«Հոկտեմբերի 31-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից որևէ ակնկալիք էլ չունեմ»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հայտնելով, որ հանդիպումն առավելապես ձևական բնույթ է կրելու՝ հատկապես հայկական կողմի համար։
Ըստ փորձագետի, սակայն, այն բոլորովին ձևական չի լինի մյուս երկու կողմերի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի համար։
«Ռուսաստանը փորձում է վերջնականապես ճշտել, թե Հայաստանն ինչի է պատրաստ և որ տարբերակով է գնալու՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական։ Հայաստանի՛ ղեկավարի համար այն պրոտոկոլային բնույթ ունի։ Ինքը փորձում է խաղալ այդ երկու տարբերակների մեջ։ Հայաստանը ներկայացնող անձի խնդիրն է հնարավորինս երկարաձգել այդ պայմանագրի ստորագրման գործընթացը, մինչև տեսնի՝ աշխարհում ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։ Իսկ Ադրբեջանը շտապում է։ Այդ երկրին պետք է հնարավորինս արագ կնքել այդ պայմանագիրն ու լուծել 2 խնդիր․ մի խնդիրն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, երկրորդը, որն իր համար այս պահին ավելի կարևոր է, միջանցքը։ Այսինքն, որպեսզի նաև այդ միջանցքը հնարավորինս զերծ լինի հայկական, և եթե հնարավոր է, ռուսական վերահսկողությունից»,- ասաց նա։
Այլ կերպ ասած՝ ըստ փորձագետի, Ադրբեջանն այսկերպ նպատակ ունի հասնելու Սյունիքի նկատմամբ վերահսկողության։
«Ադրբեջանը շտապում է, որովհետև կարող են աշխարհում լուրջ փոփոխություններ լինել՝ ուկրաինական խնդիրն է, Ամերիկայում ընտրություններ կան, ընտրություններ են սպասվում Թուրքիայում։ Ահա այդ ամեն ինչը կարող է իրավիճակ փոխել։ Իր համար ամենաբարենպաստ վիճակն է, որպեսզի փորձի ստիպել նման մի պայմանագիր կնքել»,-ասաց նա։
Փորձագետը տեսակետ հայտնեց, որ փաստաթղթի որ տարբերակն էլ ՀՀ իշխանությունները ստորագրեն, Հայաստանի հասարակության կողմից ընկալվելու է որպես պարտություն, ինչը կարող է բերել իշխանության ճգնաժամի և որոշում կայացնող մարդկանց անվտանգության խնդիրներ առաջացնել։
«Ե՛վ ռուսական և՛ արևմտյան տարբերակում իրենք խնդիրներ ունեն։ Փորձում են այդ երկու ուժերին՝ Արևմուտքին և Ռուսատանին բերել որոշակի հակասությունների և հակամարտության՝ դա պատճառաբանել նրանով, որ իրենք երկու կողմից ճնշումների տակ են և չեն կարողանում որևէ թուղթ ստորագրել ու երկարաձգել դա։ Բայց հիմա իրենք իրենց անխոհեմ դիվանագիտության գործունեությամբ բերել են մի այնպիսի վիճակի, որ դա այլևս որևէ արդյունք չի տա։ Արդյունքը կարող է լինել այն, որ գործող կառավարությունը հրաժարական տա, կամ ինչ-որ աննախադեպ դեպքեր կատարվեն, որոնք արդյունքում կբերեն կառավարության տապալմանը կամ հրաժարականի»,- ասաց նա։
Գործող իշխանությունն, ըստ քաղաքագետի, այս առումով հայտնվել փակուղու մեջ։
Հարցին, թե արդյոք մինչև այդ գործողություններն իրենք չէին գիտակցում հետևանքները, քաղաքագետը շտկում արեց․ «Նախ, եկեք «իրենք» բառը չօգտագործենք։ Այդ ամեն ինչն անուն-ազգանուն ունի։ Դա Հայաստանի վարչապետն է, որը միայնակ որոշումներ է կայացնում ու մտնում է այդ որոշումների պատասխանատվության տակ։ Գիտակցում են, թե չեն գիտակցում, չգիտեմ, բայց այս տարվա ընթացքում տեսանք բազմաթիվ գործողութուններ, որտեղ այդ գիտակցումն ու քայլերն իրար հետ շատ քիչ ընդհանրություններ ունեն։ Էմոցիոնալ ինչ-որ որոշումներ, աբսուրդային հայտարարություններ, որոնցից մեկն այս վերջինն էր, որ ահասարսուռ՝ զենքերից ինչ-որ կլապաններ են գողանում և այլն։ Ինչ-որ բաներ, որոնք հետագայում ապացույց չեն ունենում։ Ասում են՝ «մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս եկել։ Բայց իրենց առաջին քայլն էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրով – խմբ․), որը մեր ներկայացուցիչն էր, ձերբակալելն է լինում։ Հետո այդ գործը պարզ չէ՝ ինչ ելք ունեցավ։ Անցել են տարիներ, էդ մարդու դատը չի եղել։ Ես չեմ ասում՝ ՀԱՊԿ-ը լավ կազմակերպություն է, շատ դեպքերում այն իմիտացիոն, չկայացած կազմակերպություն է։ Բայց, համենայն դեպս, ադ գործողություններում ու հայտարարություններում գիտակցական ու տրամադրված կապ գտնելը շատ դժվար է»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ իշխանությունների գործողություններում գիտակցության խնդիր կա՝ հաշվի առնելով, որ իշխանությունները գործողությունների դիմում են էնոցիոնալ դաշտով առաջորդվելով։
«Էմոցիոնալ, չտրամաբանված ինչ-որ գործողություններ ու քաղաքականություն են վարում։ Չնայած, քաղաքականություն վարել արտահայտությունը շատ ամպագոռգոռ է հնչում։ Անհասկանալի ինչ-որ բաներ են կատարվում, որոնք բացատրություն չունեն։ Դրա համար այն հարցին, թե գիտակցում են, թե՝ ոչ, չեմ կարող հստակ պատասխանել»,- ասաց նա։
«Հայաստանում ստեղծված իրավիճակը կարգավորելու ելքի մասին այսօր շատ դժվար է խոսել։ Բայց դա կարող է լինել այս կառավարության հրաժարականը և ինչ-որ նոր կառավարության ձևավորումը։ Ավելի կոնկրետ՝ այդ անձը պետք է հեռանա, թեկուզ այս իշխող թիմից որևէ մեկ այլ անձ գա, որի հետ հնարավոր լինի խոսել ընդհանրապես, որը հանրության կամ փորձագիտական շրջանակների կարծիքը լսի կամ քննարկումներ լինեն։ Համատեղ որոշումներ կայացվեն»,- ասաց փորձագետը։