Ներքին 3 տարի առաջ - 10:53 03-11-2022

Հայ ուսանողներն ամենաբարձր տեղերն են գրավել ճարտարապետության և դիզայնի ոլորտների դիպլոմային աշխատանքների միջազգային մրցույթում

Երիտասարդ հայ ճարտարապետները և դիզայներները մրցանակային ամենաբարձր տեղերն են գրավել ՌԴ Կազան քաղաքում անցկացված Ճարտարապետության և դիզայնի ոլորտներում դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատես-մրցույթում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նրանց շնորհավորելու նպատակով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կազմակերպվել է պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը:

Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև համալսարանի ղեկավար կազմին՝ միջազգային ասպարեզում մասնագիտական բարձր նվաճումների համար: Երիտասարդ մասնագետներին հաջություն մաղթելով աշխատանքային գործունեության ընթացքում՝ Արմեն Ղուլարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց ունակությունները և ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Հայաստանի բնակավայրերի կառուցապատման պատասխանատու գործում՝ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

Կազանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմակերպած մրցույթին մասնակցել էին ճարտարապետական 58 բուհեր, որոնցից 5-ը՝ ԱՊՀ երկրներից: Ներկայացված 699 աշխատանքներից 20-ի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների բակալավրի, մագիստրատուրայի ուսանողներն ու շրջանավարտներն էին: Բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանի խոսքով՝ տարիներ շարունակ միջազգային այս մրցույթին հաջողությամբ մասնակցած հայաստանյան մասնագիտական բուհն այս անգամ աննախադեպ արդյունք է գրանցել. ավարտական 20 աշխատանքից 18-ը զբաղեցրել են առաջին տեղ, իսկ երկուսը՝ երկրորդ:

Աշխատանքներից մի քանիսը հակիրճ ներկայացվել են նաև պարգևատրման արարողության ժամանակ, որի ավարտին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և համալսարանի ռեկտորը միջազգային մրցույթի դիպլոմներն են շնորհել աշխատանքների հեղինակներին և նրանց ղեկավարներին: Վերջիններս պարգևատրվել են նաև Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագրով:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի