Անհրաժեշտ է մեծացնել խաղաղապահ կոնտինգենտի թիվը: Այս մասին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«1980 խաղաղապահներ ամբողջ պարագծով սա քիչ է։ Երկրորդ՝ մենք առաջարկել ենք խաղաղապահներին միջազգային մանդատ տալ, ցանկալի է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Սա միջազգային լեգիտիմություն կտա եւ հնարավորություն կտա կանխել նման սադրանքները։ Այժմ խաղաղապահներն իրավասու չեն ստիպելու խաղաղություն պահպանել, ինչպես Կոսովոյում էր եւ այլ վայրերում։
Միջազգային մանդատը նոր որակ կհաղորդի առաքելությանը, և այդ դեպքում միգուցե իրավիճակն ավելի կայուն լիներ։ Տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջազգային համաձայնությունների կոպտագույն խախտում»,- հայտարարեց նախարարը։
Բաբայանն ընդգծեց, որ առանց ռուսական խաղաղապահ առաքելության Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չի ապահովվի։ «Ինչպես արդեն ասացի, մանդատն այլ է Կոսովոյում, Բոսնիայում եւ այլ տեղերում եղած խաղաղապահների մանդատից։ Նրանք հետեւում են, որ կողմերը քաղաքակիրթ կերպով կատարեն իրենց պարտավորությունները։ Բայց եթե կողմերից մեկի մոտ ահաբեկչությունը պետական քաղաքականության աստիճանի է հասել, ապա խաղաղապահները հայտնվում են դժվարին վիճակում։ Ամբողջ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Գալիս է ամբոխը, այդ թվում կանայք։ Դուք, օրինակ, խաղապահների փոխարեն ինչպե՞ս կվարվեք։ Դրա համար մենք ասում ենք՝ անհրաժեշտ է երկարաձգել մանդատը, ավելացնել խաղապահների թիվը եւ միջազգային մանդատ տալ», - ընդգծեց Բաբայանը։
Պատասխանելով հարցին՝ կարող են արդյոք խաղաղապահները ուժային ճանապարհով լուծել հարցը, նախարարը բացասական պատասխանեց․ ուժ կիրառելու լիազորություն չունեն, այս փոքր թվացող հարցը լուծվում է պետական մակարդակով։ «Այն կարող է ինչ-որ մեկին փոքր թվալ, բայց մեզ համար դա կյանքի ու մահվան հարց է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։