«Ոչ ոք, այդ թվում՝ նաև հայտնի իրավաբաններն ու դատավորներն այդպես էլ չհասկացան, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Ինչ իրավական ակտ է, և արդյո՞ք այն իրավական ակտ է, թե՝ ոչ»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարության ստորագրումից ու հրապարակումից հետո իր կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ փորձելով Հայաստանի հարցով բեկանել այդ ակտը։
«Հայցադիմումով դիմեցինք առաջին ատյանի վարչական դատարան, դատավոր Ռուզաննա Ազրոյանը մերժեց հայցադիմումն ընդունել։ Պատճառաբանությունները երկուսն էին․ առաջինը՝ դատավորի համար պարզ չէր, թե դա ինչ իրավական ակտ է, և արդյոք դա դատարանում վիճարկելի իրավական ակտ է։ Երկրորդը, որը շատ տարօրինակ էր մեզ համար, դատարանը, փաստորեն, կասկածի տակ առավ այն հանգամանքը, որ ես կամ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն այդ ակտի շահառու ենք։ Շահառու ասելով՝ նկատի ուներ՝ արդյոք այդ ակտը խախտում է անձամբ իմ իրավունքները, թե՝ ոչ։ Միանգամից մերժեց հայցադիմումի ընդունումը»,- ասաց նա։
Հեքիմյանի խոսքով՝ դրանից հետո, իրենք գործընթացը չեն դադարեցրել։ Դիմել են վերաքննիչ դատարան։ Դատարանը վարույթ է ընդունել, սակայն մեկ ամիս անց առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստաթուղթ է, որը հիմա էլ գործում է։
«Շատ մարդիկ, դրա վրա հղում կատարելով, ինչ-որ գործողություններ են անում, ու շատ մարդկանց մեջ են նաև, ենթադրենք, Պուտին Վլադիմիրը, Ալիևը, Փաշինյան Նիկոլը։ Հենց այդ փաստաթղթի վրա հղում անելով՝ իրենք ինչ-որ գործառույթ են անում։ Ինչ-որ ճանապարհ են սարքում, միջանցք են տալիս, մարդկանց իրավունքներն են ոտնահարվում, հայաթափում են իրականացնում։ Ու ասել, որ անհասկանալի է, թե ովքեր են այդ փաստաթղթի շահառուները՝ առնվազն տարօրինակ է»,- ասաց նա։
Կարեն Հեքիմյանի խոսքով՝ Հայաստանում գործող հասարակական ու քաղաքական միավորներից որևէ մեկն այդ փաստաթղթի վիճարկմամբ երբեք չի զբաղվել։
«Շատ տարօրինակ է ինձ համար։ Օրինակ՝ նույն հայցադիմումը դատարան ներկայացնելիս, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դիմել եմ շուրջ 100 տարբեր հասարակական կազմակերպությունների ու քաղաքական միավորումների։ Չեմ ուզում բարձրաձայնել, որովհետև դրանց մեջ կան բավականին պարկեշտ մարդիկ, որոնք ինձ բացատրեցին չստորագրելու մոտիվացիան։ Նրանց մի մասը խուսափում էր գործողություններ անել, քանի որ այդտեղ (նկատի ունի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը-խմբ․) առկա էր Պուտինի ստորագրությունը։ Ինքը սրտանց դեմ է դրան, բայց քանի որ նրա ստորագրությունը կա, ուրեմն նա ինչ-որ բան գիտի։ Մյուս թևը, որ կրկին հրաժարվում էր ստորագրել, արդեն բավականին մանրուքների էր կպչում, որ «սա, մեր կարծիքով, ոչ թե վարչական, այլ․․․ », բայց դրանք մանրուքներ են։ Մարդիկ ուղղակի խուսափում էին ստորագրել դա։ Շառից-փորձանքից հեռու»,- ասաց նա։
Սրանով պայմանավորված, ըստ Հեքիմյանի, Հայաստանի քաղաքական ու հասարակական դաշտի որևէ խումբ չի գործում որպես ինքնուրույն միավոր։
