Ազգային ժողովում այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված և կառավարության կողմից երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որոնց համաձայն առաջարկվում է, ըստ նախարարի, պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով:
Քննարկման դրված նախագիծը քննադատություն չունեցավ. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանւթյան նախկին նախարար Սեյրան Օհանյանը միայն նշեց, որ իրենք ներկայացրել էին առաջարկ, որը չի ներառվել նախագծում. առաջարկել էին զինված ուժերի ատեստավորման համակարգը թողնել նույնը, բայց մասնագիտական որակավորման չորս կարգերի համար սահմանված ընթացակարգերն ավելի խստացնել և հավելավճարները տալ միայն այդ կարգավորման համաձայն:
Նախագիծն իր սոցիալական էջում խստորեն քննադատել է ԱՏԱՆ ռազմահայրենասիրական կազմակերպության շտաբի պետ, փորձառու սպա Եփրեմ Մարգարյանը՝ ընդգծելով, որ զինվորական գործից չհասկացողների համար ներկա և նախկին նախարարների խոսքը կարող է տպավորիչ լինել, բայց հասկացողներին դա խիստ նյարդայնացնում է: Նա նշում է, որ լավ միտք է պրոֆեսիոնալ բանակի անցնելը, սակայն այն պատշաճ ձևով չի հանրայնացվել, և հստակություն չկա, թե այդ անցումն ինչպես է արվելու: «Պարոն Պապիկյան, սկսենք նրանից, որ պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար Դուք չունեք համապատասխան պրոֆեսիոնալ կադրեր, որովհետև հետխորհրդային մարտավարությանը տիրապետող ներկա և ժամանակակից բանակներ ունեցող մեր հակառակորդը այսօր ինչ-որ չափով ունի գերազանցություն՝ և՛ բյուջետային, և՛ սպառազինության, և՛ հոգեբանական առումներով»:
Մարգարյանը հարց է տալիս՝ ովքեր են ուսուցանելու այն պրոֆեսիոնալացող բանակում, ի՞նչ կադրերի վրա է դրվելու այդ խնդիրը. «Ես շատ զորամասերում խոսել եմ թե՛ բարձրաստիճան և թե՛ ցածրաստիճան սպաների հետ. միանգամից ակնհայտ է եղել նրանց անգրագիտությունը: Բանակում չեն օգտագործում ճիշտ կադրերին ճիշտ տեղերում. մարդն, ասենք, ունի որոշակի ունակություններ, բայց ինքը ղեկավարում է մեկ ուրիշ օղակ, որն իրեն հասանելի է: Դրա համար էլ այստեղ պրոֆեսիոնալիզմի մասին խոսք լինել չի կարող: Պրոֆեսիոնալ զինվոր, սպա ունենալու համար պետք է հաշվի առնել մարդու բոլոր հնարավորությունները, իսկ այսօր մեր առաջնագծում կանգնածների մեջ մարդ կա՝ իր անուն-ազգանունը գրել չգիտի»:
Պրոֆեսիոնալ բանակի կառուցման հիմքում է ճիշտ զորատեսակների կազմումը, դրանք ճիշտ զենքերով ապահովումն ու այդ զենքերին տիրապետող զորակազմի մարզումը: «Մեր հակառակորդին ուսումնասիրելով՝ տեսել ենք, որ նա հիմնականում շեշտը դնում է հրթիռահրետանային, հատուկ նշանակության և օդուժի վրա: Եվ ցանկացած խնդիր նա կատարում է այս երեք զորատեսակների ճիշտ համակցությամբ: Մենք մնալու ենք նո՞ւյն ստանդարտների մեջ՝ համազորայի՞ն. եթե ասեք՝ ոչ, կառարկեմ, քանի որ սպայակազմի 90 տոկոսը համազորային մարտերից այն կողմ ոչինչ չգիտի: Ովքե՞ր են լինելու սպայակազմի ինստրուկտորները: Բերելո՞ւ են դրսից՝ ՆԱՏՕ-ական ինստրուկտորներ: Պրոֆեսիոնալ բանակի համար առաջին հերթին պետք է զինված ուժերի համարումը պետք է կատարվի ճիշտ հիմքերով: Հաշվի առնելով սպաների ընդհանուր մակարդակը, որ, ավարտելով գյուղինստիտուտի ինչ-որ բաժին, այսօր կրում են սպայական ուսադիրներ, չեն կարող լինել պրոֆեսիոնալ. դա երկար տարիների քրտնաջան աշխատանքի, փորձի փոխանակման ու ինքնակրթության արդյունք է»:
Մարգարյանը փաստում է, որ պրոֆեսիոնալ կադրեր չկան, քանի որ եթե լինեին, մենք կունենայինք այլ դրություն. շատերն էլ զինծառայությունը դիտարկում են՝ որպես մի գործ, ոչ՝ որպես ծառայություն: Նա առաջարկում է ժամանակակից զինատեսակները ձեռք բերելիս արտադրող երկրից հրավիրել հրահանգիչ կամ այնտեղ գործուղել այն սպաներին, որ պիտի տիրապետեն այդ զինատեսակներին, և այնտեղ կրթությունն ավարտելուց հետո էլ ատեստավորվեն համապատասխան մասնագետների կողմից:
Մարտավարության փոփոխությունն առաջին պահանջներից մեկն է, քանի որ, ըստ Մարգարյանի, մեր հակառակորդը հիմնովին փոխել է իր մարտավարությունը, մինչդեռ մեր «խորհրդային» գեներալներից գրեթե ոչ ոք չի տիրապետում նորագույն մարտավարական սկզբունքներին: Իսկ խորհրդային մարտավարության հիմքում ընկած համազորային մարտը հիմա միանշանակ ձախողման է դատապարտված, քանի որ հատուկ ջոկատայինների հարձակումների դեմ այս մարտավարությունն անզոր է. ինչը բազմիցս ապացուցվել է:
«Այն մարդիկ, որ այսօր պաշտոններ են զբաղեցնում մեր զինված ուժերում, իրենց գոռոզությամբ հասել են այնտեղ, որ կորցրել են դիմացինին լսելու ունակությունը: Իրենց դուր չի գալիս, որ իրենց դիմացինը խելացի էլ լինում: Մեր սպան այսօր չի սիրում սովորել, չի սիրում ինքնակրթվել, բայց դրանից է կախված մի գնդի, դասակի կոտորվելը»:
Եփրեմ Մարգարյանն ընդգծում է, որ մարտավարության մշակումը պետք է հրատապ խնդիր լինի, քանի որ առաջիկա պատերազմում մենք պիտի դիմագրավենք ոչ թե մեկ, այլ երեք բանակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի: Այս իրավիճակում, նա վստահ է, ճիշտ չէ պրոֆեսիոնալ բանակի ծրագրի հիմքում դնել սոցիալապես ապահով լինելու երաշխիքը: Պրոֆեսիոնալ հայ զինծառայողը պիտի լինի նախ նվիրյալ, որ պիտի պետականն առաջնային համարող լինի, ազգայինը գերադասի անձնականից: «15 օր սարի վրա 15 օր բոստանում լինողը չի կարող լինել պրոֆեսիոնալ. նա 30 օր պիտի զբաղվի զինվորական գործով, կրթությամբ, և այո, ստանա բարձր աշխատավարձ»,- նշում է հրամանատարը:
Նա կարևորում է որակյալ բազային կրթության վրա դրվող որակյալ զինվորական կրթությունը, մինչդեռ շատերը բանակում այսօր միջնակարգ դպրոցն էլ չեն ավարտել, սեփական անունն են տառասխալով գրում: «Պրոֆեսիոնալը պիտի երեք լեզվով խոսի, ունենա ֆիզիկական հրաշալի տվյալներ, հեռու լինի ալկոհոլիզմից ու թմրանյութերից, որն օգտագործողները շատ-շատ են այսօր՝ զորքի գրեթե կեսը… Մի կողմ դնենք մեր գոռոզությունն ու խոստովանենք՝ եթե մենք այսօր ունենայինք լավ բանակ, մեր հակառակորդը մեզ վրա չէր հարձակվի: Այսօր շատ տեղերում անձնակազմի բացակայության պատճառով դիրքերը չեն պահվում. ինչո՞ւ չեք ստիպում, որ տեղի աշխարհազորը՝ տեղում ապրող մարդը կանգնի ամսվա 5-6 օրը իր երկրի համար: Ես ծառայել եմ պայմանագրային զորամասում, լավ գիտեմ՝ ինչ եմ ասում»:
Կրկին խոսելով նախարարության՝ գետնից կտրված նախագծերի, կանոնների ու օրենքների մասին՝ Մարգարյանը նշում է, որ ցածր աստիճան ունեցող սպաներն ու շարքայինները, որ ստիպված են առաջնորդվել այդ օրենքներով, անթաքույց զզվում են այդ ամենը մշակողներից:
Եթե մարդիկ երբևէ խաղ խաղացել են, պիտի իմանան, որ միայն պաշտպանվելով՝ չես հաղթի, ի հավելումն դրա՝ մեր այդ գործելաոճն անգիր է արել մեր հակառակորդը: «Մեր զինուժին խորը պիտի ուսուցանվի նաև հակահարձակումը: Եթե մենք մի տեղ պաշտպանվում ենք, չի ստացվում, հետ ենք նահանջում, պիտի ունենանք նաև նախահարձակ լինելու ունակություն, որ թողածը վերադարձնենք: Իսկ հիմա ո՞վ է դա ուսուցանում: Կան, թղթի վրա գրված են, դեսանտագրոհային գումարտակներ և այլն: Ես նրանց հարց եմ տվել՝ ինչպես եք պատկերացնում շտուրմը. 41 թվականի պես՝ հրացանն առաջ, ուռա գոռալով: Խայտառակություն»,- ասում է Մարգարյանը:
Ամփոփելով Մարգարյանը կրկին նշում է, որ նախարարների խոսքից ակնհայտ է պայմանագրային զինծառայողներին սոցիալապես շահագրգռելու ցանկությունը, սակայն իսպառ բացակայում է ստանդարտների, մարտավարության, մարտունակության՝ մարտ վարելու ունակության խնդիրներին անդրադարձը. «Պրոֆեսիոնալիզմը՝ միայն թղթի վրա է»:
Կարմեն Մարտիրոսյան