Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տեղափոխությունն առաջարկված հասցե որևէ փոփոխություն չէր տա, բացի վնասից։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը։ Իր խոսքով՝ հարցն այս պահին փակված է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որպես այլընտրանքային հասցե առաջարկվել էր Ներսիսյան 25 հասցեում գտնվող Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի շենքի տարածքը։
«Պետական գույքի կառավարման կոմիտեից ուղղակի նամակ-առաջարկ էինք ստացել՝ կարծիք ստանալու համար։ Մենք էլ հիմնավոր ցույց տվեցինք, որ դեմ ենք այդ առաջարկին։ Նույնկերպ տեղափոխման առաջարկին դեմ էին նաև այն կազմակերությունները, որոնց շենք ուզում էին տանել։
Որովհետև դա նույնպես գործող ու տարածքի կարիք ունեցող գիտական հաստատություն է»,- ասաց նա։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ներկայացուցիչը մեզ տեղեկացրեց, որ շենքի փոփոխման հարցը պատկան մարմիններին ներկայացվել էր իրենց կողմից։ Դրա անհրաժեշտությունն, իր խոսքով, առաջացել էր ինստիտուտի աշխատանքի հսկայական ծավալների պայմաններում շենքի ոչ բավարար մեծությամբ։
«Ես հիմա այլևս տնօրենը չեմ, բայց այն տարվանից, ինչ ես տնօրեն եմ եղել անընդհատ դիմել եմ տարածքի հարցով։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքային պայմանները բացարձակապես բավարար չեն հնագիտական ու ազգագրական հետազոտական աշխատանքներ կազմակերպելու համար։
Մեզ պետք են լաբորատորիաներ, կիրառական ազգագրության առումով մեզ անհրաժեշտ է բակային տարածք, որպեսզի մենք մոդելավորենք տոներ և դա վերադարձնենք հանրությանը։ Մենք բազմաթիվ հուշարձաններ ենք պեղում։ Այդ հուշարձանների գտածոները բերվում ու երկար ժամանակ ինստիտուտում դրվում են։ Դա անելու համար շենքային որևէ նորմալ պայման չունենք»,- ասաց նա։
Հնագետի խոսքով՝ թեև առաջարկվող տարածքը բավականին մեծ է՝ հնագիտությամբ զբաղվողների հետազոտական աշխատանքների համար ադապտացվելը բազմաթիվ միլիոն դոլարների ծախս է ենթադրում։
«Ամբողջ հարցն այն է, որ մեզ առաջարկում էին տարածք՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտից։ Դրանք արտադրամասեր են, լաբորատորիաներ են և այլն․․․ Միայն այդ լաբորատորիաների սարքավորումներն այնտեղից հեռացնելը կարող է տարիների տևել։ Այդ տարածքն, ի վերջո պետք է բերվի այն տեքսի, որ թույլ կտա լիարժեք աշխատել։ Մի խոսքով՝ դա ձեռնտու չէ ո՛չ պետությանը, ո՛չ մեզ։ Դրա համար մենք առաջարկել են, որ այդ գաղափարն առայժմ փակեն։
Եթե վաղը կամ մյուս օրը ավելի լուրջ առաջարկ անեն նոր կմտածենք այդ ուղղությամբ։ Հիմա դա անընդունելի տարբերակ էր»,- ասաց նա։
Պավել Ավետիսյանի խոսքով՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչներն իրենց տեսակետն արդեն իսկ հայտնել են ոլորտի պատասխանատուներին՝ ակադեմիայի ներկայացուցիչներից մինչև նախարար ու այլ պատկան անձինք։ Բոլոր կողմերը միակարծիք են։
«Մի խոսքով,կարծում եմ, որ այդ թեման կասեցված է ու այլևս քննարկման առարկա չի դառնա։ Դա, ըստ երևույթին, չլինող բան է»,- ասաց նա։
Պավել Ավետիսյանն
Oragir.News-ին հայտնեց, որ, հաշվի առնելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կատարած աշխատանքի կարևորությունը, պատկան մարմինները խոստացել են առաջիկայում նոր առաջարկներ ներկայացնել՝ որպես ինստիտուտի գործունեության այլևնտրանքային շենք։