«Պետք չէ մեկը մյուսին հակադրել, քանի որ երկուսն էլ կարևոր են կրթական համալիրը ևս պետք է, քանզի ապագան կրթված սերնդինն է, որոնց դժվար կլինի և մանիպուլացնել, և խաբել, և կառավարել»։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով այն մասին, որ Կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Սյունիքի մարզում նոր կրթահամալիրների ստեղծմանը։
Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։ Խոսելով կրթության զարգացման համար հատկացվող գումարից Նահապետյանն ասաց.
«Սա ինքնին կարևոր է։ Իսկ դիրքերի համար ինժեներական աշխատանքներ կատարել և բավարար չափով Հայաստանի սահմանի պաշտպանունակությունը բարձրացնել դա այլ խնդիր է։ Կարծում եմ դրանք տարբեր հոդվածներով են, քանզի պաշտպանական ծախսերը հիմնականում տնօրինում է Պաշտպանության նախարարությունը, կրթականը՝ ԿԳՄՍ նախարարությունը։
Առաջնահերթությունը, բնականաբար, որտեղ որ կա մարտահրավեր, կա սպառնալիք։ Այսօր առաջնահերթ մարտահրավեր, իհարկե, սահմանների ամրությունն է, պաշտպանունակության բարձրացումն է»,- ասաց Նահապետյանը։
Ըստ Նահապետյանի պետք չէ կրթության զարգացումն ու երկրի պաշտպանությունը հակադրել միմյանց. «Ես հակադրելու իմաստ չեմ տեսնում, միգուցե, պլանավորած է եղել Սյունիքում այդ ներդրումները կատարել կրթական համակարգի, դպրոցներ մանկապարտեզներ ուսուցման այլ կենտրոններ կառուցելու համար։ Ես ուղղակի չեմ տիրապետում տեղեկատվության առ այն, որ միգուցե այն գումարը, որը հատկացվել է՝ վաղուց է պլանավորված եղել»։
Ռազմական փորձագետի խոսքով պետությունը նախ և առաջ պետք է ապահովի անվտանգություն քաղաքացիների համար, քանի որ առաջնայինն ապրելու իրավունքն է։
«Բնականաբար մարդու համար առաջնայինն ապրելու իրավունքն է, և այդ իրավունքն ապահովում է այն դեպքում, երբ որ երկրիդ սահմաններն ապահովել են, առավել ևս, որ մեր հակառակորդը պարբերաբար հիշեցնել է տալիս, որ ինքը ցանկություն ունի այդ տարածքների նկատմամբ որոշակի ագրեսիա իրականացնել, և որոշ տարածքներ վերցնել։
Ես համակարծիք եմ այդ առումով, քանի որ մեր երկրի առաջնահերթությունը սահմաններն են, ուղղակի ես չգիտեմ այս պահին սահմաններին տրամադրվող ոչ գումարի չափը, որովհետև, մեծ հաշվով, դա իր մեջ պետական գաղտնիք է պարունակում և, ըստ այդմ, հրապարակայնացման ենթակա չէ, թեև կա տեղեկատվություն, որ սահմաններում կոնկրետ Վարդենիսից մինչև Կապան, որտեղ հակառակորդը կոնկրետ ագրեսիա է իրականացրել, իհարկե, առաջնահերթը դա ամրացնելն է, թեև հակառակորդը, նույնիսկ, թույլ չի տալիս ինժեներական տեխնիկա աշխատեցնել: Երբ մեր կողմից ինժեներական տեխնիկա է աշխատում հակառակորդը դա թիրախի տակ է վերցնում»,- ասաց նա ։
«Կրթություն ստանալու իրավունքը ևս կարևոր է, բայց առաջնահերթն ապրելու իրավունքն է, իսկ ապրելու իրավունքն ամուր և պաշտպանված սահմաններն են»,- ընդգծեց Նահապետյանը։