Ներքին 4 տարի առաջ - 14:41 02-11-2022

«Ֆեյսբուք»-ը նոյեմբերի 1-ից սահմանափակել է ֆիզիկական անձանց կողմից դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները

Խնդրահարույց համարելով ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները՝ «Ֆեյսբուք»-ը իր հարթակում նոյեմբերի 1-ից սահմանափակել է դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է՝ հարթակը խնդիրներ է տեսել ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները վերահսկելու գործում:

«Հարթակը չի ուզում պատասխանատվություն կրել ֆիզիկական անձանց համար: Եթե դրամահավաքն իրականացնում է կազմակերպությունը, ապա ինչ-որ չափով «Ֆեյսբուք»-ը հրաժարվում է պատասխանատվությունից՝ այն թողնելով կազմակերպության վրա: Այս միջոցով վերահսկումն ավելի լավ է ստացվելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում, նշել է Մարտիրոսյանը:

Հայաստանում «Ֆեյսբուք»-ի հարթակում դրամահավաքներ են իրականացվում հիմնականում բարեգործական, առողջապահական և ռազմական նպատակներով: Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանը դրամահավաքներ իրականացնելու այլ հարթակներ ունի, սակայն դրանք հանրությանն ավելի հասանելի դարձնելու ու զարգացնելու կարիք կա:

««Ֆեյսբուք»-ի հնարավորություններն ունեցող այլընտրանքային հարթակ այս պահին չկա: Բայց ամեն դեպքում պետք է մտածել սեփական հարթակների զարգացման մասին»,- ասել է Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուք»-ի հարթակում մի քանի խոշոր դրամահավաք կազմակերպած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը ընդգծում է՝ ֆեյսբուքյան դրամահավաքները հատկապես մեծ թափ ստացան 44-օրյա պատերազմից հետո: Հարթակը հարմար էր արագ դրամահավաք կազմակերպելու համար:

«Դեռևս 2020 թվականի մարտից՝ նախքան Արցախյան վերջին պատերազմը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։ Դրա համար հարթակում դրամահավաք կազմակերպեցինք:

Երկրորդ դրամահավաքը Կարեն Վարդանյանի անվան «դրոնների օդանավակայան» կառուցելու նպատակով էր: Հետագայում ավելի փոքր ծավալի դրամահավաքներ ենք կազմակերպել»,- պատմել է նա:

Վերջինս նշեց՝ սահմանափակման հետևանքով հետաքրքիր նախագծերին և ծրագրերին արագ արձագանքել չի հաջողվի. դրամահավաքների գործընթացը դանդաղելու է:

Չնայած առկա խնդիրներին՝ «ռեԱրմենիա» հարթակն առաջարկում է այլընտրանք՝ հնարավորություն տալով այս կամ այն ծրագրի վերաբերյալ դրամահավաքները իրականացնել իրենց օգնությամբ: «Ֆեյսբուք»-ի սահմանափակումները ստիպել են վերակազմակերպել ընկերության գործիքակազմը:

«Մշակել ենք հեշտացված ընթացակարգ այն անձանց համար, ովքեր դրամահավաքներն իրականացնում էին «Ֆեյսբուք»-ում: Նախագիծը մանրամասն ուսումնասիրելուց հետո եռօրյա ժամկետում հաստատում ենք այն: Եթե «Ֆեյսբուք»-ը այս կամ այն նախագծի դրամահավաքից միջնորդավճար էր պահանջում, ապա մեր հարթակում հավաքված ողջ գումարը մնում է նախագծին»,- նշեց «ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը:

Հարթակը եռալեզու է, նախագծի հաստատումից հետո դրա հեղինակի կամ հեղինակների հետ աշխատում է կազմակերպության կողմից նշանակված անձը, ով համակարգում, վերահսկում է նախագիծը և ամբողջ պրոցեսը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»