Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները, կամավոր ատեստավորում անցնելու դեպքում, հավելավճար կստանան:
Եթե այժմ շարքային պայմանագրային զինծառայողը, որը մարտական հերթապահություն չի իրականացնում, ամսական ստանում է միջինը 154 հազար դրամ, ատեստավորումից հետո կստանա 216 հազար, իսկ մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողն այժմյան 200 հազարի փոխարեն, կարող է ստանալ մինչև 300 հազար դրամ:
Եթե պայմանագրային զինծառայողը ծառայում է հատուկ նշանակության ուժերում, ստանալու է 100 հազար դրամ ավելի, այսինքն՝ 416 հազար դրամ, դրան կգումարվի նաև ելքերի համար տրվող գումարը: Իսկ լեյտենանտները, բացի այն, որ կստանան բնակարան, ատեստավորումից հետո ստանալու են մոտ կես մլն դրամ աշխատավարձ:
Oragir.news-ը ատեստավորման թեմայի վերաբերյալ զրուցել է պայմանագրային զինծառայողի հետ, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում ասաց. «Հիմա դեռ դրա մասին ոչ մի տեղեկություն չկա, ու չենք կարող կարծիք կազմել։ Բանակը լավ որակի կբերի։ Նրանով է լավ, որ ամեն պատահած չի ընդունվի, քննություն կտա, կանցնի, կհամապատասխանի տվյալներին ՝ կաշխատի, չէ՝ ուրեմն չի՛ աշխատի, որն ազդելու է նաև աշխատավարձի վրա։ Մինչև հունվարը չանցնի, դեռ ոչ մի բան չենք կարող ասել։
Ուսուցիչները ո՞նց են որակի համար քննություն հանձնում, նույնն էլ բանակում են այդ պրոցեսը մտցրել։ Բոլորի վրա դա չի ազդում, ներկա պահին ըստ ցանկության են հանձնում քննությունները։ Այսինքն՝ եթե ուզում ենք մեր աշխատավարձը բարձրանա, պետք է ատեստավորվենք։ Ու ամեն ինչ բարեհաջող լինի, բանակը կկարգավորվի։ Մարդիկ կան, ովքեր պիտանի չեն, չեն կարողանալու քննություն հանձնեն ու բանակն իրեն անպիտան է ճանաչելու, աշխատանքից հանի, ինքը մնա անգործունակ, նման մարդիկ էլ մեզ պետք չեն։
Կարող է հունվարին մեծամասնության կարծիքն իմի հետ համընկնի, դժգոհողներ միշտ էլ լինելու են, հիմա կարող ա ինձ համար էլ այնպիսի պայմաններ լինեն, որ ասեմ՝ վատն է, չեմ ուզում։ Դա ըստ ցանկության է, դժգոհություն պետք է որ չլինի։
Մի տեղ էլ մրցակցային բան է մտնում։ Ես էլ նույն բանն անեմ, իմ կողքի պայմանագրայինն էլ է նույն բանն անելու, ատեստավորումից հետո, օրինակ՝ կստանա կրկնակի աշխատավարձ, ես քիչ ստանամ, դրանից խելացի մարդն էլ կոգևորվի, որ նույն ատեստավորումը անցնի ու ստանա»։
Հիշեցնենք, որ նախարարի խոսքով՝ զինվորական պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության անցնող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը: Այս դրույթը նաև նրանց համար է, դիցուք` 6-րդ ամիսը լրացած ժամկետային շարքայինը դառնում է պայմանագրային, մենք նրան տալիս ենք նվազագույնը 3 և առավելագույնը 4 ամիս հնարավորություն, որպեսզի նա հանձնի ատեստավորում, և ատեստավորվելուն պես նախորդ 3 ամիսների համար կհաշվարկվի հավելավճարը:
Մինչ այդ նա ստանալու է այն աշխատավարձը, ինչ ստանում են սովորական պայմանագրային զինծառայողները, ովքեր դեռևս ատեստավորված չեն: Կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը 3 տարվա համար կկազմի 66 միլիարդ դրամ: Կառավարությունը տրամադրելու է 20 միլիարդ դրամ։