյանը Իտալիայում հաջողությամբ ավարտելում է դասընթացը, բազմաթիվ համերգներ է ունենում Եվրոպայում։ Ու երբ արդեն ճանաչված երգիչը համերգներով վերադառնում է Թիֆլիս։ Լեփ լեցուն համերգասրահի կենտրոնական օթյակում ողջ ընտանիքի հետ ներկա է լինում նաև Ալեքսանդր Մաթաշյանցը։ Նալբանդյանը պատմում է.

«Հասարակությունը շարունակաբար բուռն ծափահարություններով կրկնել էր տալիս երգերը։ Իմ հաջողությունների գագաթնակետին էի։ Եվ ահա այդ երջանկության պահին, ես հասկացա, որ իմ այս հաջողության համար պարտական եմ իմ բարերարին` Մանթաշյանցին։ Ձեռքս բարձրացրեցի և այդ շարժումով խնդրեցի լռություն։ Երբ դահլիճը խաղաղվեց, ես իմ երախտիքի խոսքը ուղղեցի Մանթաշյանցին և խնդրեցի հասարակությանը ինձ հետ միասին ծափահարել մեծ բարերարին»։

Համերգից հետո Մանթաշյանցն երգչին ասում է. «Որդի, ես շատերին եմ օգնել, նրանց շնորհակալությունն այն է եղել ինձ համար, որ իրենց գործում առաջ են գնացել ու հասել են հաջողության։ Ես ծնողի պես բան եմ, նաև իմ հայությանն եմ ծառայում»։

Այս դեպքից տարիներ անց Թիֆլիսում Տիգրան Նալբանդյանը այցելում է Ալեքսանդր Մանթաշյանցին, երբ նա արդեն ծանր հիվանդ էր ։ Երգիչը պատմում է. «Ինձ տեսնելով խնդրեց նստել, ապա մի պահ լռելուց հետո ավելացրերց. «Վերջին անգամ երգիր խնդրեմ «Յորժամը»։ Մի պահ կարկամեցի, սակայն ինձ հավաքեցի ու երգեցի։ Ինչ-որ անորոշ զգացումից մղված երգեցի մեծ ներշնչանքով։



Մանթաշյանցը շնորհակալական հայացքով ճանապարհեց ինձ և սա իմ վերջին հանդիպումն էր Մեծ բարերարի հետ։ Մի քանի շաբաթ հետո հայտնի դարձավ, որ Պետերբուրգում նա հավիտյան փակել է աչքերը և մահկանացուն կնքել։ Եվ հենց այդ տխուր լուրը ստանալու պահին, հանկարծ մտքովս անցավ Փարիզը, մեր հանդիպումները, այնուհետև նրա խորհրդավոր խնդրանքը` «Յորժամը» երգելու համար, նրա շշուկով արտասանած բառերը. «Տիգրան, երբ որ...»։ Նոր միայն հասկացա այդ անավարտ մնացած նախադասության իմաստը։ Շուտով Մանթաշյանցի աճյունը տեղափոխեցին Թիֆլիս, և ես այս անգամ եկեղեցում կրկին երգեցի նրա սիրելի «Յորժամը», արցունքներս առատորեն թափվում էին աչքերիցս, երգում էի այդ մեծ ու բարի մարդու հիշատակի համար, երգում էի երիտասարդ մարդու հոգու խորին կսկիծով, երգում էի բազմաթիվ հայ այլ երիտասարդների անունից, որոնց հոգում մշտապես վառ կմնա իրենց բարերարի անմար հիշատակը»։
Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված