Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:08 14-11-2022

Կա նախարարի հրաման, համաձայն որի՝ դիզվառելիքով ջեռուցումը արգելված է, բայց մենք այլ տարբերակ չունենք․ դպրոցի տնօրեն

«Ջեռուցման մեկնարկը տրվել է նոյեմբերի 1-ից, դասասենյակում 22-23 աստիճան է, նույնիսկ պատուհաններն են բաց մեր դպրոցում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ազատանի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը՝ խոսելով դպրոցի ջեռուցումից։

Ոսկանյանն ասաց նաև, որ դպրոցում գործում է լոկալ ջեռուցման համակարգ, գազով են ջեռուցում։

«Արևկող դասարաններում նույնիսկ 25-26 աստիճան է, ցանկացած պահի կարող եք գալ, տեսնել»,- ասաց Ոսկանյանը։

Oragir.News-ին Աղվորիկի հիմնական դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Թերեզա Սուխոյանն էլ ասաց, որ դպրոցում կարողանում են ապահովել մինչև 18 աստիճան ջերմաստիճան

«Մենք դպրոցում ունենք արևային էլեկտրահոսանքներ խնայող սարք, կուտակում ենք էներգիան, հետո օգտագործում ենք, բոլոր դասասենյակներում մինչև 17-18 աստիճան ապահովվում ենք, մինչև այդքան հասցնում ենք ջերմաստիճանը»,- ասաց նա։

Բագրավանի միջնակարդ դպրոցից էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Մկրտչյանն ասաց. «Նորմալ ջեռուցվում է, տաք է, բոլոր դասարաններում էլ նորմալ ջերմաստճան է, դասարաններ էլ կան, որ նույնիսկ շոգ են»։

Լանջիկի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ ասաց, որ դպրոցում առկա մարտկոցները շարքից դուրս են եկել։

«Մարտկոցները շարքից դուրս եկած են, և եթե որևէ սենյակում այդ մարտկոցը չի աշխատում, էլեկտրական պլիտաներ ենք միացնում»,-ասաց տնօրեն Ծովիկ Հովհաննիսյանը՝ խոսելով դպրոցի ջեռուցումից։

Հովհաննիսյանն ասաց, որ կաթսայատունը դրսում է կառուցված և կորուստներ շատ են ունենում, բայց այս պահին քանի դեռ դրսում տաք է, այդքան էլ ցուրտ չէ, բայց չգիտեն՝ ինչ են անելու երբ «խիստ ձմեռ գա»։

«Հիմա ես մի քանի կազմակերպությունների դիմել եմ, որ տեսնեմ՝ կարող են մեզ օգնել այդ «պարերը» փոխել «եվրո պարերով», որ քիչ ջուր տանի, տարողությունը քիչ լինի ու շուտ տաքանա»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին թե դպրոցի դասասենյակներում առավելագույնը քանի աստիճան են կարողանում ապահովել, Հովհաննիսյանը պատասխանեցին. «Տեղ կա 20,19, 18, միջանցքներում՝ 16․ մեծ դպրոց է ամբողջը պատուհաններ են, դե փոխված է մեծամասնությունը, մնացել է մի տաս հատ հին պատուհաններ»։

Հետաքրքրվեցինք՝ կան դասասենյակներ, որ ջեռուցվում են նավթի վառարաններով, տնօրենը պատասխանեց. «Չէ, չունենք»։

Հետաքրքրվեցինք Հովհաննիսյանից․ իսկ մարզպետարանից որևէ լուծում չեն առաջարկում դպրոցում առկա ջեռուցման խնդրի լուծման համար։ Հովհաննիսյանն ասաց. «Իրենք պետք է ինչ-որ մի բան անեն այս տարի, համայնքի ներդրումն էլ պետք է լինի, Կառավարության ներդրումն էլ պետք է լինի, խոստացել են, որ անեն, իրենց հոգսն էլ է շատ։

Նահապետավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Բակուր Հովհաննիսյանն էլ, արձագանքելով մեր հարցին, ասաց. «Մենք ջեռուցման հետ կապված խնդիր ունենք, այնպես չէ, որ չունենք։ Մենք դիզելային վառելիքով ենք դպրոցը ջեռուցում, դասարաններում վառարաններ են դրված։

«Կա առողջապահության նախարարի հրաման, այդ հրամանին համաձայն՝ դիզվառելիքով ջեռուցումն արգելված է, բայց մենք դիզվառելիքով ենք ջեռուցում, այլ տարբերակ չունենք»,-ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց,-«երբ ես ընդունել եմ դպրոցը բոլոր ինը դասարանները ջեռուցվել են դիզելային վառելիքով, մենք այս տարիուկեսի ընթացքում շինարարական աշխատանքներ ենք իրականացրել՝ վերանորոգման, ապամոնտաժման, մոնտաժման, «եռաֆազ» հոսանքի և այլն, մինչև որ մեր դասարանները դարձել են 10-ը, որոնցից 6-ը շարունակում են ջեռուցվել դիզելային վառելիքով, իսկ չորսը՝ էլեկտրաէներգիայով»։

Հետաքրքրվեցինք Հովհաննիսյանից, թե այդ դիզվառելիքով վառարաններով կարողանում են արդյոք ապահովել դասասենյակներում սահմանված ջերմաստիճանը։

«Օրինակ՝ նախանցած տարի համարյա ապահովեցինք, բայց անցած տարի շատ սառն էր, նորմայից խիստ ձմեռ եղավ մեզ մոտ, չկարողացանք, իսկ այս տարի՝ մինչև այսօր, կարողանում ենք, թե հետագայում շատ խիստ ձմեռ լինի, չենք կարողանա»,- ասաց նա։

Հարցին, թե մարզպետարանից այդ հարցի լուծման տարբերակներ չե՞ն առաջարկում, Հովհաննիսյան ասաց. «Մարզպետարանը ռազմավարություն է մշակել, որ մոտակա երկու տարվա ընթացքում մարզպետարանի ենթակայության ոչ մի դպրոց չպետք է ջեռուցվի դիզելային վառելիքով։ Մարզում 15 դպրոց, ինչքան որ ես գիտեմ, կա, որոնք դեռ դիզելային վառելիքով են ջեռուցվում»։