«Այսինքն՝ մարդ, ով ինքն իրենով ինչ-որ բան որոշի։ Անպայման կան ղեկավարներ, ղեկավարների ղեկավարներ ու էդպես ինչ-որ բուրգ։ Բոլորն են էդպես՝ սկսած «Հանրապետական կուսակցությունից», վերջացրած «Դաշնակցությունով» կամ մանր-մունր ինչ-որ միավորներով։ Բոլորն ինչ-որ մեկի կամակատարն են։ Ես դա վստահ ասում եմ։ Մարդիկ հրապարակում այրում են չեղած ինչ-որ խաղաղության պայմանագիր։ Չեղած, չկա։ Իսկ սա, որ արդեն կա ու գործում է, ու սրա հիման վրա է կայացվելու այդ «Խաղաղության պայմանագիրը», ձայն չեն հանում։ Դա աբսուրդ է»,- ասաց նա։
Իր խոսքով՝ փաստաթղթին դեմ լինելու մասին հայտարարությունները դեռևս չեն նշանակում, որ այդ հայտարարությունն անողը պատրաստ է այդ թղթի դեմ որևէ գործողության գնալ։
«Այսօրվա դրությամբ՝ կարող եք մտնել «Դատալեքս» ու տեսնել։ Դրան դեմ եղել է միայն «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն, որը ներկայացրել է հայցադիմում։ Հայցադիմումի տակ ստորագրել ենք ես ու Թաթուլ Մկրտչյանը՝ որպես այդ կազմակերպության անդամներ։ Արդարությունը պահպանելու համար կարող եմ ասել, որ մի հոգի էլ կար՝ Արտյոմ Խաչատրյանը, որ ցանկանում էր ստորագրել։ Չստորագրեց, որովհետև այդ պահին մոտն անձնագիր չկար։ Եվ Սուրեն Սուրենյանցն իր կուսակցությամբ պատրաստակամություն էր հայտնում ստորագրել, բայց ինչ-ինչ պատճառներով չստորագրեց»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանում հաջողության չհասնելու դեպքում արդյոք հնարավոր չէ փաստաթուղթը վիճարկել միջազգային դատարաններում, Հեքիմյանը հայտարարեց, որ այդ քայլին գնալ կարելի է այն ժամանակ, երբ կսպառվեն Հայաստանի ներքին ռեսուրսները, որոնք դեռևս չեն սպառվել։
«Դրանից առաջ նախ պետք է հասկանանք, թե դա (նկատի ունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը- խմբ․) իրենից ինչ է ներկայացնում։ Օրինակ՝ ես դա Վարչական դատարանում վիճարկել էի որպես վարչական ակտ։ Որովհետև վարչական մարմնի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը կար, ու էլ ինչու է դա վարչական ակտ, քանի որ ուղիղ ձևով տրամադրում կամ սահմանափակում է սովորական քաղաքացիների իրավունքները՝ վարչական ակտով։ Բայց շատերն ասում են, որ դա վարչական ակտ չէ։ Մեկն ասում է, որ դա միջազգային պայմանագիր է, բայց միջազգային պայմանագիրը պետք է ունենա հավելվածներ։ Մեկն ասում է՝ դա ուղղակի հայտարարություն է։ Բայց, ճիշտ հասկացեք, ուղղակի հայտարարությունը չի կարող սահմանափակել իմ կամ Ձեր իրավունքները։ Ուղղակի հայտարարության հիմքով տասնյակ բնակավայրեր չի կարելի հայաթափել։ Ու ցավն այն է, որ դրան բոլորն են կողմ։ Հայաստանում մարդ չկա, որ իսկապես դեմ լինի դրան»,- ասաց նա։
Հեքիմյանն այդուհանդերձ հարցին նայում է այդ ստորագրությունը չդնողների տեսանկյունից։
«Ես հասկանում եմ՝ ինչի, օրինակ, Քոչարյան Ռոբերտի ղեկավարած ուժը գործնական քայլեր չի անում։ Որովհետև կա Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։ Այդ կոնտեքստում կարելի է հասկանալ նաև «Հանրապետականին», «Դաշնակցությանը» և այլն։ Բայց ես, օրինակ, չեմ հասկանում իրենց անկախական կամ հակառուսական հայտարարող քաղաքական ուժերին, որոնք գործնական քայլերի չեն դիմում։ Կամ պատասխանատվություն չեն ուզում կրել, կամ չեն հավատում, որ կստանան արդյունք։ Ես հակված եմ մտածել երկրորդ տարբերակի ուղղությամբ։ Բայց այդ դեպքում էլ այլ հարցեր են առաջանում․ բա եթե քաղաքական ուժ ես ու ինքդ չես հավատում ինչ-որ բանի, ժողովո՞ւրդը ձեզ ինչպե՞ս հավատա»,- եզրափակեց նա։
Այս առումով՝ Հեքիմյանը փաստաթղթի դեմ հայտարարությունները բնորոշում է որպես ամենասովորական մանիպուլյացիա։