Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:36 12-12-2022

Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում․․․ Մեր հիմնական նպատակը եղել և մնում է խաղաղության դարաշրջանը․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին․ այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նոր մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։ «Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում»,- ասաց նա։

Հատվածաբար հիշեցնենք վարչապետ Փաշինյանի պատկերացումները թուրք-ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Այսպես, 2021թ․ օգոստոսի 27-ին Փաշինյանն ասաց․ «Տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք»։ Հետագայում այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ, թե այդ ի՞նչ «դրական ազդակներ էին» Թուրքիայի կողմից, երբ ամեն անգամ Հայաստանի հետ խաղաղության մասին խոսելիս Էրդողանը հիշեցնում էր, որ Ադրբեջանը դեռևս բավարարված չէ խնդրի լուծմամբ և այդ հարցի լուծումը հայ-թուրքական հարաբերությունների հիմքում է։

Այնուամենայնիվ, 2021թ․ հոկտեմբեր 15-ին Փաշինյանը հայտարարեց․ «Հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով, պետք է նշեմ նաև, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին»:

Շուրջ մեկ ամիս անց՝ 2021թ․ նոյեմբերի17-ին նա հիշեցրեց, թե նախկինում ընդգծել է, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը միայն մեզանից չի կախված: «Մենք ասել ենք՝ լինելու են գործողություններ, որոնց նպատակն է առաջին հերթին ապացուցել մեր հանրությանը, որ խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ: Սա ցույց է տալիս, որ այդ ամենը մեր օրակարգն է, և քանի որ մենք դա ընդունել ենք՝ որպես ռազմավարություն, պետք է հետևողականորեն գնանք այդ օրակարգի հետևից»,- ասել է Փաշինյանը:

Չնայած մասնագիտական դիտարկումներին ու քննադատություններին, որ ծնկած դիրքում խաղաղության մասին խոսելը բնավ օգտակար չէ, իրական խաղաղություն կարող է լինել բացառապես ուժային հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ իրական աշխատանքի արդյունքում՝ Փաշինյանը շարունակեց ամեն առիթով հնչեցնել «խաղաղության օրակարգ» ու «խաղաղության դարաշրջան» արտահայտությունները, դա էին կրկնում նաև իրեն շրջապատողները, թիմակիցները։
Օրինակ, 2022թ․ ապրիլի 14-ին վերջերս ԲՀԿ-ից ՔՊ եկած Գուրգեն Արսենյանը հայտարարեց․ «Մենք, սթափ քաղաքական գործիչներ լինելով, պետք է առերեսվենք այդ իրականության հետ, պետք է կարողանանք գնահատական տալ իրականությանը, պետք է կարողանանք որպես հասարակությանն առաջնորդող համակարգ, ուժ, բացատրել, թե ինչի հետ առեսվեցինք, թե ինչ միջավայրում ենք մենք ապրել և ինչ միջավայր կերտել մեր հասարակության համար: Ցավով եմ նշում, որ մենք մեր հասարակությանը մոտավորապես մի 25 տարի գցել ենք մոլորության մեջ․ ամենակարևորը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցն է, այլ հայկականության, և թե ինչ ենք պատկերացնում, երբ ասում ենք հայկականություն»:

2022թ․ մայիսի 11-ին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Փաշինյանն ասաց․ «Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և առ այն, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում»:

2022թ․ սեպտեմբերի 30-ին՝ մարտական այն գործողություններից հետո, որոնց ընթացքում հայկական կողմից զոհվել էր ավելի քան 210 մարդ, Փաշինյանը համառորեն պնդեց իր տեսակետը․ «Մեր հիմնական նպատակը եղել և մնում է այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան: Մենք այդ խնդիրը ձևակերպել ենք իրագործելու համար, մենք չենք հայտարարել, որ ահա, ժողովուրդ, այսօրվանից բացվեց խաղաղության դարաշրջանը: Մենք ասել ենք, որ խնդիր է այդ դարաշրջանը ստեղծելը: Հավատում եմ դրան, թե ոչ, դա առաքելություն է, որը պետք է իրականացնենք: Այդ օրակարգին նվիրվածությունը երբեք չի սասանվել․․․ Խաղաղության մասին խոսել դեռ չի նշանակում հայտարարել, որ խաղաղությունը հաստատված է: Ընդ որում, եթե նույնիսկ մեկ ամիս, 6 ամիս կամ 3 տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է: Խաղաղությունը շատ լուրջ ինստիտուցիոնալ երևույթ է: Խաղաղությունն անհրաժեշտություն է , և մենք պետք է գնանք դրա հետևից»,- ասաց նա:

Հին ճշմարտություն է՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին։ Հնարավոր էր ենթադրել, որ խաղաղության մասին այս խոսույթը մեր իշխանության՝ ժամանակ ձգելու ռազմավարության մասն է՝ ոտքի կանգնելու, բանակը վերազինելու, երկու տարի առաջ և երկու ամիս առաջ և շարունակաբար ակտիվացող մարտական գործողությունների ժամանակ կորսվող մարդկային և նյութական ռեսուրսները վերականգնելու համար, սակայն այն բոլոր որոշումները, որ կայացվում են բանակի, այսպես կոչված, բարեփոխման շրջանակում ևս, հուսադրող չեն։ Իսկ այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ որպես մի միֆային կպչուն միտք, շարունակում է պտտվել հայկական իշխանական տիրույթում՝ հնչելով ավելի ու ավելի անհիմն։